Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն էր, որ ինֆորմացիոն բաց կա ժամանակակից Հայաստանի մասին, և դա մարդիկ ցանկանում էին լրացնել գրականությամբ». Սուսաննա Հարությունյանը՝ Իսպանիայի գրքի փառատոնի մասին

Հունիս 13,2025 17:02

Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» վեպը՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, սերբերեն թարգմանություններին հաջորդել է իսպաներենը:

Օրերս արձակագիրը մեզ տեղեկացրեց. «Իսպանիայի գրքի փառատոնի կողմից, որն անցկացվում է մայիսի 29-ից հունիսի 15-ը, հրավիրվեցի Մադրիդ՝ փառատոնի միջոցառումների շարջանակներում մասնակցելու իմ՝ «Ագռավները Նոյից առաջ» վեպի իսպաներեն գրքի շնորհանդեսին։ Շատ հետաքրքիր էր, փառատոնը անցկացվում էր Մադրիդի Ռետիրո այգում, որը ձգվում է քաղաքի ողջ երկայնքով։ Բնականաբար, այգին ծայրեծայր չէի կարող անցնել, բայց մի քանի ժամ քայլեցի, գրավաճառների տաղավարները և փոքրիկ բեմերը, որտեղ երաժշտական խմբեր էին ելույթ ունենում, ձգվում էին շատ երկար, համենայնդեպս, ես վերջը չտեսա։ Համարյա բոլոր տաղավարների մոտ աշխույժ առևտուր էր ընթանում։ Ի տարբերություն մեր երկրի և իմ եղած մյուս երկրների, ընթերցողն այստեղ երիտասարդությունն էր։ Ե՛վ տաղավարների մոտ, և՛ շնորհանդեսին մասնակիցները մեծամասամբ երիտասարդներ էին, որոնք իրենց գնած գիրքը անմիջապես սկսում էին զննել՝ այգում նստած»։

Զգալով տիկին Հարությունյանի տպավորված լինելը՝ կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրվեցինք՝ գուցե կար մի բան, որն անչափ տպավորված լինելուց էլ վեր էր: Ստացանք հետևյալ պատասխանը. «Միակ բանը, որին նախանձում եմ, այդ կիլոմետրով ձգվող այգիներն են իմ տեսած բոլոր մայրաքաղաքներում, երբ ամեն ծառի տակ մի սրճարան ու մի «օբյեկտ» չկա, երբ այգին այգի է, ոչ թե չորս կողմից այգու մեջ մխրճված շենքերի բակ, երբ գնածդ գիրքը կարող ես նստել ու կարդալ որևէ ծառի տակ, առանց անհամ ու թանկուկրակ սուրճ պատվիրելու, որ քեզ թարսուշիտակ չնայեն այգուն տեր դարձած սրճարանի մատուցողները․․․»:

Սուսաննա Հարությունյան

Անդրադառնալով փառատոնին՝ մեր զրուցակիցն ասաց. «Երկու օր եղա գիրքս հրատարակած՝ «Armenia» հրատարակչության տաղավարում, հետևեցի փառատոնի անցուդարձին, գրքիս վաճառքին,մակագրեցի….։ Ասեմ, որ գիրքս լավ էր վաճառվում, կարծում եմ՝ առաջին պատճառն այն էր, որ վերջին երկու-երեք տասնամյակներում շատ քիչ բան է թարգմանվել իսպաներեն, առավելևս՝ արձակ։ Իսպանացիներին հետաքրքրում էր Հայաստանը, նրա մշակույթը և պատմությունը։ Ոմանք որպես տուրիստ ինչ-որ ժամանակ եղել էին Հայաստանում, տեսել մեր երկիրը և հիմա ուզում էին ծանոթանալ նրա գրականությանը։ Առհասարակ, տպավորություն էր, որ ինֆորմացիոն բաց կա ժամանակակից Հայաստանի մասին, և դա մարդիկ ցանկանում էին լրացնել գրականությամբ»։

Հետաքրքրվեցինք նաև մամուլի անդրադարձով: «Մամուլը ևս հետաքրքրված էր մեզանով։ Լրագրողները, ի տարբերություն շարքային ընթերցողների, ահագին տեղեկացված էին մեր պատմությունից, ցավոք սրտի մշակույթից ու գրականությունից՝ ոչ այնքան։ Բայց գիրքը կարդացել էին, ծանոթ էին թե գրքին, թե՛ ցեղասպանության պատմությանը։ Հարցազրույցներ տվեցի Դավիդ Վալիենտեին՝ Librujula տպագիր և էլեկտրոնային գրքերի ամսագրի լրագրողին։ Oրսոլա Կասագրանդեին՝ Berria բասկ օրաթերթի լրագրող, «Comma Press»-ի խմբագիր, ինչպես նաև արգենտինական «Pagina 12» թերթին՝ լրագրող Լուչիաննա դե Նելլո։

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Մադրիդի «Պարանտեզա» գրախանութում, որին մասնակցում էին հրատարակչության, ՀՀ դեսպանատան աշխատակիցներ, ընթերցողներ։ Հրատարակչության տնօրեն և գրքի խմբագիր Ռիկարդոն ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը, գրքի գրական-գեղարվեստական արժեքը, բացատրեց, թե ինչո՞ւ է իր ընտրությունը կանգ առել այս գրքի վրա և այլն։ Ես պատմեցի գրքի հերոսների նախատիպերի մասին, թե երբ և ինչպես մտահղացում առաջացավ գրելու այդ վեպը, պատասխանեցի ընթերցողների հարցերին, զուգահեռներ անցկացրի այլ երկրների և իսպանացի ընթերցողների նմանության և տարբերությունների միջև և այլն։

Թեև երեք օր եղա Իսպանիայում, բայց շատ հագեցած օրեր էին՝ նոր գիրք, նոր ծանոթություններ, նոր տպավորություններ։ Այդ գեղեցիկ օրերի համար անչափ շնորհակալ եմ «Հովնանյան ընտանեկան հիմանդրամին», որը ֆինանսավորեց իմ ուղևորությունը, Իսպանիայում ՀՀ դեսպանատանը, որն ապահովեց իմ հանդիպումների և շնորհանդեսի թարգամանությունը, աշխատակիցները մասնակցեցին շնորհանդեսին, կողքիս եղան այդ օրերին, և իհարկե Մադրիդի փոքրաթիվ հայկական համայնքին՝ մարդկային և արժանավայել վերաբերմունքի համար»,-ասաց Սուսաննա Հարությունյանը։

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ Սուսաննա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30