Իսրայելա-իրանական հակամարտության հետեւանքով Իսրայելի հայ համայնքում տուժածներ չկան։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Բեդիգ Գիրագոսյանը։
«Հարվածները բավական հեռու են հայ համայնքից, այստեղ ապահով է։ Հարվածների վայրը մեզանից ավելի քան մեկ ժամ հեռավորության վրա է գտնվում։ Բայց իրավիճակը լարված է, մարդիկ հարցնում են՝ այս պատերազմի վերջը ի՞նչ է լինելու»,- ասաց նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ շուկան փակ է, միայն կարեւոր խանութներն են բաց՝ սուպերմարկետներ եւ այլն։ Իրանի հարվածներից հետո Իսրայելի բանակը փակել է նաեւ Երուսաղեմի Հին քաղաքի մուտքը, միայն տեղի քաղաքացիները կարող են մտնել Հին քաղաք, այնտեղ, որտեղ հայ համայնքն է բնակվում։
Բեդիգ Գիրագոսյանի խոսքով՝ թեեւ Երուսաղեմում պատերազմի անմիջական հետեւանքները չեն զգում, բայց տագնապի ազդանշաններ են միացվում հարվածների ժամանակ, որպեսզի մարդիկ պատսպարվեն։ Նա ասաց, որ Հին քաղաքում ապաստարանների խնդիր կա։ «Հին քաղաքի տները պատրաստ չեն այս ձեւի պատերազմի։ Աստված չանի, որ որեւէ բան պատահի այստեղ, որովհետեւ Հին քաղաքի տները շատ խոցելի են, դժվար է լինելու, այստեղ մենք ապաստարաններ չունենք։ Մյուս քաղաքներն ամեն ձեւով պատրաստված են, բացի Երուսաղեմից։ Իսկ հայկական համայնքի 90 տոկոսն այստեղ է կենտրոնացած, Վանքի տարածքի մեջ։ Մինչեւ այս պահը դեռ ազդեցություն չենք զգացել մեր վրա եւ հուսանք, որ չի լինի»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ