Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ եք հոգևորականների մասնավոր տեսակետները շուռ տալիս ու բերում Հայ Եկեղեցուն կպցնում

Հունիս 10,2025 13:45

Տեսակետ կա, որ պետք է արհամարհել ու չարձագանքել վարչապետի ֆեյսբուքյան գրառումներին, սակայն դա նույնպես վտանգավոր մարտավարություն կարելի է դիտարկել, նկատի ունենալով, որ Պետություն-Եկեղեցի հակամարտությունը տեղեկատվական դաշտից աստիճանաբար կարող է դուրս գալ փողոց և  ողբերգական ընթացք ունենալ։

Տարբեր անհատների կողմից բազմաթիվ փորձեր են արվել հաշտեցնելու կամ գոնե հասարակական քննարկումներից տեղափոխվելու քաղաքակիրթ երկխոսության դաշտ, սակայն  միշտ դրանք ձախողվել են հենց վարչապետի Եկեղեցու նկատմամբ ունեցած անհիմն թշնամական վերաբերմունքի պատճառով, ինչը նա և իր համախոհները հիմնավորում են Միքայել և Բագրատ սրբազանների որոշ, ըստ իրենց, խնդրահարույց հայտարարություններով։ Բազմիցս ասվել է, որ որևէ հոգևորականի ասված խոսքի պատասխանատուն հենց այդ հոգևորականն է և ոչ թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Եթե, ըստ իշխանական քարոզիչների, Միքայել սրբազանի կողմից ռազմական հեղաշրջում կատարելու կոչն իր մեջ հանցակազմ է պարունակում, ապա ինչո՞ւ հենց իրեն չեք խնդրում, որպեսզի հիմնավորի իր հայտարարությունը, ինչը նա շատ հստակ կարող է անել, կամ եթե Բագրատ սրբազանը հայտարարել է, որ որոշ ուժային կենտրոններից իրեն ինչ որ տեղեկություններ են հաղորդել, ապա ինչո՞ւ դրա մասին բացատրություն չեք պահանջում հենց Բագրատ սրբազանից, որը վստահ եմ, ձեզ շատ հիմնավոր բացատրություններ կարող է տալ։ Ինչո՞ւ եք հոգևորականների մասնավոր տեսակետները շուռ տալիս ու բերում Հայ Եկեղեցուն կպցնում։ Հայ Առաքելական Եկեղեցին ասում է այն, ինչ հրապարակվում է Գերագույն Հոգևոր Խորհրդի կամ եկեղեցական հանձնաժողովների որոշումներից բխած հայտարարություններում, իսկ այն ինչ ասում են Միքայել ու Բագրատ սրբազանները կամ որևէ այլ հոգևորական, դա իրենց պատասխանատվության տարածքից չի կարող դուրս գալ ու հասնել Ամենայն Հայոց Հայրապետի կամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք։

Գենադի Մնացականյան

Ուստի, կարծում եմ, վարչապետը շատ լավ գիտակցում է այս ամենը և գիտակցաբար ու դիտավորյալ արշավ է կազմակերպում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Ասում եք՝ Եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, սակայն չեք ուզում ընդունել այն պարզ բացատրությունը, որ Եկեղեցին կամ հոգևորականները ինչքան էլ քաղաքական հայտարարություններ կատարեն՝ դրանք ոչ մի կերպ իշխանության հասնելու կամ պետական պաշտոններ ստանձնելու նպատակով չեն արվում, դրանց միակ նպատակը հասարակական համերաշխության ապահովումն է։

Սակայն դուք փակել եք ձեր ականջներն ու աչքերը և բացել եք ձեր բերաններն ու լուտանքներ եք թափում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա ազգընտիր Գահակալի հասցեին։ Դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է և պետք է վերջ տալ խայտառակ ընթացքին ու ընտրել հարցի լուծման քաղաքակիրթ ճանապարհը, որ մարդկության ստեղծումից ցայսօր մնում է երկխոսությունն ու փոխադարձ հարգանքը։

Այդուհանդերձ ուզում եմ դեռ հույս փայփայել, որ առողջ տրամաբանությունը դեռևս ամբողջովին չի լքել վարչապետին ու նա կարող է վերանայել իր ապազգային ու հակաեկեղեցական ընթացքն ու գտնել այն ճանապարհը, որը կբերի ոչ թե եղբայրասպանության, այլ եղբայրասիրության ու համերաշխության։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30