Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ ժամանակ հետո ասելու են՝ չկա Արցախում հայկական ժառանգություն, հետևաբար չկա վերադարձի և եթե կուզեք, սեփականատիրոջ իրավունք. Աննա Հեսս Սարգսյան. «Ազգ»

Հունիս 20,2025 10:56

Սյունիքի Կապան քաղաքում ծնված շվեյցարաբնակ Աննա Հեսս Սարգսյանը (Anna Hess Sargsyan) հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ բանակցային արվեստի փորձագետ է: Բազմամյա աշխատանքային փորձ կուտակել է շվեյցարական եւ միջազգային տարբեր կառույցներում, վերլուծական կենտրոններում, Շվեյցարիայի ԱԳՆ-ի կողմից ուղղորդված մասնագետ է եղել ԵԱՀԿ-ում: Քաղաքագիտական կրթություն ստացել է Երեւանի Ամերիկյան, իսկ միջազգային հարաբերություններ ուսանել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարաններում:

– Տիկին Հեսս Սարգսյան, Դուք մասնակցում էիք Բեռնի երկու միջոցառումներին: Ի՞նչ տպավորություն ունեք հատկապես Հայոց ժառանգության վերաբերյալ համաժողովից, որ կարելի է երեւի գիտաժողով էլ համարել՝ հաշվի առնելով մասնակից գիտնականներին եւ նրանց զեկուցումների թեմաները: (Տե՛ս առցանց «Ազգի»-ի մայիսի 23-ի հրապարակումը:

Ի՞նչ փոխեց երկօրյա այդ ժողովը ունկնդիրների պատկերացումներում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Արցախի հայոց ժառանգության, դրա բնաջնջման, կեղծման վերաբերյալ վկայություններից, փաստերից բացի եզրափակիչ զեկույց եղավ, ինչպես նաեւ Արցախ գնալու ուխտագնացության հանձնառություն:

-Մինչ գնահատելը շատ կարեւոր է նշել, որ Բեռնի երկու տարբեր միջոցառումներն անցկացվել են մի այնպիսի համատեքստում, երբ ԼՂ հարցը շատերի՝ առաջին հերթին Ադրբեջանի, ՀՀ կառավարության, ինչպես նաև բազմաթիվ այլ կառավարությունների, հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող միջազգային պետական, ոչ պետական շատ կառույցների համար համարվում է փակված, ռազմական ճանապարհով հանգուցալուծված: Այս համատեքստում ցանկացած միջոցառում, որում արծարծվում է թեկուզ Արցախի, ԼՂ-ի անունը, ինձ համար բավականին գնահատելի է: Ցավոք սրտի, համատեքստն այն աստիճան է փոխվել, որ այն փաստը, թե դրա մասին խոսվում է՝ որպես թեկուզ դե ֆակտո միավորի, շատ կարեւորում եմ: Եւ եթե դա արվում է Բեռնում՝ Շվեյցարիայի սրտում, երկու տարբեր, բայց ըստ էության իրար լրացնող նախաձեռնություններով, առավել ևս. Երկուսն էլ՝ թե՛ արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը, թե՛ մշակութային ժառանգության պահպանումն իրար հետ շաղկապված են, քանի որ մշակույթի, ժառանգության պաշտպանությունն ըստ էության այսօր ոչ թե «փափուկ» թեմա է, այլ անվտանգության եվ ինքնության հարց: Ինչպես գիտենք, Ադրբեջանը բավականին լավ հաշվարկելով ոչ թե բնաջնջում է, այլ ձեւափոխում, նենգափոխում է հայոց մշակութային ժառանգությունը՝ վերագրելով այն ուրիշ՝ գոյություն չունեցող ազգային ինքնության: Սա ուղիղ կապված է հայերի վերադարձի հետ: Եթե քաղաքականացնեն, ինչն այդպես էլ անելու են որոշ ժամանակ հետո, ասելու են՝ չկա Արցախում հայկական ժառանգություն, հետևաբար չկա վերադարձի և եթե կուզեք, սեփականատիրոջ իրավունք: Դա վերացնելն օգնելու է իրենց ասելու, որ այն հայկական հող չի էլ եղել, կովկասյան է, ալբանական եւ այլն: Ինձ համար Բեռնում կայացած այդ երկու միջոցառումները թեմատիկ առումով շատ կապված են, թեպետ շատերը փորձում են առանձնացնել: Այս համատեքստում գնահատում եմ երկու նախաձեռնություններն էլ՝ բավականին լավ հասկանալով միջազգային, աշխարհաքաղաքական դինամիկայի փոփոխությունների ֆոնի վրա բոլոր ակնհայտ եւ ոչ ակնհայտ սահմանափակումներն ու խոչընդոտները: Այս պահին մեր բոլոր կարևոր կառույցները պետք է փորձեն թեման արդիական պահել՝ ցանկացած ձեւաչափով, ցանկացած երկրում, եթե նույնիսկ խոչընդոտները բավականին ակնհայտ են: Այդ նախաձեռնությունների օպերատիվ իրականացման խոչընդոտների մասին եմ խոսում: Բնական է՝ որեւէ մեկը միամիտ չէ, որ կարծի, թե Ալիեւը վաղը համաձայնություն կտա Շվեյցարիային կազմակերպելու այդ ֆորումը, և կամ դրա միջոցով կարող է նստել Արցախի՝ ցավոք սրտի, դե ֆակտո լուծարված ղեկավարության հետ քննարկելու հայերի Արցախ հավաքական վերադարձի թեման: Շվեյցարիան, որպես միջնորդ, չի կարող մեկնարկել հաշտեցման մի գործընթաց, եթե կողմերից մեկը դրան դեմ է:

Կարծում եմ, որ Շվեյցարիայի ԱԳՆ-ում ոչ թե փաստերի եւ ընկալման, այլ քաղաքական կամքի պակաս կա, եւ այդ ֆորումը չեն կազմակերպելու: Մեր զրույցի սկզբում ասացի՝ եթե ՀՀ-ի եւ Ադրբեջանի կառավարությունների համար հարցը փակված է, Շվեյցարիայի համար առավել եւս փակված է: Շվեյցարիայի ԱԳՆ-ն շատ զգույշ է այդ առումով: Բոլոր ակնհայտ պատճառներով այս պահին շատ քիչ է հավանական, որ Շվեյցարիան քաղաքական կամք ցուցաբերի, Ալիեւին, Ադրբեջանի կառավարությանը հորդորի նման ֆորումի մասնակցել արցախցիների հետ: Նախ՝ Ադրբեջանի համար այդ հարցը փակված է, երկրորդը՝ ասիմետրիկ բանակցություն դժվար թե արվի այն կողմի հետ, որը նրանք համարում են լուծարված: Միևնույն ժամանակ շատ կարեւոր է հասկանալ, որ Շվեյցարիայի պես երկրում, որտեղ իրապես ժողովրդավարական գործընթացներ են տեղի ունենում, խորհրդարանը կարող է որոշել եւ նման ֆորում կազմակերպելու համար ԱԳՆ-ին մանդատ տալ:

Դժվար է պատասխանել, թե ի՞նչ փոխեց համաժողովը մասնակիցների պատկերացումներում, քանի որ բոլորի հետ չեմ խոսել: Բայց շատ կարեւոր փաստն այն է, որ Եկեղեցիների համաշխահային խորհրդին անդամակցողները հիմնականում պետական եկեղեցիներ են, շատ ակնառու է նրանց նվիրվածությունը ժառանգության պաշտպանության հարցին, ու Շվեյցարիայում բողոքական եկեղեցին կոնկրետ խոսում է այս հարցին ամենաբարձր ատյանով հստակ օժանդակելու մասին: Թե դա ինչ ֆորմատ կընդունի, պայմանավորված կլինի տարբեր գործոններով և հայկական կողմի քաղաքական կամքի արտահայտմամբ:

Եթե վերադառնանք Շվեյցարիային եւ միջագային կառույցներին, ցավով պիտի արձանագրեմ, որ թե՛ Շվեյցարիայի ԱԳՆ-ն, թե՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որի` մշակութային ժառանգության պահպանման մանդատը, որպես կառույցի, լավ գիտենք, մերժեցին միջոցառմանը ներկա լինել, ինչը բավականին հստակ ուղերձ է: Իհարկե չի նշանակում, թե համաժողովի կարեւորությունը դրանից նվազում է: Այն իհարկե զուտ ակադեմիական գիտաժողով չէր, բայց հրաշալի էր կազմակերպված, ճիշտ ձևաչափով. Առաջին անգամվա համար ծավալով եւ բովանդակությամբ կարեվոր էր: Բեռնի նախաձեռնությունները բարոյական շեշտված աջակցություն են, եթե նույնիսկ քաղաքական մեծ օգուտ չեն բերելու:

Հարցազրույցը վարեց Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30