Ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանին իշխանազավթման փորձ կատարելու կասկածանքով երկու ամսով կալանքի ենթարկելուն, վստահեցրեց, որ այդ որոշումը իրավաբանության հետ որևէ առնչություն չունի։
«Ես չեմ կարող ասել, թե Փաշինյանը ինչ երազներ, ինչ տեսիլքներ է տեսնում, զուտ իրավական առումով պիտի ասեմ, որ նրա կալանավորումը իրավաբանության հետ ընդհանրապես կապ չունեցող գործընթաց է։
Հասկանալի է, որ այդ մարդուն կալանավորեցին զուտ իր արտահայտած մտքերի համար, թեկուզև կարճ, բայց արտահայտած մտքերի համար։
Նույնիսկ սա չի կարելի քաղաքական անվանել, որովհետև այդ մարդը քաղաքականությամբ չի զբաղվում, այդ մարդը որևէ հայտ չներկայացրեց քաղաքականությամբ զբաղվելու։ Նա ընդամենն ասաց, որ ես եկեղեցու կողքին եմ և նաև նշեց, որ ինքը կունենա իր մասնակցությունը, եթե եկեղեցուն փորձեն վնասել։
Կարդացեք նաև
Շատ կարևոր է, որ Սամվել Կարապետյանը նշեց «մասնակցություն» բառը, բայց երկրի. այսպես ասած, կառավարիչը այդ բառը շատ նուրբ ու զգույշ ձևով փոխարինեց «միջամտություն» բառով։ Մասնակցությունը լրիվ այլ բան է, միջամտությունը՝ լրիվ այլ բան։ Բայց ինքը այստեղ օգտագործեց միջամտություն բառը, և դա պատահական չէ, որովհետև լրատվական կայքերը, առավել ևս իշխանական լրատվական կայքերը սկսեցին «միջամտություն» բառը օգտագործել։ Միջամտությունը բառը իրենք իշխանություն յուրացնելու, պետության դեմ հանցանք որակելով՝ այս մարդուն տարան կալանքի։
Եթե ավելի պարզ խոսենք, այս մարդու գլխին գործ սարքեցին բառիս ուղիղ իմաստով։ Մարդն արտահայտություն է անում, իր արտահայտության մեջ բառ ես փոխում, փորձում ես իրեն վերագրել, և այդ բառի հիման վրա իրեն տանում ես կալանքի։
Իրականում աբսուրդ է, սա որևէ իրավական գործընթացի տրամաբանության մեջ չի մտնում, սա առհասարակ տրամաբանություն չունի, ուղղակի տվյալ անձը, ով իրեն այս երկրում համարում է միակ տեր ու տիրականը, միակ աստվածը, ինքը որոշեց, որ պիտի տանի ու պատժի։
Վերջին տարիներին, ցավոք սրտի, կալանքը դարձել է պատժիչ միջոց, դրանով պատժում է իր բոլոր ընդդիմախոսներին, կարևոր չէ՝ դրանից հետո ինչ կլինի․ այդ մարդուն կարդարացնե՞ն: Եվրոդատարանները մեծ տուգանքներ կդնեն հայ հպարտ հարկատուների ուսերին, դա իրեն հետաքրքիր չէ, ինքը եթե որոշում է որևէ մեկին պատժել, պատժելու առաջին ձևը կալանքն է կիրառում»,-ասում է նախկին իրավապաշտպանը։
Կարապետ Պողոսյանը նշում է, որ Սամվել Կարապետյանը թեև առաջին մարդը չէ, որին առանց իրավական հիմքերի կալանավորում են, սակայն նրա դեպքը բացառիկ է նրանով, որ այս անգամ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջով հստակ ցուցում տվեց դատախազին և դատավորին։
Ըստ նրա, Փաշինյանը սկսել է ֆեյսբուքյան արդարադատություն իրականացնել։
«Նա ֆեյսբուքով տալիս է վճիռներ, որոշումներ, չզարմանաք, որ նա վաղը ֆեյսբուքով դատավճիռներ տա, օրինակ կասի՝ վաղը Պողոս Պողոսյանին գնդակահարել և փողոցում կտեսնենք, որ Պողոս Պողոսյանին գնդակահարեցին, ահա Հայաստանի արդարադատությունը։ Հայաստանում մարդու իրավունքները հասել են այսպիսի սարսափելի վիճակի»,-ասում է Կարապետ Պողոսյանը։
Անդրադառնալով գործարարի գործի ընթացքին՝ նախկին իրավապաշտպանն ասում է՝ աշխարհի ամենահզոր փաստաբաններին էլ բերեն, միևնույն է ոչ մեկը ոչինչ չի կարող անել, քանի որ այդտեղ չկա իրավաբանություն։
«Ինքս որպես նախկին կալանավոր եմ ասում, փաստաբանն ի՞նչ պիտի անի, երբ չկա իրավաբանություն»,-ասում է Կարապետ Պողոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ