Մանկավարժական համալսարանում ցուցադրվեց «Շարունակվող ճամփորդություն» ֆիլմը՝ նվիրված լրագրող, հրապարակախոս, հասարակական և պետական գործիչ Սերգո Երիցյանին։
Մանկավարժական համալսարանի Հեռուստալրագրության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պետական գործիչ, մանկավարժ, գիտնական Սերգո Երիցյանը կդառնար 68 տարեկան։
Լրագրության և լրագրողական կրթության ասպարեզում մեծ ներդրում ունեցած մարդը, որ նաև բազմաթիվ գրքերի, մասնագիտական ձեռնարկների, գիտական հրապարակումների հեղինակ է, կրթել է ապագա լրագրողների տասնյակ սերունդներ, նրանց փոխանցել տեսական և գործանական լրագրության սեփական փորձն ու վարպետությունը։
Սերգո Երիցյանին նվիրված ֆիլմի դիտմանը ներկա էին բուհի ղեկավար կազմը, նրա ընկերները, գործընկերները, ուսանողները, ընտանիքի բարեկամներն ու մտերիմները։
Ֆիլմի սցենարի հեղինակը ՀՊՄՀ-ի Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ, դոցենտ Լևոն Գալստյանն է, ռեժիսորը՝ նույն ամբիոնի դոցենտ Արսեն Առաքելյանը, իսկ պրոդյուսերը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանը։
Կարդացեք նաև
Օրվա հանդիպումը խորհրդանշական՝ «Վերջին դասը» անվանումն էր կրում․ ինչպես նշեց Լևոն Գալստյանը՝ ուսումնական տարվա ավարտն ու ֆիլմի դիտումը լավ առիթ են ամփոփելու արվածն ու հիշելու կարևոր դասերից մեկը՝ երախտագիտության դասը․ «Դա մեր օրերում փնտրված հատկանիշ է․շատ կուզեմ, որ այդ մասին հիշեն հատկապես մեր ուսանողները՝ մշտապես իրենց մեջ պահելով երախտագիտության զգացումը՝ ծնողների, ուսուցիչների, ավագների, ավանդույթի նկատմամբ, նաև սիրելի դասախոսի, որի հետ ֆիլմի միջոցով շփվելու առիթը կունենաք»:
«Շարունակվող ճամփորդություն» ֆիլմում կիրառվել են հետաքրքիր տեխնոլոգիական հնարքներ, արհեստական բանականության որոշակի գործիքակազմ․ այն տեսախցիկի հայացքով կառուցված պատմություն է, որի «շուրթերից» հնչում է հեղինակի տեքստը։
«Միայն գրքով չես ճանաչի ոչ մարդուն, ոչ՝ այս աշխարհը․ մեր ամբողջ կյանքը ճամփորդություն է, ճամփորդություն, որ կարծես շարունակվում է»,-հնչում է ֆիմի սկզբում, հետո էկրանից պատմություններ են՝ կյանքում կարևոր առաքելություն ստանձնած հերոսի՝ Սերգո Երիցյանի մասին։
Մտավորականներ, պաշտոնյաներ, ուսանողներ, ընտանիքի անդամներ անցյալից ապագա են բերում հիշողություններ ՝ ներկայացնելով Սերգո Երիցյան մարդու, լրագրողի, գիտնականի, քաղաքական գործչի կյանքը, այն մեծագույն բարեխղճությունը, աշխատասիրությունը, շիտակությունը, անկեղծությունն ու սերը, որ կար նրա ապրած յուրաքանչյուր օրվա մեջ։
«Հեռուստատեսությունն իմ կյանքն է»,- ֆիլմում խոստովանում է նաև ինքը՝ Սերգո Երիցյանը․նա էկրան բերեց անկաշկանդ, ազատ, չմկրատված խոսք, հասարական ժողովրդի կարծիքը։
Լևոն Գալստյանը ֆիլմում Սերգո Երիցյանին բնութագրում է համակարգաստեղծ մարդ․ նկատում է՝ հստակ կարելի է արձանագրել, որ Հայաստանում լրագրողական կրթության ակադեմիապես ամուր գիտական հիմքերին կանգնած գիտելիքը ձևավորեց, ձևակերպեց հենց նա։
Հեռուստալրագրության ամբիոնի դոցենտ Արթուր Բաղդասարյանն էլ կարևորեց այն ժառանգությունը, որ ուսանողին թողել է Սերգո Երիցյանը․ նրա շնորհիվ է, որ ապագա լրագրողները, ոլորտով հետաքրքրվածները հնարավորություն ունեցան օգտվել լրագրության տեսության հայալեզու գրականությունից։
ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջունեց ֆիլմի ստեղծագործական խմբի մտահղացումը։ Նա ֆիլմը դիտարկեց որպես շարունակվող ճամփորդություն՝ դեպի անհատականություն Սերգո Երիցյանը, որտեղ ակնդիրն ականատես եղավ անձի ստանձնած բազմաթիվ սոցիալական կարգավիճակներում այն յուրահատուկ դրսևորումներին, որը կարելի բնութագրել երկու բառով՝ հոգածություն և նվիրում: «Ֆիլմում խոսեցին գործընկերներ և ուսանողներ, մարդիկ, որոնք այդ ժամանակաշրջանի Հայաստանի պատմության կերտման կիզակետում էին, նրանք, որոնք ճանաչելով Սերգո Երիցյանին, էկրանից մեզ փոխանցեցին նրա անսահման նվիրումը մարդկանց և իր մասնագիտությանը»:
Պրոֆեսոր Գևորգյանը նկատեց՝ շարունակվող ճամփորդությունը տանում է դեպի նրա գործերը, որոնք միշտ լույս և ներդաշնակություն են սփռում, տանում հայ ընտանիքում հայրական հոգատարության, սիրո ու ջերմության տիրույթ, դեպի քաղաքական գործիչ ու գործընկեր. իր ստանձնած բոլոր սոցիալական կարգավիճակներում նա երջանիկ էր:
Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց ֆիլմի ստեղծողներին և վստահեցրեց, որ այն կօգնի հենց լրագրության բաժնի ուսանողներին, որպես յուրաքանչյուրի մասնագիտական և սրտի արահետ՝ փոխներգործելու, ճանաչելու և շարունակական դասեր քաղելու մասնագիտական տիրույթում։
Հայկական պետական մանկավարժական համալսարան