«Որեւէ կերպ չպետք է թույլ տանք, որ այս իշխանությունը, բոլոր բարոյական ու նաեւ իրավական նորմերը խախտելով, ներխուժի Հայ Առաքելական եկեղեցու ներքին կյանք ու խաթարի եկեղեցու գործունեությունը, որը բխում է համահայկական շահերից: Իշխանությունների վերջին 7 տարվա կործանարար քաղաքականության պայմաններում եկեղեցին է այն եզակի ինստիտուտներից մեկը, որ կարողանում է համահայկական շահերը միջազգային հարթակներում ներկայացնել ու հնարավոր չափով դրանք պաշտպանել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որը նույնպես միացել էր Հայ Առաքելական եկեղեցուն աջակցություն հայտնող քաղաքացիների երթին դեպի մայր տաճար, որտեղ նշվում էր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։
Անդրադառնալով եկեղեցու դեմ սկսված արշավին եւ Փաշինյանի հայտարարություններին, որ ինքը որպես Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ է ցանկանում, որ եկեղեցու կուսակրոնության ուխտը խախտած սպասավորները հեռանան, պարոն Աբրահամյանը շարունակեց. «Երբ իրենց պետք է, դառնում են եկեղեցու հետեւորդ, որտեղ ինչ պետք է, դրանից դառնում են… 2018-ին էլ ասում էին, թե պայքարում ենք միայն բանակը թալանողների դեմ: Բայց ժամանակը ցույց տվեց, որ մեկ, երկու, երեք դեպք մանիպուլյացիաներով հանրայնացնում են, քարոզչության մեջ հարձակումներ են իրականացվում, հետո այդ ամբողջը տեղայնացվում է Զինված ուժերի նկատմամբ: Ինչը բերեց իր հետեւանքները՝ սկզբում բարոյահոգեբանական առումով, հետագայում սպայական, հրամանատարական կազմի մասսայական դուրս գալուն եւ այլն: Մենք 2018-ից տեսել ենք՝ այս իշխանությունը ոնց է գործում: Սկզբում ներկայացնում է լրիվ այլ իրականություն, փորձում է ցույց տալ, որ գնում է առողջացման, բարեփոխումների ճանապարհով, բայց կարճ ժամանակ հետո ցույց է տալիս, որ կոնկրետ ինստիտուտն է թիրախը, ինչպես Զինված ուժերի դեպքում էր հիմա՝ եկեղեցու»:
Կարդացեք նաև
Ի պաշտպանություն եկեղեցու երթին մասնակցում էր նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության սկսած իմպիչմենտի գործընթացում առաջադրված վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը: Նա վստահեցրեց, որ կոնսոլիդացիան քաղաքական ուժերի շրջանում հնարավոր է, ակտիվ գործընթացները սարերի հետեւում չեն ու իշխանափոխությունը նույնպես հնարավոր է:
Հիշեցնենք, որ այսօր նշվում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, ինչի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվելու Միածնաէջ Մայր Տաճարում։ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնի առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեցին Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ:
Ի դեպ, Զվարթնոց տաճարից դեպի Սուրբ Էջմիածի երթով գնացին ՀՀԿ ներկայացուցիչներն ու քաղաքացիները: Նրանք վանկարկում էին ՝ «չարիքը պետք է հեռացվի օր առաջ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ