Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսման ամենակարևոր տարրը, կամ գուցե ամենակարևորներից մեկը հաճույքն է. Լևոն Սարգսյան

Հունիս 14,2025 23:58

Լեզվի դասավանդման բովանդակությունը միայն քերականությամբ ու բառերով դժվար է գրավիչ ու հաճելի դարձնել, հատկապես` գերմաներենի դեպքում։ Երբևէ պատկերացրե՞լ եք, թե ինչպիսի հետաքրքրությամբ դուք կսովորեք գերմաներենը, եթե ձեր յուրաքանչյուր դաս պարունակի լեզվի, մշակույթի, պատմության և ավանդույթի տարրեր։

ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի դասախոս Լևոն Սարգսյանը, որը գերմանախոս միջավայրի սիրելի Herr Levon-ն է (հայ.՝ պարոն Լևոն), լավագույնս կարողանում է այս տարրերը դասավանդման օրակարգ դարձնել և ուսուցման գործընթացում հասնել հաջողությունների, ինչի շնորհիվ էլ նա վերջերս «Լեզու, պատմություն, մշակույթ և ավանդույթ» անվանակարգում ԵՊՀ-ի կողմից պարգևատրվել է ԵՊՀ շրջանավարտների գերազանցության մրցանակով։

Լևոն Սարգսյանի հետ զրուցել ենք գերմանական մշակույթի, հայկական ավանդույթների ու դասական երաժշտության մասին։

– Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս եղավ Ձեր վերադարձը ԵՊՀ։

– Ես աշխատեցի համալսարանում մինչև 2011 թվականը՝ ուղիղ 40 տարի, հետո՝ կենսաթոշակային տարիք։ Այդ ընթացքում, բացի համալսարանական կրթությունից, թարգմանչական գործունեություն էի ծավալում՝ հիմնականում թարգմանելով գերմանական տարբեր ընկերությունների համար, կատարելով նաև պաշտոնական հանդիպումների թարգմանություններ, և փաստացի ժամանակս այս երկու զբաղվածության համար չէր հերիքում։ Երբեմն ստիպված էի խնդրել, որ ինձ փոխարինեն, հետո ես էի փոխարինում, բայց դա այդքան էլ հաճելի բան չէր։ Որոշեցի, որ, ի վերջո, 40 տարին բավական է։ Կա քարերը նետելու և քարերը հավաքելու ժամանակը։

Եվ այդպես 11 տարի նվիրվեցի միայն թարգմանությանը։ Հետո ամբիոնի վարիչ դարձավ իմ նախկին ուսանողներից մեկը և ինձ խնդրեց, որ ես վերադառնամ։ Ասացի՝ կփորձեմ և վերադարձա, քանի որ միշտ սիրել եմ դասավանդել։ Անցյալ տարվա սեպտեմբերին վերադարձա համալսարան և չեմ փոշմանել։

– 40 տարվա ընթացքում «լավ դասախոս»-ի սահմանումը ինչպե՞ս է փոխվել։ Այսօրվա ու երեկվա լավ դասախոսների միջև անջրպետ կա՞, թե՞ ոչ։

– Շատ բարդ հարց է, որովհետև ես առանձնապես չեմ ճանաչում այսօրվա դասախոսներին։ Կարծում եմ՝ նորերը շատ են կենտրոնացած իրենց բուն առարկայի, մասնագիտության վրա։ Մինչդեռ նախկինում մի քիչ ավելի լայն էր մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը։

Եվ դա արտացոլվում է նաև դասերի ժամանակ։ Բացի դրանից՝ այսօրվա դասախոսները գումար են վաստակում ժամանակներին համապատասխան, հներն այդքան դրա մասին չէին մտածում (ժպտում է)։

– Այս շրջանում երևի չկա մի այնպիսի քննարկում, նաև ակադեմիական միջավայրում, որտեղ արհեստական բանականության (ԱԲ) թեման չշոշափվի։ Մտավախություն չունե՞ք, որ ԱԲ-ն կփոխարինի մարդուն։

– Համալսարանում, կարծում եմ, դժվար, թարգմանչական ոլորտում՝ թերևս, այն էլ՝ միայն մասնագիտական որոշ ոլորտներում։ Բայց ես չեմ կարծում, որ դասախոսի և ուսանողի միջև կենդանի շփումը կարող է փոխարինվել ԱԲ-ով։

Իսկ եթե լինի, դա վատ է (ծիծաղում է)։

– Հենց դա էի ուզում հարցնել. դասախոս-ուսանող հարաբերությունների շփման ինտենսիվությունը այս տարիների ընթացքում ինչպե՞ս է փոխվել։

– Ես տեսնում եմ, որ հիմա մի քիչ ավելի մտերմացել է դասախոսը ուսանողի հետ, քան նախկինում էր, երբեմն՝ նույնիսկ ավելորդ չափի։

Առաջ մենք շատ ավելի հեռու էինք ուսանողներից, թեև ես ինքս աշխատել եմ հնարավորինս մոտիկ լինել՝ սահմանը պահպանելով։

Պետք է ասեմ, որ այսօր իսկապես գործընթացի կենտրոնում ավելի շատ ուսանողն է, նախկինում ավելի շատ առարկան էր։

-Դուք Ձեր մրցանակը ստացել եք «Լեզու, պատմություն, մշակույթ և ավանդույթ» անվանակարգում։ Մի քիչ խոսենք այդ համադրությունների մասին։ Դուք դա ինչպե՞ս եք հասկանում։

– Լեզուն, այսինքն՝ առարկան, որ ես պարապում եմ, առաջին հերթին հենց մշակույթի մի մասն է կամ նույնիսկ ինքը՝ մշակույթը։ Լեզուն կարող է լինել նաև, ասենք, երաժշտական կամ նկարչական, բայց, ամեն դեպքում, առանց լեզվի մշակույթ չկա, ինչպես և չկա մարդ՝ առանց լեզվի։

Բայց կարծում եմ, որ դասավանդման մեջ մշակույթը, լայն ըմբռնմամբ, պետք է ավելի մեծ տեղ զբաղեցնի, քան մինչև այսօր զբաղեցնում էր։

Ես նկատի ունեմ ընդհանուր կրթության այն բացերը, որոնք այսօր տեսնում եմ ուսանողների մոտ. նրանք, ի դեպ, շատ լավ սովորող, պարտաճանաչ ուսանողներ են։

Ես յուրաքանչյուր դաս սկսել եմ գերմանական որևէ բանաստեղծությամբ, քանի որ նկատել եմ այդ տարրի բացակայությունը, մինչդեռ դրա առկայությունը շատ կարևոր է։

Ուսման ամենակարևոր տարրը, իմ կարծիքով, կամ գուցե ամենակարևորներից մեկը հաճույքն է։ Եթե հաճույքով չես սովորում, երբեք լավ չես սովորի, եթե անգամ գերազանցիկ լինես։

Ես մի քիչ հեդոնիստ եմ, հաճույք շատ եմ սիրում բոլոր ոլորտներում՝ թեյ խմելուց սկսած։ Կարծում եմ, որ պետք է անպայման հաճույքը լինի դասավանդման գործընթացի մեջ։ Ամենադժվար նյութն անցնելիս, եթե հաճույքը տեղ չունեցավ, չի մարսվի։

Իսկ մշակույթը, պոեզիան, երաժշտությունը, դրանց կիրառումը դասավանդման գործընթացում օգնում է, որ անգամ ամենաանախորժելի առարկաները, նյութերը դառնան ավելի ախորժելի։

-Դուք ունե՞ք տարիների ընթացքում ձևավորված դասավանդման առանձնահատուկ մեթոդներ։

– Չեմ կարող ասել, թե ինչ-որ առանձնահատուկ մեթոդ ունեմ, բայց ես գերմաներենը շատ եմ սիրում, և՛ լեզուն, և՛ մշակույթը։ Կարծում եմ՝ ավելի շատ այդ սերն է ինձ օգնում, քանի որ ես այն միշտ փորձել եմ նաև փոխանցել նրանց, ովքեր նստած են իմ առջև։ Դա է հիմնականը։

– Դուք և Երևանի պետական համալսարանը ինչպե՞ս եք միմյանց զարգացմանը նպաստել։

– Ես շատ եմ սիրում մեր համալսարանը, միշտ եմ սիրել։ Քանի որ, իսկապես, բախտ եմ ունեցել շատ լավ դասախոսներ ունենալու։ Երբ ես էի սովորում, հայոց լեզվի դասերին մեր կուրսը կիսված էր 2 խմբի։ Իմ բախտը բերեց, որ ինձ դասավանդողը Էմանուել Պիվազյանն էր։

Մեր զուգահեռ խումբը տետրեր էր «լցնում»՝ տեսություններ արտագրելով տարբեր գրքերից, իսկ մենք հաճույք էինք ստանում մեր դասերից, որովհետև մենք մեր հայերենի քերականական նյութն անցնելիս անպայման այն համեմում էինք բանաստեղծություններով, սովորում էինք մեր տառերի թվային նշանակությունները և շատ ուրախ էինք, երբ հայերենի դասն էր սկսում։

Նաև շատ ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ համալսարանը տեխնիկական առումով բավականին առաջ է գնացել։

Միայն թե ես դեմ եմ ակադեմիական քաղաքին։ Մեր շենքերը պիտի մնան համալսարանի շենքեր։

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30