Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ի տարբերություն 2018 թվականի, 2025 թ․-ին մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում՝ «ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով և ավելի լավ են ապրում շուրջ 50 տոկոսով»:
Մասնավորապես, նա նշել է․ «2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 173,996 դրամ, 2025 թվականի ապրիլին՝ 304,992 դրամ, միջին աշխատավարձի աճը կազմել է 130,000 դրամ կամ 75 տոկոս՝ 2018 թվականի ապրիլը 2025 թվականի ապրիլի նկատմամբ։ Նույն ժամանակահատվածում հանրագումարային գնաճը, կուտակային գնաճը կազմել է 25 տոկոս»:
Այս տվյալների հիման վրա Փաշինյանը ընդգծել է, որ քաղաքացիներն իրականում ավելի լավ են ապրում նույնիսկ գնաճի հաշվառումով՝ մոտավորապես 50 տոկոսով։ «Այսինքն՝ իրենց ապրածի կեսի չափով, եթե պատկերավոր նկարագրենք, ավելի լավ են ապրում»,— ասել է Փաշինյանը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Փաշինյանի ներկայացրած տվյալները, ինչպես նաև՝ 2018 թ․ ապրիլին նախորդած 7 տարիների վիճակագրությունը՝ պարզելու, թե ինչպիսին է եղել միտումը նախորդող ժամանակահատվածում։
Կարդացեք նաև
Այսպես, ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի, 2025 թվականի ապրիլին միջին աշխատավարձը, նախնական տվյալներով, կազմել է 285,106 հազար դրամ, իսկ 2018 թ․-ին՝ 167,223 դրամ։
Նիկոլ Փաշինյանը, փաստացի, սխալ տվյալ է ներկայացրել՝ հայտարարելով, թե Հայաստանում 2025 թվականի ապրիլին միջին աշխատավարձը կազմել է 304,992 դրամ։ Մինչդեռ իրականում, Վիճակագրական կոմիտեի տվյալներով, այդ թիվը կազմել է ընդամենը 285,106 դրամ։ Վարչապետի մատնանշած թիվը պաշտոնական վիճակագրական տվյալներից զգալի շեղում ունի․ Փաշինյանը 2025 թ․-ի ցուցանիշը շուրջ 20,000 դրամով ավելի է ներկայացնում։
Ստացվում է՝ 2018 թ․ ապրիլից մինչև 2025 թ․ ապրիլ Հայաստանում միջին աշխատավարձն աճել է 117,883 դրամով կամ շուրջ 70․5 տոկոսով։ Այս տվյալը ևս չի համընկնում վարչապետի ներկայացրած տվյալի հետ։
Սյուզաննա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»