Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաշխարհային անվտանգությունը, խաղաղությունը սպառնալիքի տակ են Մերձավոր Արևելքում սրացումների և հումանիտար աղետի պատճառով»․ ԵԽԽՎ նախագահ

Հունիս 23,2025 16:23

«Եվրոպայի խորհուրդը միակ կազմակերպությունն է ամբողջ աշխարհում, որը բացառիկ կերպով աշխատում է ժողովրդավարության ապահովման համար։ Իշխանությունը զենքի ու փողի մեջ չէ»,- «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը։

Նա, կարևորելով եվրոպական ինը վարչապետների կողմից ստորագրված նամակը, նշեց․ «1949-ի մայիսին հիմնադրվել է Եվրոպայի խորհուրդը։ Եվ այս տարվա մայիսը նշանավորվեց նրանով, որ եվրոպական երկրների ինը վարչապետներ համատեղ հայտարարություն ստորագրեցին՝ մտահոգություն հայտնելով Եվրոպական կոնվենցիայի իրագործման հետ կապված։ Սա չպետք է դիտարկել առճակատման տեսանկյունից, այլ որպես երկխոսության և մտահոգությունների կոչ։ Ես հասկանում եմ այն ​​պատճառաբանությունը, որը վարչապետներին դրդեց անել այս համատեղ հրապարակային հայտարարությունը։ Նույնիսկ, երբ մեզ դուր չի գալիս կամ համաձայն չենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված որևէ որոշման հետ, անհամաձայնությունը չպետք է դառնա պատրվակ՝ խաթարելու այն հաստատությունը, որը կայացնում է այդ որոշումները»։

ԵԽԽՎ նախագահն ասաց՝ պատմությունը մեզ ցույց է տվել, որ երբ քաղաքական իշխանությունը միջամտում է արդարադատությանը, դրա գինը վճարում է ժողովրդավարությունը։ Այնուամենայնիվ, մենք պետք է նաև ընդունենք անդամ պետությունների շրջանում աճող միտումը՝ թերագնահատելու կամ նույնիսկ անտեսելու Եվրոպայի խորհուրդը։ Սա անձնական մեկնաբանություն չէ։ Մենք բոլորս կիսում ենք պատասխանատվությունը։ Այս վեհաժողովը կարևոր դերակատարություն ունի ժողովրդավարության ապահովման հետ կապված։ Չկա ժողովրդավարություն առանց հավասարակշռության»։

ԵԽԽՎ նախագահը տեղեկացրեց, որ հունիսի 26-ին ԵԽԽՎ-ն հյուրընկալի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։

Խոսելով Մերձավոր Արևելքի զարգացումների մասին՝ նա նշեց․ «Պատերազմը շարունակվում է ավելի դաժան ու ավելի խտրական։ Տասնյակ հազարավոր անմեղ քաղաքացիներ սպանվել են՝ հակառակ այն արժեքների, որոնք մենք այստեղ քարոզում ենք։ Վերջին օրերին համաշխարհային անվտանգությունը, խաղաղությունը սպառնալիքի տակ են Մերձավոր Արևելքում սրացումների և հումանիտար աղետի պատճառով։ Այս դաժանությունների գինը վճարում են Գազայում, Իսրայելում, Իրանում»։

Նշենք, որ ԵԽԽՎ-ն նաև որոշում ընդունեց հրատապ ընթացակարգով քննարկել «Եվրոպայում կանանց իրավունքները՝ առաջընթաց և մարտահրավերներ» և «Համաշխարհային խաղաղությունը սպառնալիքի տակ. Գազայում մարդասիրական աղետի դադարեցում և Մերձավոր Արևելքում ավելի լայն հակամարտության լուծում» թեմաները։ Ընթացիկ հարցերի ընթացակարգով ԵԽԽՎ-ն կքննարկի «Կոչ՝ անհապաղ ազատ արձակել Վրաստանում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց» և «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ մեր ժամանակների մարտահրավերներին դիմակայելով» թեմաները։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30