ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագծի փաթեթի տակ իր ստորագրությունը դնելու՝ «Արթուն ենք» քաղաքացիական շարժման անդամ Նարեկ Մալյանի առաջարկը մերժելով՝ նաեւ տեղեկացրեց, որ «Հայաստան» խմբակցության իր գործընկեր Արթուր Խաչատրյանը, որին պատրաստվում էր հանդիպել պարոն Մալյանը, խնդրել է տեղեկացնել, որ ինքը կարեւոր հանդիպման է:
Փորձելով ըմբռնումով մոտենալ, որ պարոն Խաչատրյանը, գուցե անվստահություն հայտնելուց ավելի կարեւոր հանդիպման է, կամ գուցե տեղյակ չի եղել, որովհետեւ ինքը երեկ է հայտարարել, Նարեկ Մալյանը քայլերն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի աշխատասենյակ:
Ճանապարհին նա լրատվամիջոցներին տեղեկացրեց, թե ինչի է այսօրվա հանդիպումների համար ընտրել հատկապես այս երեք պատգամավորներին: «Որովհետեւ այս երեք պատգամավորները իրենց հարցազրույցներում հրապարակային հայտարարել են, որ ձեւաթուղթը հենց լինի, իրենք այդ ձեւաթղթի տակ կստորագրեն: Հիմա այդ ձեւաթուղթը իմ ձեռքին է՝ չորս էջանոց, առաջադրմամբ, դիմումով, ներկայացված թեկնածուով եւ 107 ստորագրությունների տեղով: Հիմա այս թղթով փորձեմ շատ քաղաքավարի տեսնել, թե տիկին Խամոյանն ինչ կասի, ստանալ իմ հարցերի պատասխանը եւ իր ստորագրությունը: Ինքը նաեւ հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը թիրախավորում է Ռոբերտ Քոչարյանին: Բայց կփորձեմ քաղաքական ինտրիգների մեջ չմտնել, որպեսզի ավելի չխճճեմ այս իրավիճակը, որովհետեւ այս իրավիճակը խճճելը ձեռնտու է միայն այն գործիչներին, որոնք փորձում են անվստահության գործընթացը ոչնչացնել»,-ասաց նա:
Սակայն Նարեկ Մալյանին չհաջողվեց հանդիպել Ագնեսա Խամոյանին, որովհետեւ նրա աշխատասենյակի դուռը փակ էր: «Այսօր երկուշաբթի է, ժամը 11:45-ը: Տիկին Խամոյանը երեւի շատ կարեւոր գործեր ունի, ԱԺ շենքում չի, ինչպես ԱԺ շենքում չի մյուս պատգամավորը՝ Արթուր Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Հատուկ հարգանքներս պարոն Վարդանյանին, որ ընդունեց անձնական կծմծոցով, բայց մարդը մնաց, ընդունեց, առերես փորձեց գոնե իր ժխտական դիրքորոշումը բաց հայտնել, ինչը իմ կարծիքով այս պահին հարգանքի արժանի է: Ես հիմա այս ձեւաթուղթը կհանձնեմ «Պատիվ ունեմ» խմբակցության գրասենյակ եւ դրանից հետո իմ հաջորդ այցելության մասով կպայմանավորվենք: Ես երեկ Էդգար Ղազարյանի հետ խոսել եմ եւ հնարավոր է՝ վաղը կամ մյուս օրը ինքը այցելի: Մենք այստեղ լինելու ենք շատ հաճախ»,-ասաց Նարեկ Մալյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ