Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւի դրսում ենք մնալու, չենք հասկանում՝ ինչ իրավիճակ է, թշնամուս էլ չեմ ցանկանա»․ արցախցիները նամակ փոխանցեցին կառավարությանը

Հունիս 20,2025 13:16

Արցախից բռնի տեղահանված անձինք այսօր դարձյալ բողոքի ցույց արեցին կառավարության շենքի մոտ՝ նամակ փոխանցելով կառավարությանը։

Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանն ընթերցեց ՀՀ կառավարությանն ուղղված նամակը․

«Սոցիալական մեդիայի, զանգերի և համայնքային կապերի միջոցով բազմաթիվ ահազանգեր եմ ստանում տեղահանված մեր հայրենակիցներից՝ կապված իրենց սոցիալական վիճակի վատթարացման հետ։

Մասնավորապես՝

– ՀՀ կառավարության կողմից տրամադրվող բնակվարձի աջակցությունը կտրուկ կրճատվել է եւ այժմ հասանելի է միայն որոշ «խոցելի» համարվող խմբերի համար։

-Բնակվարձի աջակցության ծրագրում առկա ծրագրային-տեխնիկական խնդրի պատճառով հարյուրավոր ընտանիքներ զրկվել են 2025 թ փետրվար-մարտ ամիսների աջակցություններից։

– Հրատապ աջակցության շահառուների շրջանակը բավականին փոքր է, ծրագիրը՝ բազմաթիվ խոչընդոտներով, ոչ իրատեսական։

– Տեղահանվածների մեծ մասն այսօր կանգնած է սոցիալական, տնտեսական, հոգեբանական ճնշման առջև՝ առանց ապագայի վերաբերյալ հստակ տեսլականի։

Հարգելի կառավարություն, ապրիլի վերջին հնչել են հայտարարություններ եւ հրապարակային հավաստիացումներ, թե առաջիկայում տեղի կունենան դրական տեղաշարժեր տեղահանվածների կյանքում։ Սակայն մինչ օրս՝ հունիս ամսվա կեսերը, տեղահանվածների կյանքում որեւէ շոշափելի դրական փոփոխություն տեղի չի ունեցել։ 2025 թ․ հունիսին իրականացված սոցիալական հարցումը, որին տարբեր հարթակներում մասնակցել է ավելի քան 7000 տեղահանված անձ, պարզ ցույց է տվել, որ 95% -ը չեն զգացել որևէ դրական փոփոխություն իրենց կյանքում վերջին ամիսների ընթացքում։

Արդյունքում՝ մեր հայրենակիցների գերակշիռ մասն այլեւս չի հավատում, թե իրենց նկատմամբ որևէ արդար ու անկողմնակալ մոտեցում է կիրառվում։ Հետագա ծրագրերում ակնկալվող չափանիշները, ըստ մամուլի եւ փորձագիտական գնահատականների, կարող են նպաստել անգամ սոցիալական շերտերի միջև նոր բևեռացման և խորացնել անարդարության զգացումը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում ենք․

1.Վերանայել ՀՀ Կառավարության քաղաքականությունը Արցախից տեղահանված քաղաքացիների նկատմամբ։

2.Շարունակել բնակվարձի աջակցության տրամադրումը՝ առանց տարբերակումների (հատկապես՝ երբ այն բեռ չէ բյուջեի համար)։

3.Քայլեր ձեռնարկել՝ սոցիալական բնակարանների կառուցման և տեղահանվածներին տրամադրելու ուղղությամբ։

4.Վերացնել բնակվարձի աջակցության ծրագրում առկա տեխնիկական խոչընդոտները՝ հնարավորություն ընձեռելով բոլորին ստանալ իրենց հասանելիք աջակցությունները։

5.Իրականացնել հստակ քայլեր՝ համապատասխան իրավական գնահատականներ տալու Արցախում կատարված ենթադրյալ թալանի, այլ հանցագործությունների, և դրանք կատարած ենթադրյալ անձանց մասին։

Անհրաժեշտ է պարզապես արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովել բոլոր տեղահանվածների համար՝ անկախ գտնվելու վայրից, ընտանիքի կազմից, տարիքից ու այլ հանգամանքներից»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրագրողների հետ զրույցում արցախցիներն ասացին, որ իրենց բարձրաձայնած հարցերի հիման վրա է կազմել այդ պահանջագիրը։ Ըստ արցախցիների, խոցելի խմբեր շատ կան իրենց թվում, հատկապես խոցելի են 1, 2 եւ 3 հոգանոց ընտանիքները։ Արցախցիներից մեկն ասաց․ «Մենք ընտանիքով երկու հոգի ենք, հիմա բնակվարձին ենք սպասում։ Միայն աղջիկս է աշխատում, ես էլ տարիքային սահմանափակումով չեմ աշխատում։ Հիմա չգիտեմ, երեւի դրսում ենք մնալու, չենք հասկանում՝ ինչ իրավիճակ է, թշնամուս էլ չեմ ցանկանա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ցույցի մեկ այլ մասնակից էլ ասաց․ «Ամուսինս երկրորդ կարգի հաշմանդամ է, ես էլ 61 տարեկան եմ, ինձ ոչ մեկը չի ընդունում գործի։ Մեր բյուջեն կազմում է 54 հազար դրամ՝ ամուսնուս թոշակը, եւ վերջ։ Եվ ամուսնուս համար 40 հազար դրամ աջակցությունը հիմա դառնում է 30 հազար դրամ, իսկ ինձ ոչ մի բան։ Ոսկի ենք ծախում, որ ապրենք, վաղն էլ ոսկին էլ կվերջանա, հետո ի՞նչ պետք է անենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք,որ կառավարությունը երկու ամսով՝ ապրիլ եւ մայիս ամիսների համար երկարաձգել էր արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցությունը։ Դրա դիմաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից պահանջել էին Ազատության հրապարակից հանել վրանը։ Բայց մայիս ամսվա համար նախատեսված 40 հազարական դրամ աջակցությունը դեռ հունիսի 20-ի դրությամբ չի վճարվել։ Այս մասին այսօրվա ցույցի ժամանակ ահազանգեց նաեւ Լիաննա Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է, որ երկուշաբթի օրվանից վճարումները կմեկնարկեն։ Ուշացման հիմնավորումն այն է, որ կառավարության այսօրվա նիստում է ընդունվել որոշում, ըստ որի՝ 2025 թ. համար նախատեսված գումարից 3 մլրդ դրամը տեղափոխվել է առաջին կիսամյակ՝ անհրաժեշտ վճարումներն ամբողջացնելու նպատակով։ Արցախցիներն ահազանգում են, որ լուրջ սոցիալական խնդիրների առաջ են կանգնել, քանի որ այդ 40 հազարն իրենց բնակվարձի գումարն է, իսկ տանտերերը չեն սպասում, պահանջում են վճարել տան վարձը։ Հաջորդ ամսվանից այս 40 հազարական դրամները չեն վճարվելու արցախցիներին, միայն խոցելի խմբերն են աջակցություն ստանալու՝ 30 հազարական դրամի չափով։ Սա հարուցել է մարդկանց անհանգստությունն ու բողոքը, նրանք հարցադրում են անում՝ ինչպե՞ս են վճարելու բնակարանների վարձերը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30