Եկեղեցի-ժողովուրդ անքակտելի կապի մասին բազմաթիվ հատորներ են գրվել: Եկեղեցին մեր ազգային ինքնության կարեւորագույն հենասյուներից է, որը հնուց անտի նշանակալի դերակատարում է ունեցել եւ շարունակում է ունենալ հայ ժողովրդի կյանքում: Բացառիկ է հատկապես այն ծառայությունը, որ պետականության բացակայության պայմաններում ստանձնել է Եկեղեցին՝ հանդես գալով ե՛ւ որպես պետության որոշակի գործառույթներ իրականացնող հաստատություն, ե՛ւ որպես ժողովրդի հոգեւոր-մշակութային կյանքի կարգավորման ու ազգապահպանության պատվար: Հայ եկեղեցին եւ հայ ժողովուրդը 17 դար շարունակ քայլել են համընթաց, միահյուսվել, դարձել ներդաշնակ մի ամբողջություն:
Եկեղեցին մարդուն ուղեկցում է նրա ծննդյան 8-րդ օրվանից, երբ կարելի է արդեն մկրտվել, մինչեւ կյանքի վերջը: Եվ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Եկեղեցին պետք է վերադարձնեն ժողովրդին, ինչպես 2018-ին իշխանությունն են «վերադարձրել», ծիծաղդ ուղղակի գալիս է: Նախ՝ Եկեղեցին ժողովրդին վերադարձնելու հարկ չկա, այն միշտ ժողովրդի մեջ է, ավելին՝ նրանք նույնական են: Եվ, երկրորդ, Փաշինյանն էությամբ վերադարձնող տեսակ չէ՝ նա ավելի շուտ վերադարձրածը սպառող է, վատնող է, քոռուփուչ անող է, ինչպես կուզեք՝ անվանեք: Այդպես վարվեց Արցախի հետ, նույն՝ 2018-ին վերցրած իշխանության հետ, հայկական տարածքների հետ ու այդպես շարունակ՝ մինչեւ այսօր վերադարձնում է: Պատվեր առ պատվեր:
Ընդհանրապես՝ այն, ինչ մայիսի 29-ից ի վեր, ավելի քան երեք շաբաթ, Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) դեմ ամենօրյա պայմանակարգով ձեռնարկում է իշխող քաղաքական ուժը եւ, անձամբ, նրա առաջնորդը, իրականում ոչ թե ինչ-որ բանի վերադարձ է ժողովրդին, այլ՝ ինչ-որ բանի կողոպուտ ժողովրդից: Միգուցե գողոնն առանձնապես նյութական մեծ արժեք չունի, բայց հոգեւոր ու բարոյական առումով շատ ավելին արժե: Պատահական չէ, որ ժողովուրդը՝ ընդ որում ոչ միայն Հայաստանում, ընդվզում է ընդդեմ ՀԱԵ-ի նկատմամբ իշխանության խայտառակ, չդադարող ոտնձգությունների: Ու պետք չէ ժողովրդի անունն այստեղ հանիրավի խառնել հայտնի «ոխերիմ զույգի» հետ ձեր անմաքուր խաղերին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում