Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ է ԱԺ ընտրության երկրորդ փուլ անցկացվում, եւ ո՞ր մեծամասնությունն է «կայուն»

Հունիս 13,2025 13:30

Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Սա մեջբերում է ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածից։

2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրությանն ընդառաջ, լայնորեն քննարկվում է կայուն խորհրդարանական մեծամասնության դրույթի նպատակահարմարությունը։ Տարընթերցում կա, թե ընտրության ժամանակ առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժին ավտոմատ կերպով հատկացվում են պատգամավորական լրացուցիչ այնքան մանդատներ, որքան անհրաժեշտ է խորհրդարանում «կայուն» մեծամասնություն ունենալու համար։ Ի դեպ, դա չի արվում քաղաքական մնացյալ  ուժերի մանդատների հաշվին։

Սակայն Ընտրական օրենսգիրքը շատ ավելի, առաջին հայացքից, խճճված կարգավորումներ է նախատեսում։ «Առավոտը» փորձել է մատչելի կերպով պարզաբանել դրանք եւ հստակություն տալ հարցին, թե ո՞ր դեպքում է Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվում։

Ո՞րն է «կայուն մեծամասնությունը»

Ամբողջական պատկեր ստանալու համար, նախ հասկանանք, թե ինչ է նշանակում «կայուն խորհրդարանական մեծամասնություն»։ Ընտրական օրենսգրքի 96-րդ, 97-րդ եւ 98-րդ հոդվածներից ակնհայտ է դառնում, որ կայուն խորհրդարանական մեծամասնությամբ հասկացվում է հետեւյալը. խորհրդարան անցնելու շեմը հաղթահարած ուժերից մեկը պետք է տիրապետի պատգամավորական մանդատների առնվազն 52%-ին։ Եթե 50+1-ը պարզ մեծամասնություն է, 52%-ն այդ մեծամասնությունը կայուն է դարձնում։ Այսինքն, քաղաքական ուժերից մեկը պետք է 101 պատգամավորներից (101-ը պատգամավորների նվազագույն քանակն է) առնվազն 52 պատգամավորից բաղկացած խմբակցություն կազմի։

Եթե որեւէ մեկ ուժի՝ կուսակցության կամ դաշինքի, չի հաջողվում ընտրության շնորհիվ կայուն խորհրդարանական մեծամասնություն ձեւավորել, ապա գործի են անցնում Ընտրական օրենսգրքի 96-րդ եւ 97-րդ հոդվածները։

Պարզ մեծամասնությունը վերածվում է կայուն մեծամասնության

Ըստ 96-րդ հոդվածի՝ եթե Ազգային ժողով անցած քաղաքական ուժերից մեկին հաջողվել է ստանալ մանդատների մեծամասնությունը, բայց այդ մեծամասնությունը պակաս է կայուն համարվող մեծամասնության 52%-ից, ապա այդ ուժին հատկացվում է այնքան լրացուցիչ մանդատ, որքան անհրաժեշտ է ԱԺ մանդատների 52%-ին տիրապետելու համար։

Օրինակ, եթե քաղաքական ուժերից որեւէ մեկը ընտրության արդյունքում ունենալու է 51 պատգամավոր (որն արդեն մեծամասնություն է, բայց ոչ կայուն), այդ ուժին տրամադրվում է լրացուցիչ չորս մանդատ, որպեսզի այդ ուժն ունենա 55 մանդատ (արդեն 105 մանդատների 52%-ը) եւ, հետեւաբար, կայուն մեծամասնություն։

Այլընտրանքը՝ քաղաքական կոալիցիաներ

Ըստ 97-րդ հոդվածի՝ եթե խորհրդարան անցած որեւէ ուժ մեծամասնություն չի ստանում, խորհրդարանական նոր ուժերը կարող են կոալիցիաներ կազմել։ Կոալիցիա կազմելու համար Ընտրական օրենսգիրքը երկու փուլ է սահմանում։ Պատգամավորական մանդատների նախնական բաշխումից հետո ինն օրվա ընթացքում հարաբերական մեծամասնություն, այն է՝ առավելագույն մանդատներ ստացած խմբակցությանը հնարավորություն է վերապահվում կոալիցիա կազմել մյուս ուժերի հետ, եթե կոալիցիոն գործընկերների մանդատների թիվը համարժեք է կայուն մեծամասնություն համարվող մանդատների 52%-ի թվին։

Եթե ինն օրում առավելագույն մանդատների տիրապետող խմբակցությանը դա չի հաջողվում, առաջիկա հինգ օրերին խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցություն կարող է կոալիցիա կազմել մյուս ուժերի հետ, եթե կոալիցիոն գործընկերների մանդատների թիվը համարժեք է կայուն մեծամասնություն համարվող մանդատների 52%-ի թվին։

Այսինքն, եթե խորհրդարանական ամենախոշոր խմբակցությունում ընդգրկված է, ասենք, 39 պատգամավոր, առաջիկա ինն օրերին կազմվող կոալիցիայում նրանց մասնակցությունը պարտադիր է։ Կոնկրետ այս փոփոխությունը ՔՊ-ն է ներդրել։ Դա չկատարվելու դեպքում, միայն, մյուս ավելի փոքր խմբակցությունները կարող են հաջորդ հինգ օրերին առանց խոշոր խմբակցության կոալիցիա կազմավորել։ Ցանկացած դեպքում, կոալիցիոն գործընկերները պետք է ունենան մանդատների 52%-ը եւ վարչապետի միասնական թեկնածու, հակառակ պարագայում կոալիցիա չի կարող կազմվել։

Ե՞րբ է հայտարարվում ընտրության երկրորդ փուլ

Իսկ եթե որեւէ ուժ մեծամասնություն չի ստացել եւ դրա հետ մեկտեղ կոալիցիա կազմելու ջանքերը ապարդյուն են անցել, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է ԱԺ ընտրության երկրորդ փուլ։ Երկրորդ քվեարկությունն անց է կացվում առաջին փուլի քվեարկությունից 35 օր հետո։

Պայքարը շարունակում են առավելագույն ձայների արժանացած երկու քաղաքական ուժերը։ Հաղթող ուժը Ազգային ժողովում ստանում է այնքան լրացուցիչ մանդատ, որքան անհրաժեշտ է կայուն խորհրդարանական մեծամասնություն համարվող մանդատների 52%-ի թվին տիրապետելու համար։ Օրինակ, եթե առավելագույն ձայներ ստացած երկու քաղաքական ուժերն ընտրության առաջին փուլի արդյունքում հավաքել են ընտրողների ձայների 28%-ը եւ 33%-ը, նրանց միջեւ ընտրության նոր փուլ է անցկացվում, եւ հաղթող ուժը ստանում է լրացուցիչ մանդատները։

Հենց սա՛ է խնդրահարույց դրույթը, քանի որ կա ողջամիտ քննադատություն, թե որն է ժողովրդի, իսկ եթե ավելի ճշգրիտ արտահայտվենք, միայն ընտրության մասնակիցների, 28%-ի կամ 33%-ի հավանությանն արժանացած քաղաքական ուժին «միանձնյա» կառավարման հնարավորություն ընձեռելու տրամաբանությունը։

Հատկանշական է, սակայն, որ ընտրության երկրորդ փուլում կարելի է կազմել նոր դաշինքներ, բայց միայն առաջին փուլով ԱԺ-ում խմբակցություն ձեւավորած ուժերի հետ եւ միայն այն պարագայում, եթե համաձայնեցված է վարչապետի թեկնածուն։

Առավել հատկանշական է այն, որ դաշինք կարող են կազմել նաեւ առավելագույն ձայներ ստացած երկու ուժերը։ Այս պարագայում, որպես երկրորդ ուժ ընտրության երկրորդ փուլին մասնակցելու իրավունք է ստանում ընտրության առաջին փուլում երրորդ հորիզոնականը զբաղեցրած ուժը։

Անկախ այն հանգամանքից՝ հաղթում է կուսակցությունը, դաշինքը կամ նոր դաշինքը, հաղթողին տրվում են լրացուցիչ մանդատները։

Նախապատմություն

Կայուն մեծամասնության մասին Սահմանադրությամբ ամրագրված դրույթը վիճելի է եղել 2015-ի սահմանադրական բարեփոխումների քննարկումների ժամանակ՝ դիտվելով որպես իշխանության վերարտադրության մեխանիզմ։

Հանրապետականներն, այնուամենայնիվ, շեշտում էին, որ կայուն մեծամասնության պահանջը ամրագրում է կառավարելիության եւ արդյունավետ կառավարման երաշխիք, անկախ ընտրության արդյունքներից՝ ըստ էության բացառելով փոքրամասնության կառավարության ձեւավորման եւ քաղաքական ճգնաժամերի առաջացման տեսական հնարավորությունը։

Ինչպես վերհիշում ենք «Արմենպրեսի» նյութից, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնախմբի անդամ Դավիթ Հարությունյանը 2015-ի սահմանադրական հանրաքվեից մեկ ամիս առաջ նմանատիպ բացատրություն էր տրամադրել։

«Պատկերացրեք` չկա երկրորդ փուլ, եւ խորհրդարանում որեւէ կուսակցություն չունի մեծամասնություն: Այդ կուսակցությունները պետք է ձեւավորեին կոալիցիա: Այդ գործիքը կա Սահմանադրության մեջ, եւ եթե ուժերն ի վիճակի են ձեւավորել կոալիցիա եւ բաժանել միմյանց միջեւ դերերը, թող դա անեն: Երկրորդ փուլի կարիքը կզգացվի, եթե ադ մեխանիզմը չգործի: Ես չէի ցանկանա, որ Հայաստանը հայտնվեր Բելգիայի կարգավիճակում, երբ այդ երկրում ամիսներ շարունակ կառավարություն չէր ձեւավորվում, եւ ամիսներ շարունակ երկիրը ղեկավարվում էր նախորդ տարիների բյուջեներով: Մենք այն վիճակում չենք, որ մեզ նման բան թույլ տանք»,-կարծում էր Հարությունյանը։

Ընդդիմադիրներն էլ պնդում էին, որ երբ խմբագրվում են ընտրության առաջին փուլի արդյունքները, Ազգային ժողովը դադարում է արտացոլել հասարակության մեջ առկա քաղաքական իրական տրամադրություններն՝ ընդգծելով այլ խորհրդարանական պետությունների պրակտիկան եւ կարեւորելով բանակցելու, կոալիցիոն կառավարություններ ձեւավորելու անհրաժեշտությունը։

Ինչպես փոխանցում է «Առավոտը», քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը 2015-ի հուլիսին ասել էր. «Այս Սահմանադրությունը իսպառ սպանել է ընտրական ինստիտուտը, այն ոչնչացված է նաեւ ԱԺ ձեւավորման առումով, միայն այն հոդվածը, որ պարտադրում է, որ ԱԺ-ն պետք է ունենա կայուն մեծամասնություն եւ, եթե չկա այնպիսի մեծամասնություն, ապա երկրորդ փուլ են անցնում երկու քաղաքական ուժերը՝ մյուսներին պարտադրելով կողմնորոշվել այս երկու ուժերի միջեւ, սա ժողովրդավարության ոչնչացում է»։

Համատեքստ

Իսկ որքանո՞վ է թեման արդիական գալիք տարի սպասվող վճռորոշ ընտրությանն ընդառաջ։ Այժմ հստակ գիտենք, որ հունիսյան ընտրության ժամանակ խորհրդարանական կայուն մեծամասնության կարգավորումները կգործեն, քանի որ սահմանադրական բարեփոխումներով զբաղվող մարմինը 2024 թվականին հրաժարվեց փոփոխել Սահմանադրության 89-րդ հոդվածը՝ չչեղարկելով կայուն մեծամասնության պահանջը։

Խորհրդից չեն բացառում, որ դա կարող է արվել սպասվելիք սահմանադրական հանրաքվեի շրջանակներում։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30