«Հրապարակի» հարցերին պատասխանում է հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը:
– Վերջին շրջանում իշխանական ընտանիքը թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին, ինչպես նաև որոշ ընդդիմադիր գործիչների: Փաշինյանի կինը թիրախավորել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, դրանից առաջ բարձրաստիճան հոգևորականներին էր մեղադրում մանկապղծության մեջ, դե իսկ երկրի վարչապետը, քաղաքական բազում հարցերը թողած, ամեն օր անդրադառնում է Ամենայն հայոց կաթողիկոսի կուսակրոնության ուխտին: Փաշինյանը պատրաստվում է խումբ ձևավորել և նոր կաթողիկոս ընտրել: Ձեր կարծիքով` ի՞նչ պրոցեսներ են սրանք և ո՞րն է նպատակը այս ամենի: Կհաջողվի՞ Գարեգին Բ-ին վեհարանից հեռացնել:
– Այդ զույգի հայտարարություններին ու գնահատականներին չեմ ցանկանում անդրադառնալ, դրանք «քուչի բազարներ» են, որոնք ինձ համար չեն: Ինչ վերաբերում է եկեղեցուն ուղղված գործողություններին, ապա ես ինքս եկեղեցու սպասավորներին ահագին հարցեր ու պրետենզիաներ ունեմ, տարբեր ժամանակներում ունեցել եմ արժեքային վերապահումներ, հիմա էլ բոլոր խնդիրները լուծված չեն` տարբեր խնդիրների ու դիրքորոշումների և այլնի հետ կապված, սակայն ես կարծում եմ, որ այս պահին, անկախ ամեն ինչից, Վեհափառի պայքարը իր գահի ու պատվի համար չէ, այլ ամուր մնալու, պատասխան պետք է լինի այն իրական մոտիվներին, որոնք ունի Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանին բնավ ոչ եկեղեցու արժեքները, ոչ բարեվարքությունը, ոչ էլ սրբությունը հետաքրքիր չեն, այդ մարդը լուծում է պարզ խնդիր` քանդել ևս մեկ ինստիտուտ, որը կարող է ունենալ ազգային մոբիլիզացիայի պոտենցիալ: Նա զուտ այդ խնդիրն է լուծում: Եթե Վեհափառը մնա այն դիրքերում, որում կա, չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանին կհաջողվի այդ հարցը լուծել:
Կարդացեք նաև
– Նշում եք, որ եկեղեցու հետ անհամաձայնություններ ունեք և խնդիրներ կան, որոնք մինչ օրս արդիական են: Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը: Ի՞նչ նկատի ունեք:
– Դա այս փուլի խոսակցություն չէ, երբ մեր տունը կլինի խաղաղ, այդ ժամանակ մենք` տանեցիներով կքննարկենք այդ հարցերը: Բոլորն էլ հիշում են այն ցայտուն, անհամեստ դրսևորումները, որոնցով աչքի են ընկել եկեղեցու սպասավորները, գաղտնիք չէ, որ եկեղեցու բարձրաստիճան սպասավորները տարբեր հարցերում են ներգրավված եղել, որոնք հարիր չեն իրենց կշռին ու զբաղեցրած դիրքին: Հազար խոսակցություններ կան, որոնք կիսատ են մնացել, սակայն դրանք մեր տան հարցերն են, իսկ մեր տունն այս պահին չարամիտ հարձակումների տակ է և այդ խոսակցություններն այսօր ակտուալ չեն:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում