Ես ամեն գիշեր վերապրում եմ իմ երեխու կորուստը. զոհվածի մայր
-Թե ինչ դժոխքի միջով են անցել մեր տղերքը, գիտեն միայն նրանք, ու այն մարդիկ, որոնք փրկվել են: Խայտառակ, շփոթեցնող հրամաններ են եղել: Պատասխանը միանշանակ է, մեր մարտկոցի զինվորները զոհվել են անպատասխանատու հրամանի պատճառով: Ասում են՝ փախնողական տրամադրություն է եղել, բայց այդ մարդիկ կատարել են հրաման, ի տարբերություն նրանց, որոնք փախել ու չեն կատարել ու կյանքով են հատուցել,- այսօր Վերաքննիչ դատարանում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի (Ցորի զորամասի) գործով դատական նիստի ժամանակ ասաց զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը` Նաիրա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Հարությունյանը համակողմանի չի ուսումնասիրել, չի մշակել իրադրության մասին ստացված տեղեկատվությունը, համապատասխան ծառայությունների սպաների հետ ստացված տեղեկությունը չի քննարկել, իր աշխատանքային քարտեզները չի ուսումնասիրել, բայց առանց հիմնավորման նշել է, թե մոտեցող խմբավորումը յուրային է։ Տեղեկությունը հաղորդվել է «Ցորի» դիվիզիոնի անձնակազմին, իսկ մոտեցող խմբավորումն իրականում եղել է ադրբեջանական ստորաբաժանում։
Վերաքննիչ դատարանը քննում է թե՛ Ջալալ Հարությունյանի պաշտպանական կողմի բողոքը առաջին ատյանի դատավճռի դեմ, թե՛ տուժող կողմի բողոքը:
Կարդացեք նաև
Նաիրա Մելիքյանը դատարանին նաեւ հայտնեց, որ ընդամենը մեկ վկա է ադրբեջանական ստորաբաժանման ձեռքին եղած կարմիր ժապավենի մասին խոսել, իսկ իրականում, երբ ակնհայտ տեսանելի է եղել թշնամու կարմիր ժապավենը, արդեն ուշ է եղել, շրջափակման մեջ են եղել:
-Ի՞նչ եք կարծում Նորայր Հայրապետյանն ու ուրիշներն այդքան շա՞տ էին ուզում մեռնել, ծալապակասնե՞ր էին, որ ակնհայտ հասկանալով, որ եկողը թշնամի է, յուրային զորք չէ ու շարունակո՞ւմ էին ճշտել, հնարավո՞ր է նման բան… այստեղ Ջալալ Հարությունյանն առանց ամաչելու ցիտում է ադրբեջանական կողմի ստահոդ տեղեկությունները, որ իբր թե մերոնց կրակած թիրախներից չնչին մասն է հասել, թիրախները իրենք են տվել: Եթե թիրախները տեղ չեն հասել, թիրախները տվել են շտաբից… ահավոր դժոխք է եղել, թե այդ օրն ինչ չարքերի պար է եղել, ես ամեն գիշեր վերապրում եմ: Իմ երեխեն ոտքերը, մեջքը ջարդած ընկած է եղել, նույնիսկ խնդրել է ընկերներին՝ խփեք ինձ, նոր գնացեք, թշնամին գալիս է: Ու ոչինչ չեն արել, որ գոնե մարմինները դուրս բերեն… երկինքը մեզ նայում է ամոթով: Հինգ տարի է՝ մենք ամոթի մեջ ենք ծնողներով, որովհետեւ ամեն ինչ անում ենք, որ պատժենք մեր երեխաներին իբրեւ թե անփութորեն մահվան դատապարտողին: Եվ երբեմն անզորությունից չգիտենք՝ ինչ անենք: Խնդրում եմ՝ իրականացրեք արդարադատություն: Այս մարդը, եթե հերոս է, հայրենիքին ծառայություններ ունի մատուցած, իր արած հանցանքի համար պետք է պատասխան տա: Եթե այսօր ես 12 ամիս որոնումներից հետո մի հատ ոսկոր եմ ստացել իր թեթեւ ձեռքով, երբ բունկերում գոռում էին հաղթում ենք, լավ, սիրուն հագնված, մեդալներ ու ուսադիրներ էին բաժանում: Ջալալ Հարությունյանի եղբայրն էլ մեզ ասում էր՝ լավ ծնողներ էիք, գնայիք ձեր երեխեքի հետ կռվեիք, մենք իմացել ենք՝ հաղթում ենք»,-հուզվեց զոհվածի մայրը:
Նաիրա Մելիքյանի այս խոսքին արձագանքեց Ջալալ Հարությունյանի եղբայրը, որն իր պոռթկումների համար դուրս հրավիրվեց դահլիճից:
-Ես իմ երեխու կորուստը հինգ տարի ամեն գիշեր վերապրում եմ,- իր խոսքը եզրափակեց զոհվածի մայրը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ