«Անհատ եկեղեցականների դեմ շարժում իրականում գոյություն չունի, այն ընդամենը անհաջող պատրվակ է` ի դեմս Հայ Եկեղեցու, հենց պետականությունը թիրախավորելու համար, քանզի ներեկեղեցական կյանքի բոլոր հարցերը, հանրային իշխանության իրավասու մարմիններում գրանցված կանոնադրության համաձայն, վերապահված են եկեղեցական կանոնադրական կառավարման մարմինների իրավասությանը, և եթե դրանք անտեսվում են, փոխարենը առաջարկվում է ստեղծել վարչապետի նախաձեռնությամբ տարաբնույթ «խորհուրդներ», ապա դրանով փաստվում է, որ անտեսվում է ողջ եկեղեցական համակարգը»,- «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով իրավաբանների կազմակերպած քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:
«Թեպետ օրենսդրությունը չի սահմանափակում եկեղեցականների կողմից քաղաքականությամբ զբաղվելը, այնուամենայնիվ, նրանք գործնականում դրսևորում են անթաքույց քաղաքական զսպվածություն: Մասնավորապես, Հայ Եկեղեցու իրավասու մարմինների հայտարարությունները բացառապես վերաբերում են համազգային խնդիրներին, դրանցում բացակայում է որևէ քաղաքական, կուսակցական ուղղվածության հայտարարություն կամ միտք»,- ասաց Գեւորգ Դանիելյանը՝ հույս հայտնելով, որ կհաղթի ողջամտությունը և կկասեցվի այս հակապետական արշավը:
Իր գնահատմամբ, ընդհանրապես, Հայ Եկեղեցու առնչությամբ ներկայիս իրադարձությունների արդյունքում ձևավորվել են կեղծ օրակարգեր, որոնց որոշ չափով հարկադրված ենք դրանց անդրադառնալ, քանզի տեղեկատվության խեղաթյուրումը խիստ լարված և անհամարժեք մթնոլորտ է ձևավորել ոչ միայն Հայ Եկեղեցու, այլև ազգային ինքնության արժեքների առնչությամբ:
«Իրականում, եթե պետական իշխանությունը կամք ու ունակություն ունենար արդյունավետ համագործակցելու Հայ Եկեղեցու հետ, ապա հիրավի հրատապ ու արդիական կդիտարկվեին բոլորովին այլ խնդիրները, որոնք անմիջական առնչություն ունեն հոգևոր, մշակութային և ազգային ինքնության արժեքների պահպանման և սփյուռքի հայրենադարձման հիմնահարցերի հետ: Հայ Եկեղեցին այն եզակի համապարփակ կառույցն է, որ պետությանը կարող է տալ անօրինակ հնարավորություն աշխարհի ցանկացած ծայրում կյանքի կոչելու հիշյալ խնդիրները: Եվ այս համատեքստում ցավալի է, որ շրջանցելով Սահմանադրության 19-րդ հոդվածը, որոշ իրավասու պաշտոնյաներ հայտարարում են, թե իբր հայրենադարձությունը իրենց համար առաջնահերթ չէ, այս մարդկանց թվում է, թե այդ հարցերը թողնված են իրենց հայեցողությանը:
Կարդացեք նաև
Հանրային թեմաներով հոգևորականների ելույթների և եկեղեցական կառույցների ընդունած փաստաթղթերի առնչությամբ, ցավոք, իշխանությունների հրապարակային խոսույթի համատեքստում ձևավորվել է անհարկի թյուրըմբռնում: Յուրաքանչյուր հոգևորական Սահմանադրության ուժով անարգել կարող է զբաղվել քաղաքականությամբ, ազատ քննադատել հանրային իշխանություններին և կոնկրետ պաշտոնյաներին: Խնդիրը նաև այն է, որ որևէ իրավական ակտով տրված չէ «քաղաքականությամբ զբաղվելու» հասկացության բնորոշումը, ինչը լայն կամայականությունների տեղիք է տալիս:
Հանրային իշխանությունը չի կարող պատճառաբանել, թե իբր իրենք հարկադրված են անդրադառնում ներեկեղեցական խնդիրներին, քանի որ խնդիրը իբր պետական անվտանգությանն է առնչվում: ՄԻԵԴ-ը բազմիցս է միանշանակ արձանագրել, որ պետական անվտանգությունը չի կարելի փոխկապակցել ներեկեղեցական կյանքի միջամտության հետ»,- ասաց Գեւորգ Դանիելյանը՝ հավելելով, որ սնանկ են նաև հանրային իշխանության այն թեզերը, թե իբր եկեղեցականները կարող են քաղաքականությամբ զբաղվել միայն կուսակցություններ հիմնադրելու միջոցով:
Ըստ նրա, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա կնկատենք, որ Հանրապետության Նախագահը, որը ևս չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, իրավասու չէ զբաղվել քաղաքականությամբ, զրկված է համազգային և համապետական շահերով ղեկավարվելու սահմանադրական առաքելությունից, մինչդեռ «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի հիմքով վերջինս քաղաքական պաշտոնյա է:
«Այս շարժման առնչությամբ հաճախ են հարցնում, թե այս ամենը կոնկրետ ինչի դեմ է ուղղված՝ անհատ եկեղեցականների՞, թե՞ ողջ Հայ Եկեղեցու դեմ: Վերջին հաշվով, այս արշավն ուղղված է պետականության դեմ, քանզի Սահմանադրության ուժով Հայ Եկեղեցին ամրագրված է, որպես ազգային ինքնությունը պահպանելու գործում բացառիկ առաքելություն իրականացնող կառույց, և եթե հակասահմանադրական ճանապարհով միջամտություն է ցուցաբերվում Սահմանադրական կարգի այդ հիմունքների նկատմամբ, ապա, վերջին հաշվով, դա ոտնձգություն է հենց պետականության դեմ»,- կարծում է Գեւորգ Դանիելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական քննարկումը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ