Նիկոլ Փաշինյանին եւ նրա ղեկավարած կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի համար անհրաժեշտ ձեւաթուղթը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն իրենց ստորագրություններով հրապարակել են ֆեյսբուքյան էջերում:
Իսկ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ իմպիչմենտի գործընթացի մասով մոտ 1,5 ժամ տեւած բանակցությունների ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց․ «Բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են ասել, որ այս գործընթացը կես տարով կապահովագրի Նիկոլ Փաշինյանին, 24 ժամում հնարավոր չէ եւ այլն, ևս մեկ անգամ հորդորում եմ՝ ծանոթանալ մեր հայտարարություններին։ Մենք շարունակելու ենք ստորագրությունները հավաքել եւ դրանք մուտք ենք անելու ԱԺ ոչ թե 36 պատգամավորների ստորագրությունների լրանալուն պես, որը պահանջվող նվազագույնն է օրենքով սահմանված, այլ շարունակելու ենք՝ ավելի իրատեսական դարձնելու համար»։
Հայկ Մամիջանյանը հայտարարեց՝ ամենատարբեր հարթություններում աշխատանքներ են տարվում եւ ՀՀԿ-ի հետագիծը հուշում է, որ իրենք առանց ծրագրի երբեք չեն գործում։
Կարդացեք նաև
«Ես վստահ եմ, երեկ նախագահ Սարգսյանն էլ այդ մասին խոսեց, մենք մեր նախաձեռնությանը վստահում ենք եւ կկարողանանք այն հասցնել իր ավարտական կետին։ Այս 7 տարիների ընթացքում ՀՀԿ-ն երբեք չի մտածել՝ իսկ ինչքանո՞վ է հավանական այսինչ բանը՝ ինչ-որ գործընթացի մեջ ներգրավվելով»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ի պարտքն ու առաքելությունն է եղել եւ մնում՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի պայքարելը։
Խորհրդարանում մեկնարկելիք գործընթացին զուգահեռ՝ ՀՀԿ-ն նաեւ փողոցում դժգոհության ցույցեր կգեներացնի։ Համենայնդեպս, երեկ Մասիսում, վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի կոչով ընդամենը երկու ժամում հավաքված 3 հազարից ավելի բազմությունը իրենց հույս է տալիս, որ փողոցում ևս կհաջողեն։
Ուղիղ հարցին՝ «Հայաստան» խմբակցությունն, ի վերջո, ստորագրելո՞ւ է ձեւաթղթի տակ, թե՞ ոչ, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Վարչապետին անվստահություն հայտնելու ձեւաթղթի տակ առայժմ 6 ստորագրություն կա եւ դրանք «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների ստորագրություններն են»։
Այլ մանրամասները՝ շուտով՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ