«Պետության համը պետք է մնա նրանց բերանում»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում իր վերադասի՝ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը կրկնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով․ «Ու հիմա այդ պրոցեսի մեջ ենք մենք գտնվում»։
«Ես քրեաիրավական գնահատական բնավ չեմ պատրաստվում տալ, բայց երբ այլ երկրում կենսական շահեր ունեցող մարդը գալիս է ու տվյալ քաղաքական իրավիճակում հայտարարություն է անում՝ օգտագործելով «խմբակ» ու տարբեր այլ արտահայտություններ, ասելով՝ եթե քաղաքական գործիքակազմը չաշխատի, մենք մեր ձեւերով կփորձենք հարցեր լուծել։ Սպառնում է։ Բնականաբար, պետք է գնահատական տրվի՝ եւ քաղաքական, եւ քրեաիրավական»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի օրակարգի, ստորագրվելիք հնարավոր փաստաթղթերի կամ ձեռք բերվելիք պայմանավորվածությունների մասին ՔՊ-ական պատգամավորները մանրամասներ չհաղորդեցին։ Անպատասխան մնացին երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար հայ-թուրքական սահմանի բացման պայմանավորվածությունը կյանքի կոչելու մասին եւ ադրբեջանցիների՝ Հայաստան եւ հայերի՝ Բաքու, Սումգայիթ հնարավոր վերադարձի քննարկումների մասին հարցերը։ Նաեւ՝ Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու տեղի եւ վայրի ընտրության մասին հարցը։
«Մենք մշտապես փորձում ենք հայ-թուրքական հարաբերությունները կառուցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում, բայց պետք է հաշվի առնենք, որ Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունները ունեն կարեւոր նշանակություն՝ հաշվի առնելով, որ մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը եւ մեր հարեւանների հետ պետք է ունենանք բարիդրացիական հարաբերություններ, որոնք հնարավորություն կտան այս փոթորկող աշխարհում կառուցել այնպիսի հարաբերություններ, որոնք հնարավորություն կտան կայուն եւ երկարատեւ խաղաղություն բերել տարածաշրջանին»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ այս ամենում ուղիղ կապերի հաստատումը մեծ նշանակություն ունի։ Նա նաեւ ասաց, որ Թուրքիայի հետ Հայաստանն ավելի լայն օրակարգ ունի, այդ թվում՝ նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման։
Կարդացեք նաև
Մանրամասները տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ