Լրահոս
Օրվա լրահոսը

«Սատանայի ծառան իր կործանումից առաջ մտել է «արարման» վերջին գործողության մեջ»

Հունիս 14,2025 13:30

«Հայ Առաքելական Եկեղեցին այնպիսի անկյունաքար է, որին բախվելով ոչնչանում է ամեն չար». «Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը:

– Նիկոլ Փաշինյանը վերսկսել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իր «խաչակրաց արշավանքը»՝ ներկայացնելով իբր պայքարում է ոչ թե եկեղեցու դեմ, այլ Կաթողիկոսի եւ եպիսկոպոսների, որոնք, ինչպես ինքն է որոշել, առաքինի կյանքով չեն ապրել եւ ապրում։ Ի՞նչ կասեք այս ամենի մասին։

– Եկեղեցու դեմ արշավին ես անդրադարձել եմ ձեզ տված իմ հարցազրույցներից մեկում դեռեւս 2023 թվականին։ Այժմ, այդ պիղծը, որը արժեզրկեց եւ ավերեց ամբողջ պետական համակարգը, անպատիվ դարձրեց հայ ժողովրդին, մինչեւ իր ասպարեզից հեռանալը փորձում է իրականացնել մեր թշնամիների վերջին հրահանգը, ոչնչացնել մեր Սուրբ Եկեղեցին, որը չի հաջողվել որեւէ թշնամու՝ վերջին 2000 տարվա ընթացքում։ Այդ չհաջողվեց նույնիսկ հռոմեական կայսրությանը՝ հանձինս Բյուզանդիայի, դեռեւս քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց ընդամենը տասը տարի հետո՝ 312-313 թվականներին, երբ բախվելով Հայոց ամուր բազկին, հազարավոր զոհեր տալով, պարտվեց եւ հեռացավ Հայաստանից։ Այս ամենը մեկ նպատակ ունի, որպեսզի փախուստի դեպքում, եթե հաջողվի, կարողանա ապաստանել այդ երկրներից որեւէ մեկում։

– Փաշինյանն ասում է՝ ինքն այդ ամենն անում է «որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ…» եւ դիմում է հավատացյալներին, որ հավաքվեն, գնան եւ հեռացնեն Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից։ Արդյոք նա չի՞ անցնում բոլոր սահմանները, ի՞նչ ակնկալեն հետագա զարգացումներում։

– Սատանայի ծառան իր կործանումից առաջ մտել է «արարման» վերջին գործողության մեջ։ Նրան թվում է, թե իր մի քանի մանկուրդների միջոցով կարող է ձեռք բարձրացնել Աստուծո ընտրյալների վրա։ Նրա սլաքները, իր տերերի՝ Պուտինի, Էրդողանի եւ Ալիեւի հրահանգով ուղղված են մեր Սրբության Սրբոց, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հիմնադրած, Աստուծո տուն Սուրբ Էջմիածնի եւ Առաքելահիմն մեր Եկեղեցու դեմ։ Այդ թշնամու գործիքը, որը Արցախը հանձնեց թշնամուն եւ իրեն թվում է, թե մարսեց, այժմ ոչնչի չի կարող հասնել, որովհետեւ մեր պաշտպանը մեր Տեր Աստուածն է, որը մեզ առաջնորդում է հազարավոր տարիներ եւ առավել եւս վերջին երկու հազար տարին։ Մեր ժողովուրդը հավատարիմ է իր եկեղեցուն եւ հավատարիմ էլ մնալու է։ Նա այդ հավատարմությամբ պաշտպանեց մեր եկեղեցին 1918 թվականի մայիսին, արյունարբու թշնամու դեմ, այդպիսի հավատարմությամբ էլ կպաշտպանի ներկայումս։

Թշնամին շատ լավ գիտի, որ Հայոց պետականության հիմնական հենասյունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է, քանզի այն Հայոց հոգեւորի, Հայոց Ոգու պաշտպանն է։ Մեր եկեղեցին է, որ պահպանեց եւ առ այսօր հասցրեց հայոց լեզուն, այբուբենը, ուղղագրությունը, երաժշտությունը, եւ ընդհանրական մշակույթը։

Այդ ամբողջը ուղղված է հայի ինքնության դեմ, հայ լինելու դեմ, հայ քրիստոնյա լինելու դեմ։

– Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Գրիգոր Լուսավորչի աթոռին անարժան մարդ է նստած։

– Ո՞վ է դատավորը։ Աստվածաշնչից հիշում եք անառակ կնոջ պատմությունը, երբ Հիսուս Քրիստոսը դիմեց ամբոխին եւ ասաց, թող առաջին քարը նետի նա, ով մեղք չի գործել։ Եվ որեւէ մեկը քար չնետեց եւ ամբոխը հեռացավ։ Իսկ այդ կնոջը Աստված ասաց. «Գնա եւ այլեւս մեղք մի գործիր»։ Կարող եմ էլ ավելի հետաքրքիր պատմություն մեջբերել։ Մի վանքում վանականները, հոգեւորականներից մեկի մասին, որը սրբակենցաղ կյանքով էր ապրում, ամբաստանություն են լսում, որ նա գիշերներն անցկացնում է հասարակաց տանը։ Այս հոգեւորականը չի պաշտպանվում, համարելով, որ Աստված ամեն ինչ տեսնում է։ Այս հոգեւորականին վանականները բանադրում են եւ արտաքսում վանքից։ Այդ քիչ էր, ննջելուց էլ հանրային գերեզմանոցից դուրս են թաղում։ Որոշ ժամանակ հետո վանք է գալիս մի կին ապաշխարելու եւ մեղքերի թողություն ստանալու։ Նա պատմում է, որ ինքը հասարակաց տանն է եղել եւ հավատքի է եկել մի հոգեւորականի շնորհիվ, ով գիշերները գալիս էր այդ տուն եւ ամբողջ գիշեր իրենց քարոզում էր Աստուծո Ավետարանը։ Պարզվում է, որ այդ հոգեւորականը այն անձնավորությունն էր, որին իրենք բանադրել էին։ Բնականաբար, իրենց սխալը ուղղում են, այդ հոգեւորականին սրբադասում եւ իրենց ճանաչում մեղավոր եւ ապաշխարում։ Հիմա տեսեք՝ թե ովքե՞ր են դարձել դատավորներ։ Մարդիկ, որոնք անաստված են, նյութապաշտ, ծառայում են օտարին, Հայոց հողերը, մեր հոգեւոր ժառանգությունը նվիրում են թշնամուն, մեր հայրենիքի համար զոհվածներին անվանարկում են անվայելուչ բառերով եւ այլն. կարող ենք թվարկել տասնյակ էջերով։ Եվ այդ մարդկանց թվում է, թե կարող են կատարելով թշնամու հրահանգները՝ կտրել մեր պետականության հիմնասյունը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, եպիսկոպոսների «դեմ» շինծու խոսույթով։ Չարաչար սխալվում են։ Հայ Առաքելական Եկեղեցին այնպիսի անկյունաքար է, որին բախվելով ոչնչանում է ամեն չար։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
13.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել