«Երկու ամսվա ընթացքում ստեղծել ենք աշխատանքային խմբեր, մեր աշխատանքներում որոշակի հաջողությունների ենք հասել։ Արցախի մեր հայրենակիցների բնակարանային ծրագրի վերաբերյալ հետեւյալը կնշեմ՝ ինչպես գիտեք, կային գոտիներ՝ 3, 4, 5, բայց այժմ ունենք որոշակիորեն բարեփոխված տարբերակ , եւ եւս 158 բնակավայր ներգրաված է լինելու 4 միլիոնանոց գոտու մեջ։ Դրանք հիմնականում Կոտայքի, Արագածոտնի, Արարատի մարզերում են լինելու, որտեղ ապրում են 13207 արցախցիներ»,- նշեց «Արցախի երիտասարդական թև» ՀԿ-ի նախագահ Նժդեհ Իսկանդարյանը՝ «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» ասուլիսի ժամանակ, որի ընթացքում ամփոփվեցին Կառավարության և Խորհրդի փորձագիտական խմբերի հետ վերջին շաբաթներին կայացած հանդիպումները։
Նժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Արցախի պետնախարար. «Չէի կարող խոսել պետական ինստիտուտների դերի մասին և ստանալով առաջարկ՝ ինքս լքել այդ շարքերը: Ես իմ ունակությունների ու կարողությունների շրջանակներում կանգնած եմ լինելու պետականության կողքին»:
Ի թիվս այլնի՝ նա ասաց, որ Արցախից զոհվածների 82 ընտանիքներ բնակարանային խնդիրներ ունեին, որոնք Արցախի Հանրապետությունն իր վրա էր վերցրել ժամանակին։ «Այսօր բանակցությունների արդյունքում հասել ենք նրան, որ այդ խնդիրները պատրաստ է իր վրա վերցնել Հայաստանի կառավարությունը։ Միեւնույն ժամանակ՝ բնակարանային ծրագրի շրջանակներում հասել ենք նրան, որ այն ընտանիքները, որոնք ցանկություն ունեն կառուցապատում իրականացնելու, իրենց սերտիֆիկատներով կարող են անել։ Նախկինում նրանք կարող էինք այդ սերտիֆիկատով հողատարածք գնել, որի շեմը այժմ կազմում է 4 մլն դրամ»,- նշեց Արցախի պետնախարարը։
Նա արցախահայերի հիփոթեքներին էլ անդրադարձավ․ «Նախկինում արցախցիներին հնարավորություն էր տրվում սերտիֆիկատով վճարումները կատարել 10 տարվա ընթացքում, այժմ այդ թույլտվության ժամկետը դարձել է 20 տարի»։ Նժդեհ Իսկանդարյանն ընդգծեց, որ ճիշտ է՝ ինչ-ինչ հաջողություններ ունեն, բայց ընդհանուր առմամբ այն փոփոխությունները, որ սպասում են արցախցիները, ամբողջությամբ չեն կատարվել։ Նա նաեւ լրջագույն որակեց արցախցիներին քաղաքացիության հետ կապված խնդիրները։
Կարդացեք նաև
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը նշեց, որ արցախցիների սոցիալական խնդիրների հետ կապված համաձայնել են քննարկումներ ունենալ կառավարության հետ․ «Արցախցիների կենսական նշանակություն ունեցող խնդիրները պետք է լուծվեն։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ մինչեւ արցախահայությունը բնակարանով չապահովվի եւ բնակարանային ծրագիրը մատչելի չլինի մեր բոլոր հայրենակիցների համար, բնակվարձի աջակցության ծրագիրը չպետք է դադարեցվի․․․»։
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ