Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն, անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման հարցին, առաջարկում է նախ հասկանալ, թե ինչ է այն։ «Կարելի է ասել, որ դա եկամուտ չբերող համակարգ է և գտնվում է որոշակի սուբսիդավորման տակ։ Խնդիրը հետևյալն է, թե ո՞վ է այդ սուբսիդավորումն անում՝ պետությո՞ւնը, թե՞ մասնավոր անձը։ Մինչև հիմա դա անում է մասնավոր անձը՝ Սամվել Կարապետյանը, նա ահռելի ներդրումներ է անում ՀԷՑ-ի մեջ, որովհետև եթե անընդհատ չանես ներդրումներ այդ համակարգում, այն շատ արագ մաշվում է։ Դա ահռելի մեծ համակարգ էր՝ կառուցված Խորհրդային Միության կողմից, և այն անընդհատ թարմացման կարիք ունի։
Սամվել Կարապետյանը, վերցնելով այս համակարգը, բավականին լուրջ բարեգործություն է արել, որովհետև կա՛մ պիտի պետությունն իր գրպանից ծախսեր կատարեր մեր հարկերի հաշին, կա՛մ մասնավոր անձը դա պետք է վերցներ և իր գրպանից ծախսեր կատարեր։ Այնպես չէ, որ ՀԷՑ-ի ազգայնացմամբ ինչ-որ ֆինանսական վնաս են հասցնելու Սամվել Կարապետյանին, ընդհակառակը, կարելի է ասել՝ ինչ-որ առումով լավություն են անում։ Գործ ունենք այն աստիճանի անխելք, ոչ մասնագիտացված պետական համակարգի հետ, որը նույնիսկ չգիտի, թե ինչով է զբաղվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է փորձագետը։
Հավելում է՝ եթե այս համակարգը, Աստված չանի, վերցնեն և ներդրումներ չանեն, այն շատ արագ կփլուզվի։ «Ընդամենը 1-2 տարի հետո համակարգը կանգ կառնի, այն տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում է պահանջում։ Կամ՝ եթե փորձեն այն վաճառել ինչ-որ մեկին, այդ դեպքում գնորդը պահանջելու է, որպեսզի էլեկտրաէներգիայի գները բարձրացվեն, ու խոսքը չի լինելու 5, 6 կամ 10 տոկոս բարձրացման մասին։ Խոսքը լինելու է հիսուն տոկոսից մինչև կրկնակի թանկացման մասին, որպեսզի համակարգը դառնա եկամտաբեր։ Այս կարևորագույն համակարգի մասով բավականին լուրջ ռիսկեր են առաջացնում՝ զուտ իրենց քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, քանի որ այս մարդիկ, մեղմ ասած, դավաճաններ են։ Իրենց իշխանությունը, աթոռը պահելու համար գնում են այս համակարգի ոչնչացմանը։ Համակարգը եկամտաբեր չէ, համակարգը Սամվել Կարապետյանին եկամուտ չի բերում, բայց պահանջում է, որպեսզի նա ամեն տարի ներդրում անի այդ համակարգի մեջ»,-եզրափակում է Մանվելյանը։
Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն էլ սոցցանցի իր էջում ՀԷՑ-ի պետականացման հարցին անդրադառնալիս երեկ նշել էր, որ տեղի ունեցողն էներգետիկ, տնտեսական և ազգային անվտանգության ռիսկեր է պարունակում. «Ընկերության հնարավոր պետականացումը հանգեցնելու է Հայաստանում սակագների աճի։ Ինչպե՞ս է կառավարությունն իրականացնելու համակարգի պերմանենտ մոդեռնիզացման համար անհրաժեշտ ներդրումային ծրագիրը։ Իհարկե, միջազգային ինստիտուտներից վարկային միջոցների ներգրավման ճանապարհով։ Դա հանգեցնելու է պետական պարտքի աճին, որը սպասարկելու համար կառավարությունը ստիպված է լինելու բարձրացնել սակագները։ Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման համեստ ցուցանիշների, առևտրի ու ծառայությունների վրա խարսխված հակաինդուստրիալ տնտեսության, էլեկտրաէներգիայի արտահանման հետզհետե կրճատվող հնարավորությունների պայմաններում երկրի էներգետիկ համակարգը պարզապես ի վիճակի չէ դուրս գալ եկամտաբերության այնպիսի մակարդակի, որ սեփական ուժերով սպասարկի այդ վարկերը»։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում