Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը որդեգրել է հստակ ուղի՝ դառնալու նորարարությամբ առաջնորդվող, համաշխարհային տնտեսությանն ակտիվորեն ինտեգրված երկիր. Պապոյան

Հունիս 18,2025 15:36

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին մասնակցել է Hospitality Investment Forum Yerevan 2025 (HIF Yerevan 2025) ներդրումային ֆորումին։

Համաժողովի նպատակն էր երկխոսությունների միջոցով նպաստել ներդրումների խթանմանը, ռազմավարական գործընկերությունների ձևավորմանը և կայուն զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանի ու համաշխարհային հյուրընկալության քարտեզի վրա որպես մրցունակ ուղղություն Հայաստանի դիրքավորմանը։

«Այսօր Հայաստանը որդեգրել է հստակ ուղի՝ դառնալու նորարարությամբ առաջնորդվող, բարձր արժեք ստեղծող և համաշխարհային տնտեսությանը ակտիվորեն ինտեգրված երկիր։ Այս ռազմավարական ընթացքի համատեքստում զբոսաշրջության զարգացումը և ոլորտում ներդրումների խթանումը առանցքային դեր ունեն մեր տնտեսության վերափոխման գործում։

Այս ուղղությամբ Կառավարության հետևողական քաղաքականության մասին են վկայում ոլորտում իրականացված և մեկնարկող ծրագրերը, մասնավորապես՝ բարեհաջող ավարտված «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» (LEIDP) ծրագիրը և նոր նախաձեռնվող «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացման» (TRIP) ծրագիրը, որն իրականացվելու է յոթ կլաստերներում՝ Գորիս, Արենի, Եղեգիս, Ջերմուկ, Գյումրի, Դիլիջան և Դվինում», – նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարն ընդգծել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը, հանդիսանալով ծրագրերի համակարգող և քաղաքական պատասխանատու մարմին, շարունակելու է աշխատել Հայաստանի տնտեսական ներուժը բացելու ուղղությամբ՝ զբոսաշրջությունն օգտագործելով որպես լուրջ խթան տարածքային զարգացումների, մասնավոր ներդրումների և որակյալ աշխատատեղերի ստեղծման համար։

HIF Yerevan 2025 համաժողովին մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, հարյուրավոր գործարարներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, ՌԴ-ից, Չեխիայից, Վրաստանից, Կատարից, Ռումինիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Շվեյցարիայից, Օմանից և այլ երկրներից՝ ներկայացնելով Accor, Hilton, Hyatt, IHG, Marriott, Radisson, Wyndham միջազգային հյուրանոցային ցանցեր և այլ ընկերություններ:

Համաժողովի շրջանակում կազմակերպվել են նաև պանելային քննարկումներ, որոնց ընթացքում մտքեր են փոխանակվել հյուրընկալության էկոհամակարգի զարգացման, շուկայի միտումների, ռիսկերի կառավարման, կայուն հյուրընկալության զարգացման, ուղղությունների բրենդավորման, տարածաշրջանային զբոսաշրջություն և կլաստերների վերաբերյալ:

Համաժողովի ընթացքում նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը ելույթով հանդես է եկել «Խթանելով հյուրընկալության էկոհամակարգի զարգացումը․ ռազմավարական ենթակառուցվածք, հանրային ֆինանսավորում և միջազգային ծրագրերի պանելիստներ » խորագրով պանելային քննարկմանը։

Ներդրումային ֆորումը կազմակերպել է Stone Development ընկերությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30