Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերիդ մշակույթը, ջերմությունը, խոհանոցը և այլն, ինձ համար հանդիսացան ոգեշնչման աղբյուր և ես այստեղ` Հայաստանում զգացի ինքս ինձ էլ ավելի մոտ»

Հունիս 11,2025 17:23

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երրորդ տարին անընդմեջ տարածաշրջանում իրականացվող «Երևանի բալետային փառատոնը» Թումանյանի անվան զբոսայգում, որն այս տարի մեկնարկեց հունիսի 6-ին, 13-ին կեզրափակվի Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, աշխարհահռչակ Շահար Բինյամինիի խորեոգրաֆիայով Ռավելի «Բոլերո X» և Ստրավինսկիի «Սրբազան գարուն» ներկայացումներով: Մինչ այս, Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնը ներկայացրել էր Ադանի «Ժիզելը» և «Գալա բալետ», իսկ Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» թատրոնը «Շոպենիանա», «Շահերազադա» ու «Գալա բալետ» բեմադրությունները:

Շահար Բինյամինի

Վերջին, գլխավոր փորձից հետո զրուցեցինք Շահար Բինյամինիի հետ, որը դժվարությամբ համաձայնեց, հավաստիացնելով, թե իրեն ներկայացնելու անհրաժեշտություն չի տեսնում, փոխարենն իրեն անհրաժեշտ է զգալ հանդիսատեսի գնահատանքը: Մինչ հարցազրույցը ներկայացնելը՝ մենք էլ հավաստիացնենք, որ բալետային թատրոնների, խմբերի, ընկերությունների կողմից սպասված խորեոգրաֆը ժլատ էր իր պատասխաններում:

-Ձեր ստեղծագործող անհատականությունն այսօր համաշխարհային բեմում հանդես է գալիս որպես յուրատեսակ և անկրկնելի, ապրող ու գործող պարային հանրագիտարան, որտեղ օրգանապես զուգակցվում են արտիստը, պարուսույցը, նոր ուղղությունների փորձարկողը, ժամանակակից համաշխարհային պարային կենտրոնների հետ համակարգված աշխատանքներում: Նույնիսկ հիմնել եք TNUDA գիտահետազոտական խումբը, որտեղ միավորվում են պարողները, պարուսույցները և գիտնականները, ուսումնասիրելով գիտության և շարժման միջև կապը, որն իր հերթին պրոֆեսիոնալ ամենաբարձրակարգ մանկավարժական աշխատանք է: Արդյոք դա Ձեր անհատականության դրսևորո՞ւմն է, թե խիստ անհրաժեշտություն է այդ բոլոր գործոնների համադրումը, ինչը բացահայտ է, որ հազվադեպ մարդկանց կարողություն է: Ի վերջո, դա Ձեր ցանկությո՞ւնն է, թե՞ խիստ անհրաժեշտություն:

-Այդ ամենի սկզբնաղբյուրը ստեղծագործության հանդեպ ունեցած իմ հետաքրքրությունն է ու նաև երևակայության ուժը:

-Ձեր պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ տարբեր երկրներում իրականացված Ձեր բեմադրությունների ոչ միայն թեմատիկան է խիստ բազմազան, այլև բեմադրական ուղղություններն են բազմազան: Կարծես յուրաքանչյուր բեմադրություն նորարարական փորձարկում է: Իսկ Gaga պարային ուղղությունը տիրապետելուց ու տարածելուց հետո` Դուք այդ ամեն ներկայացմամբ, կարծես մի նոր ուղղություն եք ստեղծում: Ի՞նչն է պատճառը, որ Ձեր մոտ այդքան շատ ուղղություններ կան այն դեպքում, երբ շատ բալետմայստերներ իրենց ստեղծագործական կյանքի ընթացքում գործում են միայն մեկ ուղղության սահմաններում:

-Այդ ամենը մեկ նպատակ է հետապնդում, այն է` որ ես կարողանամ ազատ ու անկաշկանդ արտահայտվեմ:

-Դուք լայնորեն կիրառում եք ոչ միայն մարմնական բարձրակարգ պատրաստվածությունը, այլ մեծ տեղ եք տալիս հոգեբանական էքսպրեսիային: Ենթադրում ենք, որ Երևանի բեմում Դուք հանդիպեցիք ոչ միայն բարձրակարգ պրոֆեսիոնալ պարողների, այլ գուցե բացահայտեցիք հարավային ու հայկական ոգու ավյունն ու տաքարյուն տեմպերամենտը:

-Հայերիդ մշակույթը, ջերմությունը, խոհանոցը և այլն, ինձ համար հանդիսացան ոգեշնչման աղբյուր և ես այստեղ` Հայաստանում զգացի ինքս ինձ էլ ավելի մոտ:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Բոլերո» և «Սրբազան գարուն» բեմադրությունները առաջին անգամ կներկայացվեն հուլիսի 17 –ին և 18-ին, մաեստրո՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:

Լուսանկարներում` Երևանի օպերային թատրոնում`Շահար Բինյամինիի փորձերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30