Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթիկն ու Ախուրյանը մեզանից բարձր աշխատավարձ են ստանում, Աշոցքն էլ, գետինը մտնիք, հա»․ Վարդան Ղուկասյան

Հունիս 20,2025 20:30

5 խմբակցություններից բաղկացած քաղաքական ուժերից և ոչ մեկը դեմ չքվեարկեց քաղաքի գլխավոր փաստաթղթին։ Այն նախատեսում է 30 տոկոսով բարձրացնել քաղաքապետարանի և ՀՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձը։ Վարդան Ղուկասյանը նշեց, որ 1988 թվականից հետո չի տեսել որևէ պետական կառույց, որտեղ 30 տոկոսով աշխատավարձի բարձրացում լինի։ Սա, ըստ նրա, առաջին դեպքն է Հայաստանի Հանրապետությունում։ Հաջորդ տարի, նորընտիր քաղաքապետի վստահեցմամբ, ևս 20 տոկոսով կբարձրացնեն։

«Այսինքն՝ քարոզարշավի ժամանակ, որ ասում էի 50 տոկոսով աշխատողների աշխատավարձը բարձրացնելու եմ, հստակ գիտեցեք, հսկայական գումարների մասին է խոսքը, և մենք դա կարող ենք անել և ստանձնել ենք գիտակցաբար այդ պարտականությունը։ Ուրեմն մուծելու է Ղուկասյան Գևորգը, Ղուկասյան Վարդանը, հետո էստեղ քաղաքում մի հատ անուն չպիտի լինի հանկարծակի, որ ես չկարողանամ իրենից գումար վերցնեմ։ Էդպիսի մարդ չկա էլի, որ քաղաքի գումարները չբերի, տա։

Միայն էն մարդը կարող է գումարների հետ կապված խնդիր ունենա, որ պատերազմին զավակը մահացել է կամ ընտանիքի հայրը․ վատ վիճակի մեջ են, միասին կքննարկենք։ Բայց էն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն, բոլորը գումարները պետք է մուծեն անխտիր։ Սկսում ենք իմ ազգանունից ու գնում ենք մնացածի հետևից։

էս սկզբունքը կիրառելու ենք, ես հիմա սկսելու եմ քաղաքապետարանից․ ամբողջ աշխատողներին աշխատավարձը, որ տալիս ենք, սկսում ենք իրենցից, գույքահարկ, հողի հարկ, տուրքեր, աղբի վարձ։ Իրենք աշխատավարձը ստանալով՝ սկսում են մուծել, իրենց պարտքը կատարում են։ Հսկայական աշխատողեր, հսկայական գումարներ ծառացած են քաղաքապետարանի դիմաց։ Այսինքն օգնելու ենք բաժնի պետերին»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա անձամբ ներկայացրեց բյուջեն․ 2024 թվականի եկամուտները կազմել են 6 միլիարդ 836 միլիոն 746 հազար դրամ։ 2025 թվականի եկամուտները պլանավորել են 7 միլիարդ 858 միլիոն 944 հազար դրամ։

Բյուջեն, ըստ Վարդան Ղուկասյանի, 2024 թվականի համեմատ ավելացրել են 1 միլիարդ 22 միլիոն 197 հազար դրամով։

2024 թվականին սեփական եկամուտները կազմել է 2 միլիարդ 330 միլիոն, փաստացի կատարվել է 2 միլիարդ 227 միլիոն։

2025 թվականի սեփական եկամուտները կազմել են 2 միլիարդ 676 միլիոն 184 հազար դրամ։ Սեփական եկամուտներն ավելացվել են 500 միլիոն դրամով։

Ըստ Վարդան Ղուկասյանի, ապառքը կազմում է 6 միլիարդ։

«Ես ցավում եմ՝ տեսնելով, թե 13 տարիների ընթացքում ինձանից հետո ինչ է տեղի ունեցել․ 2012 թվականի և 2024 թվականի համեմատականները, պլանների մասին է խոսքը․ անշարժ գույքից 2012 թվականին՝ իմ աշխատած ժամանակահատվածում հավաքագրվել է 93 միլիոն դրամ, 2024 թվականին՝ 90 միլիոն։ Անցել է 12 տարի, մի բան էլ բյուջեի հավաքագրումները պակասել են։ 12 տարվա աշխատանքը տեսեք, երկրի զարգացումը ու քաղաքի զարգացումը։

Հողի վարձերը մենք էլի նորից ավել ենք հավաքել 12 տարիների ընթացքում։
Իմ աշխատած ժամանակահատվածում և 12-13 տարի անցել է, բյուջեի հավաքագրումը խայտառակություն է, և յուրաքանչյուր քաղաքապետի գնահատականը բյուջեի հավաքագրումն է և շինթույլտվություններ են և փոքր ու միջին բիզնեսի խթանումն է»,- ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա ասաց, որ քաղաքապետարանի բոլոր բաժինները եզան լուծ են քաշում։

«Ճիշտն ասած՝ քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, էդքան բան, մեղայ Աստծո, հանկարծ գլուխ գովալ չհամարեք, բայց իրոք այդպես է», -ասաց Վարդան Ղուկասյանը։

ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն էլ ողջունեց համայնքապետարանի ու համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող աշխատակիցների աշխատավարձի բարձրացումը, ասաց, որ իր պաշտոնավարման օրերին համոզվել է՝ ցածր աշխատավարձով չեն կարողանա որակյալ աշխատանք պահանջել։

«Արթիկն ու Ախուրյանը մեզանից բարձր աշխատավարձ են ստանում, Աշոցքն էլ, գետինը մտնիք էն»,- բացականչեց Ղուկասյանը։

Սարիկ Մինասյանը առաջարկեց բյուջեն հաստատելուց՝ վերանայեն հաստիքացուցակները և փոփոխություններ կատարեն։

«Ինչքան որ հասցրել եմ ուսումնասիրել, հարյուրավոր հաստիքներ կան, որոնք ստեղծվել են էս մարդու բարեկամի, էն մյուսի խնամու, ձեր նշած ընտրություններում ձայն ապահովելու համար։ Եվ պարապ հաստիքներ կան, էդ աշխատավարձը կարող եք բարձրացնել՝ էդ հաստիքները կրճատելով, և նորմալ գրագետ մասնագետները, ովքեր իրենց գիտելիքը, իրենց փորձը Գյումրու համար են ծառայեցնելու, էդ մարդկանց աշխատավարձը ավելի բարձրացնելու՝ պարգևավճարներ, հավելավճարներ տրամադրելով»,-ասաց Սարիկ Մինասյանը։ Նա հետաքրքրվեց՝ ինչ հաստիքներ են կրճատվել, ինչ հաստիքներ ավելացել։

Վարդան Ղուկասյանը պատասխանեց, որ փոխքաղաքապետը և աշխատակազմի ղեկավարը բոլոր բաժիններում մասնագիտական ուսումնասիրություն են կատարել, եզրակացությունը դրված է իր առաջ։

«Մարդուն աշխատանքից ազատելը շատ դժվար բան է, ինձ համար մանավանդ վերին աստիճանի և յուրաքանչյուր մարդու։ Այո՛, քեռի, մորքուր, էդ բաները մեր առջև հիմա դրված են և ցավում եմ, որ պայմանագրեր են կնքել անժամկետ, որը խայտառակություն է։ Հիմա մենք բոլորը վերանայում ենք, ովքեր որ ընտրությունների համար ուղղակի մարդկանց հավաքել են քաղաքապետարանում, որ ձայներ հավաքեն, կազատվեն աշխատանքից և արդեն սկսված է գործընթացը»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա խոսք տվեց՝ երբեք աշխատանքի չբերել մարդկանց, որոնք հետո իրեն ձայն պիտի տան, այլ քաղաքապետարանը համալրել որակյալ մասնագետներով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30