Լրահոս
Օրվա լրահոսը

Նույն կերպ ադրբեջանցիները վարչապետի ելույթներն են վերցնում ու հանրայնացնում, ինքը գնալու է Նիկոլ Փաշինյանի հետ խոսելո՞ւ, ասի նյութեր է տալիս ու մահափորձ կատարի՞. Չախոյան

Հոկտեմբեր 12,2023 18:12

Հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող Արթուր Չախոյանը, որը օրեր առաջ դանակով զինված երեք անծանոթի կողմից հարձակման էր ենթարկվել, կասկածներ ունի, որ իր նկատմամբ մահափորձի գործը իրավապահները ամեն գնով փորձում են կարճել:

«Որովհետեւ իմ վրա տեղի ունեցած հարձակումը եղել է երեք անձի կողմից, իսկ քննչականը ներկայացնում է մեկ անձի կողմից կատարված հարձակում՝ պարզաբանելով, թե այդ անձը հայտնել է, որ ես ադրբեջանցիներին տեղեկատվություն եմ տրամադրում, դրա համար եկել է ինձ տեսնելու։ Բա մնացած երկուսն ինչի՞ համար էին եկել: Շատ գրագետ ձեւով մեկին են առաջ բերում, մյուս երկուսին արանքից հանում են, բայց այդ երկու անձինք ովքե՞ր են, կարող է հենց երկուսն էլ ադրբեջանցի են եղել»,- ասաց Չախոյանը:

Նրա խոսքով, ինքը պատրաստ է իր համակարգիչը, բջջային հեռախոսը, էլեկտրոնային սարքերը տրամադրել ԱԱԾ-ին՝ զննության համար. «Թող զննեն, տեսնեն՝ ես ոնց եմ ադրբեջանցիներին, իրենց ասած, նյութ ուղարկում: Դա զրպարտություն է: Պարզ է, չէ՞, հո չէին ասելու, որ հարձակումը իմ հասարակական գործունեության հետ կապ ունի, դեռ կարող էին ավելի անհեթեթ պատճառներ ասել, օրինակ, որ անցնելուց թարս եմ նայել, եկել են հետս խոսելու: Ուշ ժամին հետս ի՞նչ է խոսել, ոչինչ չի խոսել, եկել, խփել է: Արթո՛ւր, Արթո՛ւր, չճանաչեցի՞ր, ասացի՝ չէ ու խփեց: Մարդը գալիս է խոսելու դանակով, հա՞ ու էդ նորմա՞լ է: Այս դեպքերից հետո ես ինձ անվտանգ չեմ զգում, մնացած երկու անձանց ինքնությունն ինձ հայտնի չէ, ես փողոցով քայլեմ ու երկու հոգի տեսնեմ, չճանաչեմ, ի՞նչ իմանամ՝ ովքեր են, կարող է էլի իրենք են, նորից եկել են մահափորձ անեն»:

Մեր զրուցակիցը պատմեց, որ իր ՖԲ էջում որոշ ժամանակ առաջ լայվ է մտել, թե ինչպես է Գորիսում Արցախից բռնի տեղահանվածներին օգնում՝ ադրբեջանցիներն իր այդ տեսագրությունը վերցրել էին ու մոնտաժելով՝ այլ մեկնաբանությամբ հանրայնացրել. «Ադրբեջանցիների տեսահոլովակի մեջ միայն իմ նյութը չի եղել, ուրիշ մարդկանց նյութեր էլ են եղել: Բա ինչո՞ւ է էդ տղեն միայն իմ մոտ եկել, կամ էդ եղավ ես ադրբեջանցիներին նյո՞ւթ եմ տրամադրում: Նույն կերպ վարչապետի ելույթներն են ադրբեջանցիները վերցնում, մոնտաժում ու հանրայնացնում, նույն հետեւանքով ինքը գնալու է Նիկոլ Փաշինյանի հետ խոսելո՞ւ, ասի նյութեր է տալիս ու մահափորձ կատարի՞»:

Ըստ Քննչական կոմիտեի՝ հոկտեմբերի 9-ին երեկոյան, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Չախոյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Գայի պողոտայի շենքերից մեկի շքամուտքի մոտ երեք անհայտ անձինք հարձակվել են իր վրա, սպառնացել, հարվածներ հասցրել, ինչի արդյունքում ինքն ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ նրանք դիմել են փախուստի: Այդ ընթացքում նրանցից մեկը, ով սայթաքել և ընկել է, դանակով փորձել է հարվածել իրեն, սակայն ինքը, նրա ձեռքից բռնելով, խլել է այն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել առերևույթ դանակով հարձակված անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ։

Նույն օրը, երեկոյան, ավելի ուշ, հաղորդում է ստացվել է նաև Երևան քաղաքի նշված բնակչից, որ ինքը, տեղեկանալով, որ կա անձ, ով տեսանյութեր ու ինչ-որ ինֆորմացիաներ է, ուղարկում ադրբեջանցիներին, փորձել է հանդիպում ունենալ նշված անձի հետ, ում ինքն անձնապես չի ճանաչում:

Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդման, կոնֆլիկտ է առաջացել, ինչի հետևանքով ինքն ստացել է մարմնական վնասվածքներ:

Առաջին հաղորդման հիման վրա, ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, իսկ երկրորդ հաղորդման հիման վրա՝ 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում՝ համատեղ քննություն կատարելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031