Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Վարչապետը հստակորեն ասաց՝ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, ոչ թե Արեւմտյան Հայաստան. Բագրատ Էստուկյան

Հունիս 20,2025 22:45

Aravot.am-ը Նիկոլ Փաշինյանի՝ պոլսահայության հետ հանդիպման վերաբերյալ մանրամասներ է փորձել պարզել Պոլսի «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուկյանից: Նրանից հարցրել ենք, թե ինչպիսին էր տպավորությունը հանդիպումից եւ ինչ հարցեր են հնչել Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

«Ընդհանրապես հարցերը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացման գործընթացի շուրջ էին: Վարչապետն էլ նախքան հարցումները ստանալը՝ բացատրություն տվեց այդ թեմայով, բայց դարձյալ հարցումներ հնչեցին: Հանդիպմանը մոտավորապես 50 մարդ էր ներկա՝ համայնքային հաստատությունների վարիչներ էին, 8-10 լրագրողներ, Հայ կաթողիկե համայնքի հոգեւոր պետը եւ Հայ բողոքական համայնքի հոգեւոր պետը, իսկ Հայ առաքելական եկեղեցուց որեւէ հոգեւորական չկար, Հայ առաքելական եկեղեցու բացակայությունը զգալի էր:

Վարչապետն ասաց, որ եթե իրենք չեն եկել, ես կգնամ իրենց մոտ: Բայց նրանք ամբողջ պատրիարքարանի շենքը փակել էին` կարծես թե չհանդիպելու համար վարչապետի հետ: Ու դա շատ ամոթալի էր Թուրքիայի հայ համայնքի համար, հայ պատրիարքարանի համար, վարչապետի դեմ շատ անհարիր, մեղադրելի կեցվածք էր, ներկաներն էլ խափանեցին այդ կեցվածքը»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Aravot.am-ը «Ակօսի» խմբագրից հետաքրքրվեց՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Էրդողան-Փաշինյան հանդիպումից: «Օրակարգում անլուծելի մնացած խնդիրներ կան, որոնց մասին որոշ համաձայնություններ գոյացած են, բայց գործնականի չեն անցել: Այդ համաձայնությունների՝ գործնականի անցնելն ենք նախ ակնկալում, ինչպես նաեւ ցամաքային անցակետի բացումը, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, փոխադարձ դեսպանատների բացումը Երեւանում եւ Անկարայում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հյուպատոսության բացումը Ստամբուլում: Սրանք են մեր ակնկալիքները՝ հարաբերությունների բնականոնացում, երկխոսության հաստատում:

Վարչապետը բացատրեց, որ եթե երկու երկրները միմյանց հետ խոսելու կարիք ունեին, նախկինում պետք է դա անեին երրորդ երկրի միջոցով, իսկ հիմա բարեբախտաբար ընթացքն այդպիսին չէ, մենք ուղղակի շփում ունենք իրար հետ, ինչը դրական զարգացում է, չնայած անշուշտ անբավարար զարգացում է»,-ասաց մեր զրուցակիցը:

Բագրատ Էստուկյանից հետաքրքրվեցինք՝ պոլսահայության հետ հանդիպման ժամանակ խոսվե՞լ է Փաշինյանի խոսքով ասած՝ իրական Հայաստանից, պատմական Հայաստանից եւ պատմական իրողություններից: «Այո, եղել է նման խոսակցություն, եւ վարչապետը հստակորեն ասաց, որ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, այլ ոչ թե Արեւմտյան Հայաստան: Ասաց՝ եթե մենք Արեւմտյան Հայաստանից խոսենք, ուրիշներն էլ Արեւմտյան Ադրբեջան պիտի կոչեն մեր երկիրը…

Մի փակագիծ բացեմ՝ Փաշինյանը Թուրքիա այցելած առաջին անձնավորությունը չէ որպես Հայաստանի ներկայացուցիչ, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ է եկել, Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ… Հիմա տպավորություն է ստեղծվում՝ կարծես թե Փաշինյանը հրաժարվում է մեր հողային պահանջներից, բայց ոչ… երեք նախագահներն էլ ժամանակին պաշտոնապես հայտարարել են, որ Հայաստանի Հանրապետությունը հողային պահանջ չունի այժմյան Թուրքիայի Հանրապետությունից, սակայն այդ ամենը մոռացվել է, ու հիմա ասում են՝ ոնց, Փաշինյանը հրաժարվում է Արեւմտյան Հայաստանից:

Այդպես էլ այսօր շատերը խոսում են Արցախի վերադարձի մասին, բայց պետք է գիտակցենք իրողությունը… Մենք 100 տարի մտածել ենք, որ ուրիշները կգան մեր գրավյալ հայրենիքը կազատագրեն եւ մեզ կվերադարձնեն, նման հիմարություն գոյություն չունի…Արցախի վերադարձի մասին մտածելն էլ է հիմարություն, Արցախի համար մարտնչողները, կռվի դաշտը լքողները հիմա պիտի վերադարձի ե՞րգ երգեն…Արցախ վերադարձը Արցախի նվաճումով կարող է լինել, իսկ նվաճելու համար պետք է ուժ ունենանք, ո՞ր արցախահայը պետք է Արցախ գնա, իրենք անգամ Հայաստանում չեն ուզում մնալ…90-ականներից սկսյալ ՝ արցախցիների առաջին գաղթավայրը Ռուսաստանն է եղել, ոչ թե Հայաստանը»,-նշեց նա:

Հարցրինք ՝ հանդիպման ժամանակ Բաքվում պահվող հայ գերիների մասին խոսվե՞լ է: «Այդ ուղղությամբ հարցում էլ չի եղել, բացատրություն՝ էլ»,-ասաց Էստուկյանը:

Հավելեց, որ Փաշինյանը իրենց հետ խաղաղության խաչմերուկ կոչվածից էլ է խոսել. «Իմ միակ ցանկությունը Հայաստանի Հանրապետության կեցվածքի մեջ որոշ վճռականություն պահելն է, եւ սա բացահայտորեն հայտարարելը: Այսօր վարչապետը մանրամասնեց Խաղաղության խաչմերուկ ծրագիրը, ասաց, որ արգելք չկա դեպի արեւելք ապրանքների փոխադրության դիմաց, իսկ արեւելք գնալու միակ ճանապարհը Զանգեզուրի միջանցքն է, որ Հայաստանի կողմից փակված է: Դա Հայաստանի հողային տարածքն է, եւ այդտեղով անցնելու համար դուք ստիպված եք մաքսային քննության մատնվելու, ստուգվելու, ինչը ցանկացած անկախ պետության սահմանն անցնելիս է արվում, նույնը կկատարվի Հայաստանի սահմանի վրա…»,-ասաց «Ակօսի» խմբագիրը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30