Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը
Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը հերթական անգամ խոստովանեց, որ 2018-ի մայիսից սկսած եւ առնվազն եւս երկու տարի պատրաստ չէր համարժեքորեն գնահատել երկրի առջեւ կանգնած խնդիրները եւ դրանց լուծումների տարբերակները։
Բա, ո՞նց էր իր վրա վերցնում ամբողջական պատասխանատվությունը պետության եւ ժողովրդի ճակատագրի համար։ Խոսքը հեղափոխությունը առաջնորդելու եւ քաղաքական գործչի դերը ստանձնելու մասին չէ՝ դա, իմ համոզմամբ, օրինաչափ էր, այլ ամեն ինչի վերաբերյալ միանձնյա որոշումներ կայացնելու հավակնության, որեւէ ասպարեզում հեղինակություն չճանաչելու։ Արդյո՞ք հիմա կարող ենք համոզված լինել, որ վարչապետը բոլոր դասերը քաղել է, չի կրկնելու նախկին եւ չի կատարելու նոր սխալները։ Մանավանդ որ վերջին տարիներին միանձնյա կառավարելու միտումները միայն խորացել են, եւ իր մերձակա շրջապատում այլակարծության դրսեւորումները իսպառ վերացել են՝ փակ քննարկումների մասին, բնականաբար, վստահելի տեղեկություններ չունեմ, բայց դժվար թե դրանք էական ազդեցություն ունեն ներկուսակցական, կամ, առավելագույնը, ներքաղաքական օրակարգերից դուրս։
Չգիտեմ, ինչպես մյուսներին, բայց ինձ բոլորովին չի մխիթարի, եթե, ասենք, երկու տարի անց Փաշինյանը կրկին խոստովանելու է, որ այս օրերի մարտահրավերներին պատասխանելիս սկզբունքորեն սխալվել է։