«Հայաստանի պարտքի հետ կապված որեւէ լուրջ խնդիր չունենք, որովհետեւ 2024 թվականի արդյունքներով՝ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է։ Եթե 2023 թվականի արդյունքներով ունեինք 48.4 տոկոս հարաբերակցություն, ապա 2024 թվականի արդյունքներով ունենք 48 տոկոս»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ կառավարությանն անհանգստացնում է ոչ թե պարտքի մակարդակը մեր ծախսերում, այլ պարտքի սպասարկման տոկոսը, որը բարձր է։ Ըստ նախարարի՝ միջազգային ստանդարտով դա բարձր չէ, բայց պետք է լուրջ ուշադրություն դարձնել այս հարցին եւ միջոցներ ձեռնարկել պարտքի սպասարկման ծախսը նվազեցնելու ուղղությամբ։ «Դա կազմում է 10.6 տոկոս 2024 թվականին։ Եվ այս տոկոսը նույնիսկ աճի միտում ունի 2025-2026 թվականներին։ Մեր ռազմավարությունը միջնաժամկետ ծախսերի ծրագրով հենց նպատակ ունի զսպել այս ծախսերի ավելացումը, պարտք-ՀՆԱ մակարդակը պահպանել 50 տոկոսի շրջանակներում եւ մեր ծախսերի մեջ պարտքի սպասարկման ծախսերը սահմանել 11-12 տոկոսի շրջանակներում»,- ասաց նա։
Վահե Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ աշխարհում իրավիճակը կկայունանա, եւ բարձր տոկոսադրույքները կնվազեն։ 2024 թվականին արդեն արձանագրվել է տոկոսադրույքների որոշակի նվաճումներ, բայց, ըստ Հովհաննիսյանի, դա դեռ բավարար չէ։ «Այստեղ մեծ հրաշքներ չկան՝ պարտքի մակարդակը պետք է նվազի, եւ պարտքի տոկոսադրույքները պետք է նվազեն։ Կարծում եմ՝ 50 տոկոսի շրջանակներում պարտքը շատ կառավարելի է, բայց տոկոսադրույքների ուղղությամբ պետք է աշխատանք տանենք»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ