Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքագետ. «Երբ թիրախ են դառնում մեր պետությունը եւ եկեղեցին, ժողովուրդը ինքնապաշտպանության մղումով միշտ համախմբվում է Մայր Աթոռի, Էջմիածնի եւ Վեհափառի շուրջ»

Հունիս 22,2025 22:59

Էջմիածնի տոնի մասնակից, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Մայր Աթոռի բակում Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ծավալված արշավին եւ այսօրվա խորհրդին՝ ասաց. «Այսպիսի տագնապալի իրավիճակներում, երբ թիրախ է դառնում մեր պետությունը եւ եկեղեցին, մեր ժողովուրդը նաեւ բնազդով, բնական ինքնապաշտպանության մղումով միշտ համախմբվում է Մայր Աթոռի, Էջմիածնի եւ Վեհափառի շուրջ: Այսօրվա այս հոծ ներկայությունը նաեւ դրա դրսեւորումն է, հավաքական ժողովրդի, ազգի անհանգստության դրսեւորումը, քանի որ թիրախավորվում են մեր Պետությունը, մեր Սուրբ եկեղեցին եւ մեր Ինքնության կարեւոր տարրերը: Դրա համար մեր ներկայությունն այստեղ նաեւ ունի ոչ միայն հոգեւոր, այլեւ քաղաքացիական նշանակություն, քանի որ ամեն քաղաքացու պարտքն է՝ կանգնել պետականության կողքին, որի ամենակարեւոր պաշտպանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է»:

Հարցին, թե իշխող ուժը մեր այս տոնը չի շնորհավորում, սակայն շնորհավորում է հարեւանների կուրբան բայրամը, թուրքագետը պատասխանեց. «Իշխող ուժը անցած յոթ տարիների ընթացքում այնքան տարօրինակ, հակապետական, հակաազգային բաներ է արել, որ մենք կարող ենք ուղղակի թվարկել դրանք՝ այլեւս չզարմանալով: Այնպես որ այդ ուժի պարագայում դրանք սպասելի եւ օրինաչափ են»:

Մեր գործընկերների դիտարկմանը, թե Փաշինյանը մեկ անգամ չէ հայտարարել, որ ինքնությունից, իր իսկ բնորոշմամբ, այսպես կոչված հայրենասիրությունից  պետք է ըստ անհրաժեշտության հրաժարվել հանուն նոր իրողությունների, նոր զարգացումների, որովհետեւ տարածաշրջանն այսօր փոխվել է եւ պետք է հաշվի նստել նաեւ հարեւաններիի հետ, Ռուբեն Մելքոնյանը ասաց. «Պրագմատիզմի քողի ներքո ազգային ինքնասիրությունը զիջելը չի կարող որեւէ արդարացում ունենալ: Հակառակը՝ համահունչ են: Հայրենասիրությունն ու պրագմատիզմը իրար հակադիր չեն, համահունչ են: Որեւէ մեկը չի ասում՝ այսօրվա իրողությունները հաշվի չառնել եւ Ծովից-Ծով Հայաստանը հենց հիմա պահանջել: Բայց որեւէ օտար պետություն, հատկապես արեւելքում չի կարող հարգել մի պետության, մի ազգի, որը շատ արագ նահանջում է իր համար կարեւոր սրբություններից, պետական, ազգային կարեւոր ինքնութենաստեղծ գծերից: Այնպես որ, այդ կեղծ պրագմատիզմի քարոզը, կարծում եմ, այս իշխանության հերթական պոպուլիստական ոճն է, որով փորձում են քողարկել այն, ինչը կոչվում է թուրքական նախապայմանների սիրահոժար կատարում իրենց կողմից»:

Անդրադառնալով Փաշինյանի՝ երեկ հնչեցրած արտահայտությանը, թե այսօր էլ Թուրքիայի հետ բանակցությունները, հարաբերությունները սկսում է զրոյական կետից, թուրքագետը նշեց. «Ինքը տարբեր անգամներ հայտարարել է, որ սկսել է զրոյական կետից եւ մենք տեսել ենք, որ այդ զրոյական կետերը մեր համար շատ հաճախ ավարտվում են ողբերգություններով, կործանումներով: Թուրքիան ինքը չի կարող սկսել զրոյական կետից, քանի որ թուրքական նախապայմանների հիմքը դրվել է 90-ականներին եւ  Էրդողանը շարունակում է դա: Այնպես որ, Փաշինյանի հայտարարությունները կտրված են աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային կոնտեքստից եւ Թուրքիայի արտաքին քաղաքական կարեւոր ուղղություններից ու առաջնահերթություններից, քանի որ թուրքական պահանջները, որոնց մի մասն ինքը սիրահոժար կատարել է, անփոփոխ են սկսած 90-ականներից: Ինքը իր զրոյական կետով երեւի թե ընկալում ունի միայն իր եւ իր նեղ խմբակի կողմից»:

Արձագանքելով Թուրքիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ թուրքական մշտամնա պահանջների շուրջ Փաշինյանի հայտարարությանը, թե ի՜նչ կա, ճանապարհ տանք՝ իրենք էլ օգտվեն, մենք էլ: Թուրան-թուրան եք ասում, Ռուբեն Մելքոնյանն ասաց. «Դրանք ապացույցն են այն բանի, որ նա չի պատկերացնում աշխարհաքաղաքական իրողությունները եւ վտանգները: Թուրան-թուրան ասելը 100,150 տարվա թուրքական ծրագիր է: Եվ այդքան պրիմիտիվ գնահատական տալ, որ դա ընդամենը ճանապարհ է, ցույց է տալիս, որ տվյալ անձը կամ չի պատկերացնում, կամ փորձում է իր հերթական սպասվող զիջումը քողարկել ահա այդպիսի պարզունակ գնահատականներով: Թուրանը ոչ միայն ճանապարհ է, այլ նաեւ մի ամբողջ պրոյեկտ է, որի կոնտեքստում Հայաստան պետություն չի կարող գոյություն ունենալ: Իրենք ճանապարհ չեն ուզում: Քանի անգամ սրանք հայտարարել են, որ ուզում են ճանապարհ տալ, թուրքական եւ ադրբեջանական կողմը պատասխանել է. «Ոչ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30