Բլոգեր Արթուր Չախոյանի դեմ մահափորձի գործով դատական նիստն այսօր կրկին հետաձգվեց:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ այս գործով նիստերը վերջին շրջանում, ըստ Չախոյանի, պարբերաբար տեղի չեն ունենում, հետաձգվում են: Պատճառը, ըստ մեր զրուցակցի, գործով մեղադրյալ Էդգար Կուչուկյանի՝ նիստերին անհիմն չներկայանալն է:
«Այս անգամ բարեկամի մահվան պատճառով չէր ներկայացել: Վերջին ընթացքում նիստերը պարբերաբար տեղի չեն ունենում, ամեն անգամ մի պատճառաբանություն է մեղադրյալը բերում ու չի ներկայանում: Այն անգամ էլ հայտնել էր, թե առողջական խնդիրներ ունի, չէր ներկայացել, բայց դատարան չէր ներկայացրել բժշկից տեղեկանք: Նիստերը ձգձգելու միտում եմ տեսնում»,- մեզ հետ զրույցում ասաց Չախոյանը:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ դատաքննությունը մտել է կողմերի ավարտական ճառերի փուլ, մեղադրյալը հրաժարվել է դատարանում ցուցմունք տալուց:
Կարդացեք նաև
Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 9-ին:
Հիշեցնենք, որ Էդգար Կուչուկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2023 թվականի հոկտեմբերի 09-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Գայի պողոտա 43-րդ շենքի 3-րդ շքամուտքի մոտ, քննությամբ չպարզված երկու այլ անձանց հետ, մոտեցել է Արթուր Չախոյանին և հարցրել «չճանաչեցի՞ր ինձ», ինչին ի պատասխան՝ վերջինս հայտնել է «ոչ», որից հետո տրված պատասխանը որպես առիթ օգտագործելով, ինքնությունները չպարզված անձանց հետ, խմբի կազմում, գիտակցելով և փոխլրացնելով միմյանց գործողությունները, խուլիգանական դրդումներով, այն է՝ չնչին առիթով, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հարձակվել են Արթուր Չախոյանի վրա, ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող՝ ստորին շրթունքի արյունազեղման, որովայնի, զույգ ծնկան հոդերի շրջանների քերծվածքների:
Որից հետո, Էդգար Կուչուկյանը և չպարզված երկու անձիք դիմել են փախուստի, ինչի ընթացքում Էդգար Կուչուկյանին մոտենալուց հետո, վերջինս ոտքի է կանգնել և գրպանից հանելով դանակը՝ հարվածներ է հասցրել Ա. Չախոյանի որովայնի ձախ հատվածին և զույգ դաստակների շրջաններին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող՝ կրծքավանդակի ձախ կեսի քերծվածքի և զույգ դաստակների շրջաններին կտրված վերքերի ձևով մարմնական վնասվածքներ:
Ի դեպ, Արթուր Չախոյանը մեզ հետ զրույցում հիշեց, որ դեռ նախաքննության փուլում էլ վարույթ իրականացնող մարմինը անհրաժեշտ գործողություններ չարեց, որ Կուչուկյանի հետ հանցանք կատարած մյուս երկու անձանց ինքնությունը բացահայտի. «Ուղղակի չեն ցանկացել բացահայտել: Նույնիսկ առաջին օրը Կուչուկյանին չձերբակալեցին, նույնիսկ նրանից հեռախոսները չառգրավվեցին, որ զննություն կատարեն: Դեպքի վայրից տեսախցիկները չառգրավվեցին: Այս դեպք ամբողջապես չբացահայտեցին, ծածկադմբոց ուղղակի արեցին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ