«Ուզում եմ խնդրել վարչապետ Փաշինյանին հանրային կերպով աջակցել ԱՄՆ ջանքերին՝ ազատ արձակել քրիստոնյա հայ ռազմագերիներին»,-Aravot.am-ի հիշեցմանը՝ մի առիթով նշել էիք, որ շատ ավելին եք սպասում ՀՀ կառավարությունից հայ ռազմագերիների հարցով և հարցին՝ Ձեր սպասումներն արդարացվե՞լ են՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը, այսպես պատասխանեց Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան, ամերիկացի հայտնի իրավապաշտպան Ջարեդ Գենսերը։
Նա վստահեցրեց՝ շարունակելու ենք պայքարել ամեն օր․ «Սպիտակ տան դիրքորոշումը հստակ է։ Պարզ է, որ ԱՄՆ կառավարության սպասելիքն այն է, որ հայ ռազմագերիները ազատ արձակվեն նույն ժամանակահատվածում կամ մինչև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև որևէ համաձայնագրի ստորագրումը։ Ես ուզում եմ խնդրել վարչապետ Փաշինյանին հանրային կերպով աջակցել ԱՄՆ ջանքերին՝ ազատ արձակել հայ քրիստոնյա ռազմագերիներին և ոչ պասիվ կերպով հայտարարել, թե սա հարց է, որը հնարավոր է քննարկել Ադրբեջանի հետ։ Ակնհայտ է, որ Բաքուն չի պատրաստվում նստել և բանակցել։ Այդ պատճառով մենք ցանկանում ենք, որ վարչապետ Փաշինյանը հայտարարի, որ աջակցում է նախագահ Թրամփի վարչակազմի պահանջին, որ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի և հայտարարի նաև, որ ամբողջովին պաշտպանում է Վաշինգտոնի ջանքերը ապահովել հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների ազատ արձակումը»։
Հետաքրքրվեցինք՝ շփում ունի՞ ՀՀ կառավարության պաշտոնյաների և Նիկոլ Փաշինյանի հետ, Ջարեդ Գենսերը պատասխանեց՝ այս այցի ընթացքում կապ չեմ ունեցել, բայց նախկինում կապ ունեցել եմ ՀՀ կառավարության պաշտոնյաների հետ։
Հարցին՝ ինչպե՞ս է Ադրբեջանն արձագանքում Բաքվի դատավարությանը մասնակցելու փորձերին, ինչպես նաև հայ ռազմագերիների բանտային պայմաններին ծանոթանալու՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ջանքերին, Ջարեդ Գենսերը պատասխանեց․ «Ես շատ անհանգստացած եմ ինչպես հայ քաղբանտարկյալների բանտային պայմաններով, այնպես էլ նրանց դեմ տարվող դատավարություններով»։
Կարդացեք նաև
Ջարեդ Գենսերը ահազանգեց` լինելով քրիստոնյաներ՝ հայ քաղբանտարկյալներին անգամ թույլ չի տրվում իրենց մոտ պահել Աստվածաշունչ, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է․ «Նաև անհանգստացած եմ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հիմա հնարավորություն չունի գործունեություն ծավալել Ադրբեջանում, մինչդեռ նախկինում հնարավորություն ունեին այցելելու Ռուբեն Վարդանյանին և մյուս քաղբանտարկյալներին և բարձրացնել մտահոգություններ նրանց բանտային պայմանների հետ կապված։ Այդ անկախ մոնիտորինգը շատ կարևոր էր, նաև կարևոր էր այն տեսանկյունից, որ Ադրբեջանի կառավարությունը գիտեր՝ բարձր վարկանիշ ունեցող միջազգային կազմակերպությունն իր ուշադրության ներքո է պահում հայ բանտարկյալների պահման պայմանները։ Ինչ վերաբերում է Բաքվի դատավարություններին և մասնավորապես Ռուբեն Վարդանյանի գործին, որը Բաքվի ռազմական դատարանի ներքո է, գիտեք, որ Ադրբեջանի կառավարությունը հայտարարում է, որ դատավարությունն ընթանում է դռնբաց ընթացակարգով, բայց բոլորը գիտեն, որ դա չի համապատասխանում իրականությանը։
Լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել, դիտորդներին հետ են ուղարկել, արտաքին գերատեսչության պաշտոնյաներին ևս չեն թույլատրել մասնակցել դատավարություններին։ Ուստի սա նշանակում է, որ Բաքվի ռազմական դատարանը ոչ թափանցիկ, փակ դատական նիստեր է անցկացնում, իսկ Ադրբեջանի կառավարությունը փորձում է համոզել, թե իբր դրանք հրապարակային դատական նիստեր են՝ հղում կատարելով լրատվամիջոցների հրապարակումներին։ Սակայն դրանք ադրբեջանական մեդիայի հրապարակումներն են։ Սա միջազգային իրավունքի խախտում է։ Իրականացվում են կեղծ դատավարություններ միջազգային իրավունքի խախտմամբ»։
Փաստաբանը նշեց, որ շարունակաբար դիմել են Ադրբեջանի կառավարությանը, որպեսզի թույլատրեն լրագրողներին, միջազգային գրասենյակի պաշտոնյաներին, ինքն է խնդրել, որ թույլատրեն իր մասնակցությունը Բաքվի դատավարություններին, սակայն ապարդյուն․ «Ակնհայտ է, որ կատարվողը ֆարս է։ Ոչ մի լեգիտիմ իրավական գործընթաց չի ընթանում»։
Հետաքրքրվեցինք՝ արդյոք ծանոթացե՞լ է Ադրբեջանի օրենսդրությանը և ըստ այդմ՝ հիմնավո՞ր էր Բաքվի դատարանի որոշումը, որը մերժեց Ռուբեն Վարդանյանի խնդրանքը՝ մեղադրական եզրակացությունը տրամադրել իր ընտանիքին, Ջարեդ Գենսերը պատասխանեց․ «Ակնհայտ է, որ այն, ինչ կատարվում է Ռուբեն Վարդանյանի հետ Բաքվում, ոչ միայն խախտում է միջազգային պարտավորությունները, որոնք Ադրբեջանը ստանձնել է միջազգային կոնվենցիաներով, այլև խախտում է Ադրբեջանի օրենսդրությունը։ Ադրբեջանի օրենսդրությամբ անձն ունի անմեղության կանխավարկածի իրավունք։ Մինչդեռ Ալիևը հրապարակային կերպով հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանը ահաբեկիչ է, մեղավոր է։ Ակնհայտ է, որ Ալիևն է ղեկավարում և հրամաններ տալիս ռազմական դատարանի դատավորներին։ Մենք նաև կենտրոնացած ենք տեղական իրավական գործընթացի վրա։ Մենք փաստագրում ենք ոչ միայն միջազգային իրավունքի խախտումները, այլև ներազգային օրենսդրության խախտումները։ Անձի դեմ կայացված ցանկացած որոշում պետք է հրապարակային լինի և հանրությանը հասանելի, նաև հասանելի լինի ընտանիքի անդամներին։ Անձին որևէ հանցագործության համար դատապարտելը պետք է լինի բաց և հրապարակային դատավարության միջոցով։ Դատախազության գործն է ապահովել անմեղության կանխավարկածը, որը սահմանված է նաև Ադրբեջանի սահմանադրությամբ, ինչպես նաև ներկայացնել ապացույցները, որոնք կարող են ընկած լինել ենթադրյալ հանցագործության հիմքում։ Բայց երբ ասում են, որ ապացույցները գաղտնի են, սա ակնհայտ խախտում է արդար և թափանցիկ դատաքննության իրավունքի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ