«Ես կարծում եմ, որ վարչապետի այցերի եւ դրանց օրակարգի վերաբերյալ մեկնաբանությունները ճիշտ կլինի, որ վարչապետի աշխատակազմը տա։ Ես այս պահին որեւէ լրացուցիչ տեղեկատվություն այդ մասին չեմ կարող տալ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը մեկնելո՞ւ է Թուրքիա։
Լրագրողների ճշտող հարցին՝ ՔՊ-ում չի՞ քննարկվել, իրենց չեն տեղեկացրե՞լ՝ Փաշինյանը մեկնելո՞ւ է Թուրքիա, թե՞ ոչ, Խանդանյանը պատասխանեց․ «Ինձ շատ բան են ասում, բայց այնքանով, որքանով ես պատասխանեցի, բավարարվեք դրանով»։
Անդրադառնալով հարցին, թե օգտվելով իսրայելա-իրանական պատերազմից՝ Ադրբեջանը կարո՞ղ է հարձակվել Հայաստանի վրա, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Բնականաբար, ցանկացած լարում տարածաշրջանում, հատկապես այսքան մոտ տարածաշրջանում, առաջացնում է մտահոգություններ, որ կարող է, ընդհանուր առմամբ, անվտանգային իրավիճակը լարվել տարածաշրջանում։ Բայց ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակմանը, ես պիտի շարունակեմ պնդել, որ Ադրբեջանը չունի հիմնավոր պատճառ եւ լեգիտիմություն՝ Հայաստանի վրա որեւէ կերպ ագրեսիա սկսելու համար: Նման ագրեսիայի որեւէ առիթ, պատճառ ու լեգիտիմություն չկա»։
Լրագրողները հիշեցրին, որ 2022 թվականին Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա։ Սարգիս Խանդանյանն ասաց․ «Անվտանգային միջավայրը բոլորովին տարբեր էր 2022-ին եւ 2025 թվականին։ Եվ բացի այդ, հիշեցնեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն պատրաստի խաղաղության պայմանագրի տեքստ, որը Հայաստանը պատրաստ է ստորագրել այսօր։ Դե Ադրբեջանի դիրքորոշման մասին գիտեք, բայց Հայաստանն աշխատում է եւ շարունակում է բանակցություններն ու քննարկումները՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորինս մոտեցնելու համար»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, թե իսրայելա-իրանական պատերազմի պայմաններում ՀՀ Անվտանգության խորհուրդը նիստ գումարե՞լ է, պատգամավորը պատասխանեց․ «Հայաստանի ԱԽ-ն պարբերաբար տարբեր ֆորմատներով քննարկում է ունենում։ Եվ քննարկում են նաեւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերը»։
Սարգիս Խանդանյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե Իրանի ու Իսրայելի հայ համայնքի տարհանման հարց քննարկվո՞ւմ է։ Նա ասաց․ «Ես այս պահին չունեմ նման տեղեկատվություն։ Եթե նման խնդիր առաջանա, ցավոք սրտի, մենք ունենք այդ փորձառությունը, տարբեր պատերազմական գոտիներում գտնվող մեր հայրենակիցներին օգնություն տրամադրել ենք։ Այս պահին նման ահազանգ չկա, բայց եթե լինի, արդեն Հայաստանի համապատասխան գերատեսչությունները կարձագանքեն»,- ասաց Խանդանյանը։
Հարցին, թե ռիսկերը գնահատվո՞ւմ են, նա պատասխանեց․ «Իհարկե, գնահատվում են, Հայաստանում կան ինստիտուտներ, որոնք շատ կոնկրետ ուսումնասիրում են իրավիճակը եւ գնահատում են ռիսկերը։ Այսինքն՝ անընդհատ տարվում է աշխատանք, ուսումնասիրվում է իրավիճակը, տրվում են գնահատականներ եւ հնարավոր հակազդման քայլերը»։
Նա նշեց, որ կոմունիկացիաների բացման վերաբերյալ ՀՀ իշխանությունների առաջարկությունը բավականին լավ առաջարկություն է, դրանից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը եւ ընդհանրապես Ադրբեջանը։ Նա նշեց, որ ադրբեջանական կողմը դեռեւս չի պատասխանել հայկական կողմի առաջարկներին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ