Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց նախնիների հողեր վերադարձի իրավունքը. Ալիև

Հունիս 18,2025 17:49

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց նախնիների հողեր վերադարձի իրավունքը։ Սա տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և մարդու իրավունքների հաստատման հիմնարար պայման է», —այսօր ասել է Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը՝ Իրավունքի գերակայության ամրապնդումը. մարդու իրավունքների պաշտպանների և ազգային ինստիտուտների դերը» թեմայով Միջազգային սիմպոզիումի մասնակիցներին ուղղված իր խոսքում։

«Սիմպոզիումի ընթացքում քննարկվելիք թեմաներից մեկը վերաբերում է փախստականների իրավունքներին։ Այս ոլորտում հատուկ ուշադրության արժանի հարց է Արևմտյան Ադրբեջանից՝ ներկայիս Հայաստանի տարածքից, սկսած անցյալ դարասկզբից հարյուր հազարավոր ադրբեջանցիների հարկադիր վտարումն ու էթնիկ զտումները։ Այդ սարսափելի վտարումների արդյունքում ոչ մի ադրբեջանցի չմնաց Հայաստանում, իսկ մեր ժողովրդի այս տարածքներում եղած հնագույն պատմական, մշակութային, կրոնական և հոգևոր ժառանգությունը՝ հուշարձանները, մզկիթները և գերեզմանոցները, ոչնչացվեցին։ Պատմական արդարությունը պահանջում է այս մարդկանց խաղաղ և անվտանգ վերադարձը իրենց հայրենիք»,-ասել է Բաքվի բռնապետական վարչակարգի ղեկավարը։

Հիշեցնեմ, որ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական քաղաքական ծրագիրը շրջանառության մեջ է մտել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց երկու ամիս անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ից։ Ավելին, այս վտանգավոր զավթողական ծրագիրը արդեն ադրբեջանական հանրակրթական դպրոցական ծրագրի մաս է կազմում։
Վերջերս այդ թեմայով կատարած իմ հետազոտության մեջ գրել էի․

«Հատկանշական է, որ ադրբեջանցի դպրոցականները պատմություն ուսումնասիրել սկսում են արդեն 5-րդ դասարանից։ 2024 թվականի դասագրքի 110-րդ էջում գրված է.

«․․․Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում: Հետագայում Մոսկվայի ղեկավարությունը Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող հողերի մի մասը, ներառյալ Շարուր-Դերելայազը և Արևմտյան Զանգեզուրը, փոխանցեց Հայկական ԽՍՀ-ին: Արդյունքում Ադրբեջանը բաժանվեց Նախիջևանից: Մեր հայրենակիցները, որոնք բռնի կերպով տեղահանվել էին իրենց պապենական հողերից, հետագայում ձևավորեցին Արևմտյան Ադրբեջանի համայնքը: Այս համայնքը միջազգային կազմակերպություններում պաշտպանում է Արևմտյան Ադրբեջանում մեր պատմական ժառանգության պահպանումը և տեղահանված բնակչության իրավունքները: Նրանք շարունակում են պայքարել իրենց հայրենիք վերադառնալու համար․․․»:

Խաղաղությունը երբեք չի կարող կառուցվել միակողմանի զիջումների, իրավունքներից հրաժարվելու, ագրեսիան, պատերազմը, էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը օրինաչափ դարձնելու, հակառակորդի բոլոր պայմանները իրականացնելու միջոցով։ Նման բան համաշխարհային պատմության մեջ չկա ու չի էլ լինելու։ Ալիևն ուղղակի հաճախակի դա կրկնում է, որ մեզ մոտ հասկանան՝ իրեն խաղաղություն պետք չի, ավելին՝ ամեն նոր զիջում ավելի անհավանական է դարձնում Ադրբեջանի հետ խաղաղության ձեռքբերման հեռանկարը․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30