Հունիսի 14-ը, ըստ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի նախկին տնօրեն, երջանկահիշատակ աստղագետ և տոմարագետ Գրիգոր Բրուտյանի, Հայոց Հին Նոր տարին է։ Աստղագետի համոզմամբ՝ հին հայկական օրացույցն ունեցել է 300 օր` 10 ամիս, յուրաքանչյուրը` 30-ական օրով։ Իսկ մեր նախնիները տարվա սկիզբը նշել ու տոնել են ամառային անդրադարձից 8 օր շուտ՝ հունիսի 14-ին։
Այդ օրը կայացել է նաև մեծ ուխտագնացություն դեպի Արագած լեռ, որտեղ տոնական արարողությունները շարունակվել են մեկ շաբաթ։ 2025թ․ հունիսի 14-ին արդեն 19-րդ անգամ «Հանուն հայրենիքի» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը շարունակեց Գրիգոր Բրուտյանի նախաձեռնությունը՝ իրականացրեց տոնական ուխտագնացություն նախնյաց ճանապարհով՝ դեպի Արագած լեռ։
Ավանդույթի համաձայն՝ ուխտագնացությունը, որին մասնակից են լինում աստղագետներ, տոմարով զբաղվողներ, մշակույթի գործիչներ, զինվորականներ, երիտասարդներ և այլք, սկսվում է Երևանից։
Ուխտագնացների առաջին կանգառը տեղի ունեցավ Արագածոտնի մարզի Աղցք գյուղում գտնվող Արշակունի թագավորների վաղ միջնադարյան դամբարան-հնավայրում։ Բյուրականի գերեզմանոցում է ամփոփված ականավոր տոմարագետ Գ․ Բրուտյանի մարմինը։ Ուխտագնացներն այցելեցին նրա շիրիմին, հարգեցին հիշատակը, խնկարկեցին։ Հակիրճ ներկայացվեց գիտնականի կենսագրականը, հայրենանվեր գործունեությունը։
Կարդացեք նաև
Աստղաֆիզիկոս, տոմարագետ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Գ․ Բրուտյանը ծնվել է 1955թ․ հունիսի 28-ին Երևանում։ 1992-2002 թթ. Բյուրականի աստղադիտարանում եղել է հենց հայկական օրացույցների հետազոտությանը նվիրված գիտական թեմայի ղեկավար։ 1999 թ․, երբ ստեղծվել է Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը, աշխատել է այստեղ, 2000 թվականից մինչև վախճանվելը՝ 2021թ․ ապրիլի 11, եղել է թանգարանի տնօրենը։ 2004 թ․ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ֆիզիկամաթեմաիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Գիտնականի տոմարագիտական ուսումնասիրությունների հիմնական ոլորտը հայկական հին և հնագույն օրացույցների դաշտն է։
Նա ճշգրտել է Հայոց Հայկյան օրացույցի սկիզբը՝ Ք. Ա․ 2341 թ., ինչպես նաև՝ Հայոց հնագույն Ամանորի՝ Նավասարդի տոնի դիրքն արևադարձային տարվա մեջ (ամառնամուտից 8 օր առաջ)։ Ի հայտ է բերել Հայոց հնագույն՝ Նախահայկեան օրացոյցն իր ուրույն կառուցուածքով, որոշ ճշգրտումներ է կատարել հայկական միջնադարյան օրացույցների վերաբերյալ։ Ուխտագնացների հաջորդ կանգառը Հայոց հնագույն Ամբերդ ամրոցում էր, որտեղից էլ սկսվեց դեպի Արագածի հարավային գագաթ արշավը։
Մեր, ինչպես ասում է Ավետիք Իսահակյանը, Ալմաստ-վահան լեռան հարավային լանջին, ծովի մակարդակից 3200 մ․ բարձրության վրա է Քարե լիճը, որի հարավային ափին է գտնվում խորհրդային տարիներին հիմնած ֆիզիկայի գիտահետազոտական կենտրոնի բազայի վրա գործող Արագած տիեզերական ճառագայթների հետազոտական կայանը։ Այն 1942-43 թթ․ հիմնել են Արտեմ և Աբրահամ Ալիխանյան եղբայրները։ Կայանի տարածքում տեղադրված է հազարամյա վիշապաքար, որի մոտ կայացավ Հայոց Նավասարդյան տոնին նվիրված միջոցառում։
Ներկաները գինով շնորհավորեցին միմյանց։ «Հանուն Հայրենիքի» ՀՀԿ նախագահ Ներսես Ներսիսյանը, ով ծրագրի հիմնական հեղինակն ու կազմակերպիչն է, իր ելույթում կարևորեց այս միջոցառումը հատկապես երիտասարդ սերնդի համար։ Դիմելով ներկաներին ասաց․ «Այս տոնակատարությունը բարձրացնում է մասնակիցների ռազմա-հայրենասիրական ոգին՝ դառնալով հայ հնագույն մշակույթի քարոզչության միջոց»։
Եղան այլ ելույթներ ևս։ Ներկա ֆիզիկոս գիտնականներից մեկը ներկայացրեց միլիոնավոր տարիներ առաջ երկրի վրա տեղի ունեցած ֆիզիկական երևույթների մասին։ Ուխտագնացությունը եզրափակվեց Ամբերդ ամրոցի տարածքում կայացած հանդիսավոր միջոցառմամբ։
Ընդհանրապես յուրաքանչյուր ուխտագնացությանը մասնակից են եղել մշակութային խմբեր, անհատ երգիչ-կատարողներ։ Այս անգամ հանդիսավոր միջոցառման ժամանակ հանդես եկավ «Արցախի այաներ» համույթը՝ Սուսաննա Ավշարյանի գլխավորությամբ։
Արդեն մթնշաղ էր, որ ուխտագնացները հրաժեշտ տվեցին Ամբերդին՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին։ Ոգևորված ու գոհ էին «Արցախի այաներ» համույթի անդամները, որ իրենց տնից բռնի տեղահանվելուց հետո Մայր Հայրենիքում կարողանում են համախումբ լինել նման միջոցառումներին մասնակից լինելով։ Իսկ Արագած լեռն ու Ամբերդի անկրկնելի գեղեցկություն հմայել էր նրանց։ Ն․ Ներսիսյանը նշեց՝ հունիսի 21-22-ին այցելելու են Գառնի՝ դիմավորելու Արևադարձը։
Զոհրաբ Ըռքոյան