Լրատվամիջոցները բառացիորեն միաժամանակ հանրությանը տեղեկացրեցին արտառոց միջադեպի մասին. հատուկ ջոկատայինները «գրոհել են» խոշոր ձեռնարկատեր, հայտնի բարերար Սամվել Կարապետյանի առանձնատունը: Համապատասխան իրավապահ մարմնի ներկայացուցիչները առանձնատանը անցկացրել են խուզարկություն: Ըստ տարածվող լուրերի՝ իրավապահները բերման են ենթարկել առանձնատան մուտքի մոտ կանգնած մի քանի տասնյակ անձանց, ենթադրաբար գործարարի բարեկամներին և հարևաններին:
Եվ այս ամենն՝ ի պատասխան Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, որ ինքը որպես հավատացյալ հայ պատրաստ է պաշտպանել և բարոյական աջակցություն ցուցաբերել Հայ Առաքելական Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերջին շրջանում իշխանությունների կողմից նախաձեռնած աննախադեպ վարկաբեկիչ արշավին արժանապատվորեն դիմագրավելու գործում:
Թվում է, թե Եկեղեցու հետևորդին հարիր, որոշակի հոգևոր և մտավոր արժեքներ կրող անհատին բնորոշ հայտարարություն է արել մեծ բարերարը:
Բայց ո՛չ: Ստացվում է, որ մեր Եկեղեցու հետևորդները իրավունք չունեն Կառավարության ղեկավարից ու նրա մերձակա շրջապատից տարբերվող կարծիք ունենալ: Ավելին, պարզվում է, որ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում այլակարծությունը ոչ միայն չի խրախուսվում, այլև «վտանգավոր է»:
Կարդացեք նաև
Ընդ որում` նշյալ միջադեպի կապակցությամբ սոցցանցում «թաղային լեքսիկոնով» իր գրառմամբ Նիկոլ Փաշինյանը փաստում է, որ Սամվել Կարապետյանի հանդեպ նա քաղաքական հետապնդում է նախաձեռնել:
Ավելին, իր վարքագծով Կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս հաստատում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայոց Վեհափառի հանդեպ իր վարկաբեկիչ ոտնձգությունները բացառապես քաղաքական նպատակ են հետապնդում:
Եվ այս ամենը մեր մտավորականության կրավորական կեցվածքի պայմաններում:
Խայտառակություն է:
Խոսրով Հարությունյան
17.06.25թ