Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Արցախը հանձնվել է այն պատճառով, որ կուսակրոնները խախտել են իրենց ուխտը»․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Հունիս 16,2025 13:16

«Մեզ մեղադրում են նրանում, որ մենք իբրև թե Եկեղեցին կամ մենք` եկեղեցականներս, զբաղվում ենք քաղաքականությամբ: Սա բացարձակ սխալ մեկնաբանություն է եկեղեցին պետությունից անջատվածության սկզբունքի, որովհետև, իմ կարծիքով, այս սկզբունքը, առաջին հերթին, ներդրվել է իշխանությունների ոտնձգությունից պետությունը պաշտպանելու համար, և ոչ թե եկեղեցուն կամ եկեղեցականներին հասարակական կյանքի կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումը արտահայտելու վերաբերյալ»,-«Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով իրավաբանների կազմակերպած քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Երկրորդը, մեզ ասում են, որ դուք բավարար ջանքեր չեք ներդնում պատմամշակութային հուշարձանների պահպանության գործում: Ես վիճակագրություն չեմ ներկայացնի, միայն կարող եմ հորդորել ձեզ ծանոթանալ, թե Հայաստանի հանրապետությունում որքան պատմամշակութային հուշարձաններ կան․ եթե չեմ սխալվում 24 հազար, և այդ 24 հազարից 18 հազարը պաշտամունքային նշանակության պատմամշակութային հուշարձաններ են: Այդ պաշտամունքային նշանակության պատմամշակութային հուշարձաններից այսօր եկեղեցուն են հանձնված ոչ ավել, քան 600-ը: 600 հուշարձանների պաշտպանությունը նայեք եկեղեցու ոչ բավարար միջոցների պարագայում, և մնացյալի պահպանության որակին»,- ասաց սրբազանը՝ հավելելով՝ ակնհայտ է, որ այս ոլորտում ևս պետությունը իր անմիջական պարտավորությունները չեն կարողանում կատարել, և հասկանալի նաև պատճառներով, որովհետև բավական ֆինանսական միջոցներ են ծախսվում:

«Ես ծանոթացա Մշակույթի նախարարության վերջին հայտարարությանը, որտեղ մոտավորապես խոսվում էր 2018 թվականից մինչև այսօր հուշարձանների պաշտպանության ոլորտում ծախսված գումարների մասին, որը չէր գերազանցում 5 միլիոն ԱՄՆ դոլարը: Ուրեմն պատկերացրեք, 7 տարվա ընթացքում ընդամենը 5 միլիոն դոլար է ծախսվել հուշարձանների պահպանության ուղղությամբ, երբ Մայր Աթոռի շինարարական աշխատանքները գերազանցել են 12 միլիոն ԱՄՆ դոլարը: Սա պարզ մի համեմատություն է:

Հուշարձանների պահպանության մասին խոսում են, երբ Հայաստանի կարևորագույն տաճարի նորոգությանը որևէ ֆինանսական աջակցություն չի ունեցել այս իշխանությունը: Երրորդը, որ մեզ փորձում են մեղադրել, այն է, թե իբրև թե աղանդավորների դեմ արդյունավետ պայքար չի իրականացվում: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչպես կարող է եկեղեցին արդյունավետ պայքար իրականացնել աղանդավորների դեմ, եթե անգամ այդպիսի օրակարգ ունենա, երբ իշխանությունները լայնորեն բացել են այդպիսի կազմակերպությունների դռները, ուղղակիորեն քաջալերում են այլասերության քարոզը, քաջալերում են կրոնական կազմակերպությունների կողմից իրականացվող մարդորսական գործողությունները, Հյուսիսային պողոտայում մեկ-երկու անգամ պտտվեք և կտեսնեք այդպիսի բազմաթիվ դեպքեր և դրվագներ:

Հաջորդ հարցը կուսակրոնության ուխտի հետ կապված տարածվող այս տեղեկատվությունն է: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Արցախը հանձնվել է այն պատճառով, որ կուսակրոնները խախտել են իրենց ուխտը, կամ մենք կատարել ենք տարածքային զիջումներ, որովհետև կուսակրոն հոգևորականները չեն պահպանել իրենց կուսակրոնության ուխտը: Ուղղակի զավեշտական է հնչում, ակնհայտ է, որ մարդը արհեստականորեն փորձում է ձախողումների համար մեղավորներ նշանակել»,- ասաց սրբազանը:

Ըստ նրա, Հայաստանի իշխանությունները, իշխող կուսակցության ղեկավարի գլխավորությամբ, լիարժեքորեն չեն պատկերացնում իրենց առաքելությունը եւ ուղղակիորեն փորձում են իրենց անմիջական պարտավորությունները իրականացնելու փոխարեն՝ արհեստական թիրախներ ստեղծել, կեղծ օրակարգեր ձեւավորել․ «Շատ ժամանակ չի անցել, երբ այդպիսի օրակարգեր քանիցս ձեւավորվեցին: «Աղային բարեփոխումները», հիմա էլ անցել են եկեղեցական բարեփոխումներին: Բոլորիս համար ակնհայտ է, թե ինչ նպատակ է հետապնդում այս արշավը:

Պատահական չի կարելի համարել նաեւ համընկնումները այն թիրախների ընտրության մեջ, որը կատարում է իշխանությունը, համընկնումները ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած առաջնահերթությունների հետ: Սրանք, իհարկե, պատահական չեն: Որքան բարեմտություն ցանկանաս դրսևորել, միևնույն է, այդ օրինաչափությունը նկատելի է:

Ուզում եմ համոզում արտահայտել, որ, իրապես, այլևս խելամիտ բանավեճերի ժամկետը, կարծես թե, անցել է, և անմիջաբար իշխանության ներկայացուցիչների և անմիջաբար երկրի ղեկավարի բառապաշարը, հռետորաբանությունը, օգտագործած բառերը այլևս ընտրություն չեն թողնում, որպեսզի դրան տրվի իրավական գնահատական: Ես ենթադրում եմ, որ իրավական գնահատական տալուց հետո ինչ-որ մի ժամանակ կգա, որ նաև հնարավորություն կունենանք առողջապահության ոլորտի մասնագետներին տեսնենք այսպես համախմբված, որպեսզի նաև իրենք իրենց մասնագիտական գնահատականը տան այն անձի վերաբերյալ, որը ի վիճակի է այդպիսի բառապաշար և այդպիսի խոսույթ օգտագործել ոչ միայն եկեղեցականների նկատմամբ, այլ, ընդհանրապես, որևէ անձի նկատմամբ:

Ես կուզեի առանձնացնել մի քանի շեշտադրումներ, որոնք իշխանությունների կամ իշխանությանը հարող անձանց կողմից պարբերաբար օգտագործվում են եկեղեցուն թիրախավորելու համար, և, իհարկե, դուք գիտեք, որ սա նոր երևույթ չէ, սա, այսպես կոչված, հեղափոխությունից անմիջապես հետո առաջ եկավ եկեղեցու դեմ այսպիսի պայքար»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական քննարկումը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30