Արդեն երկրորդ օրն է՝ ԱԺ-ի դիմաց անհետ կորած զինվորների հարազատներն են հավաքվում՝ պահանջելով ԱԱԾ պետի նոր պաշտոնակատարի հետ հանդիպում:
Նրանք պնդում են, որ նախօրեին պաշտոնից հեռացված ԱԱԾ պետը՝ Արմեն Աբազյանը նրանց խոստացել էր հարցի լուծում:
«Վերջին անգամ հանդիպել ենք Աբազյանի հետ մայիսի 18-ին, ինքն ասաց՝ ամեն ինչ լավ է լինելու, արդեն վերջանում է, անհամբեր սպասեք երեխեքի գալուն: Ասաց՝ ինձ ուրիշ հարցեր մի տվեք,չեմ կարող պատասխանել, լրիվ ողջ են »,- լրագրողներին ասաց անհետ կորած զինվորի հայրը՝ Մելիք Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով իրենց արդեն երկու օր տեւող բողոքի ցույցին ու դրան իշխանությունների կողմից արձագանք չլինելուն, Գրիգորյանը արձագանքեց. «Փաստորեն մեր իշխանությունը չի աշխատում, ամեն մարդ իր աթոռին պինդ նստած, աթոռի կռիվ է գնում»:
Ծնողներից մեկն էլ լրագրողներին ասաց, որ ՀՀ կառավարությանը Ադրբեջանից փոխանցել են, որ անհետ կորածներ իրենց մոտ չկան. «Այն փաստերը, որոնք մենք ենք ներկայացրել, վիդեոներ կան, որ մեր երեխեքին ադրբեջանցի զինվորը տանում է գերի: Դա փաստ է, ճի՞շտ է, բայց Նիկոլ Փաշինյանի համար դա փաստ չէ: Իր համար փաստը այն է, որ Ալիեւն ասում ՝ չունի: Ասում էր, ասեմ ավելին՝ Ալիեւը երդում է կերել, որ չունի: Ալիեւի երդումը իր համար ավելի մեծ փաստ է, քան թե վիդեոները: Ալիեւի խոսքն էլ իր համար դոգմա է: Հիմա ի՞նչ, վաղը, եթե Ալիեւն ասի՝ հորս արեւ Հայաստանն իմն է, ուրեմն ի՞նչ պետք է համարենք, որ իրե՞նն է, տա՞նք Ալիեւին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ