«Շաբաթներ առաջ Փաշազադեն հայտարարեց, որ Էջմիածինը իրենց պատմական տարածքներն են, դրանից մի քանի օր անց Փաշինյանը սկսեց իր արշավը եկեղեցու վրա: Եթե տարբեր թվականներին կային տարբեր մարդիկ, որոնք հավատում էին՝ ինքը ինչ-որ մի լավ բան է անելու, որ սա իրենց չի վերաբերում, ապա հիմա սա վերաբերում է բոլորին: Փաշինյանը դեմ է դուրս եկել եկեղեցու, պետականության, մեր բոլոր ազգային արժեքների դեմ: Ինքն ու իր նմանները, իրոք, մի փոքր խմբակ են: Մենք պետք է ապացուցենք, որ այդ խմբակը չի կարող մոռացության մատնել մեր բոլոր ազգային արժեքները: Չկա մի մարդ, ում պայքարը հիմա սա չէ: Կարծում եմ՝ սա կունենա իր հետեւանքները»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նա նույնպես միացել էր Հայ Առաքելական եկեղեցուն աջակցություն հայտնող քաղաքացիների երթին դեպի մայր տաճար, որտեղ նշվում էր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:
Կարդացեք նաև
Պարոն Մամիջանյանը պատասխանեց հարցին, թե ինչ հնարավոր պայմանավորվածություններ կարող էր Փաշինյանը ձեռք բերել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ վերջին հանդիպման ժամանակ:
«Մենք մի քանի ամիս առաջ էինք դեռ հայտարարել, որ Փաշինյանը Թուրքիային դարձնում է միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերություններում: Ցավոք, դա արդեն տեսանելի է բոլորին: Տվյալներ չկան, թե կոնկրետ ինչ է քննարկվել, բայց ակնհայտ է՝ եթե նախորդ օրը տեղի է ունեցել Ալիեւ-Էրդողան, հաջորդ օրը Էրդողան-Փաշինյան հանդիպումը, ապա Թուրքիան արդեն իսկ ստանձնել է միջնորդական առաքելություն: Մեզ ձե՞ռ է տալիս, որ Թուրքիան լինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջնորդ: Այլընտրանք կար, դրանցից մեկը ԵԱՀԿ Մինսկի խումբն էր: Ի՞նչ զիջումների է գնացել երեկ չէ առաջին օրը Թուրքիայում, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ պայմաններից մեկը՝ շարունակել եւ ավարտին հասցնել եկեղեցու դեմ արշավը, դիմել Մինսկի խմբի լուծարման համար: Չեմ խոսում մնացած բոլոր զիջումների մասին, որոնք Փաշինյանը կանի հողի վրա՝ այսպես կոչված սահմանազատման գործընթացը»,- ասաց Մամիջանյանը:
Հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, որը նույնպես երթի մասնակիցների մեջ էր, նկատեց, որ տարածաշրջանը տրաքում է, իսկ Հայաստանում քաղաքացիները ստիպված են պաշտպանել Հայ Առաքելական եկեղեցին թուրքահպատակ իշխանություններից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ