Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր չէ էլ պաշտպանությունը շարունակել»․ ԲԴԽ-ն նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի 16 միջնորդությունները մերժել է, որոշումները չի տրամադրել

Փետրվար 02,2026 15:36 Share

«Հնարավոր չէ էլ պաշտպանությունը շարունակել, քանի որ 16-ից ոչ մեկը չի տրամադրվել։ Տվեք՝ կարդանք՝ հասկանանք՝ իմանանք ո՞նց ենք շարունակում մեր պաշտպանությունը, շարունակո՞ւմ ենք, թե՞ չենք շարունակում»,-Բարձրագույն դատական խորհրդի նիստում այսօր վրդովվեց լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանը։

Խնդիրը վերաբերում է 16 միջնորդություններին, որոնք Դավիթ Հարությունյանի գործի քննության ընթացքում ներկայացվել են Բարձրագույն դատական խորհուրդ եւ մերժվել են, սակայն մերժումների մասին որոշումները կողմին չեն տրամադրվել, որպեսզի հնարավոր լինի մերժման հիմքերին ծանոթանալ․ «Որեւէ դատարան ՀՀ-ում այդպես չի գործում, բոլորն էլ հասկանում են, որ որոշումը պատրաստ չի լինում՝ չեն տալիս, բայց սա առաջին ատյանի դատարան չէ, վերաքննիչ դատարան չէ, 10 հոգի եք, դժվա՞ր է այդ որոշումները ժամանակին տալը»։

Դավիթ Հարությունյանը միջնորդություն էր ներկայացրել՝ իր գործով ԲԴԽ-ի մերժած միջնորդությունների որոշումները տրամադրելու մասին։

ԲԴԽ-ում այսօր շարունակվում էր Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործով նիստը։

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը պարզաբանեց՝ խորհուրդը պատճառաբանված որոշումներ է կայացրել, դրանք՝ իրենց հիմքերով, ներկայացվել են նիստերի ժամանակ, դրանք նաեւ վերջնական դատական ակտում կտեղադրվեն։

Դավիթ Հարությունյանի տարբեր հարցադրումներն այն մասին՝ օրենքի ո՞ր նորմով առաջնորդվելով է, որ ԲԴԽ-ն չի տրամադրում որոշումները, մնացին անպատասխան։ Ինքը՝ Դավիթ Հարությունյանը, դրա իրավական հիմքերը չի տեսնում, կարծում է, որ սովորույթի ուժով է դա արվում, ԲԴԽ-ում նման սովորույթ է ձեւավորվել, ինչը խոչընդոտում է կողմի գործողություններին, դատավարության ընթացքը կանխատեսելի չի դառնում։

Այսօրվա նիստում ԲԴԽ-ն մերժեց նաեւ Դավիթ Հարությունյանի միջնորդությունը՝ սույն կարգապահական վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։ Պաշտպանական կողմը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց՝ այդ պահանջով, բայց այլ հիմքով, այն է՝ կարգապահական վարույթ հարուցելու ժամկետներն անցած լինելը։ ԲԴԽ-ն այս միջնորդությունը ևս մերժեց։

Միաժամանակ, Դավիթ Հարությունյանը հայտարարեց՝ ենթադրելով նախկին միջնորդությունները մերժելու ԲԴԽ-ի պրակտիկան, կարծում են, որ այս միջնորդությունն էլ կմերժվի ու տեխնիկապես պատրաստվում են իրենց հաջորդ քայլերին․ դրանք լինելու են ԲԴԽ անդամների բացարկների միջնորդությունները։ Նման միջնորդություններ մեկ անգամ արդեն արվել են, ԲԴԽ-ն մերժել է դրանք։

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ, փոխնախարար Տիգրան Դադունցը հայտարարեց՝ Դավիթ Հարությունյանի եւ նրա ներկայացուցչի գործողությունների տանում են դատավարական իրավունքի չարաշահման դաշտ եւ ԲԴԽ-ին առաջարկեց նրանց նախազգուշացնել դատավարական իրավունքի սանկցիա կիրառելու հնարավորության մասին՝ ժամանակային եւ քանակական պայմաններ սահմանելով։

Հիշեցնենք նաեւ, որ այս գործով ԲԴԽ-ում նոր քննություն է իրականացվում։ Դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2023թ․ հուլիսի 3-ին, կարգապահական վարույթը դատավորի նկատմամբ նախաձեռնել էր ՀՀ արդարադատության նախարարությունը ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասով, որում Դավիթ Հարությունյանը անթույլատրելի էր որակել ԲԴԽ արդեն նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի մամուլի քարտուղարի անունից տարածված հաղորդագրությունը, որով փորձ էր արվել ուղղորդել դատավորներին՝ ԲԴԽ դատավոր-անդամի ընտրությունից առաջ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728