Սիրում եմ հանդիպել իմ դասարանցիների հետ: Նույն միջավայրում մեծացած, նույն սերնդի մարդիկ կարող են, օրինակ, կես բառից հիշել այն ֆիլմերը, որոնք բոլորս մի 20 անգամ տեսել ենք (հիմնականում՝ խորհրդային կինոկատակերգությունները), ծիծաղել նույն կատակների վրա, որոնք անհասկանալի են այդ միջավայրից դուրս գտնվող մարդկանց, մտաբերել անցած – գնացած ժամանակները…
Վերջերս կարդացի Լուսինե Հովհաննիսյանի «Երեւա, երեւա, Երեւան» հուշագրությունը, եւ այնտեղ էլի կային, այսպես ասած, «կոդեր», որոնք հասկանալի են մեր սերնդին: Դե, արի ու բացատրի այսօրվա դպրոցականներին, թե ինչ իմաստ էինք մենք ներդնում «բակ» եւ «շենքի հետեւ» բառերի մեջ եւ ինչու մեզանում կար տան բանալիները մուտքի շորի տակ թողնելու դժվար բացատրելի սովորությունը:
Շատ կցանկանայի, որ տասնամյակներ հետո նույն ջերմությամբ հանդիպեն այսօրվա պատանիները: Բայց դրա համար կան մի շարք խոչընդոտներ: Նախ՝ միջավայրը խիստ բազմազան է: Օրինակ, բացարձակապես պարտադիր չէ, որ բոլոր երեխաները «Վրեմյայից» հետո, 22.30-ին դիտեն միեւնույն ֆիլմը կամ հերթ կանգնեն «Արագած» կինոթատրոնում՝ 10-րդ անգամ «Ֆանտոմասը» դիտելու համար: (Հիշո՞ւմ եք կինոթատրոնի հաշմանդամ ադմինիստրատորին, որը խստիվ հետեւում էր կարգուկանոնին, բայց շատ բարի մարդու տպավորություն էր թողնում):
Միջավայրի բազմազանությունն ինքնին, իհարկե, դրական երեւույթ է: Բայց արդյունքն այն է, որ ոչ միայն միեւնույն դասարանի աշակերտները, այլեւ նույն ընտանիքի անդամները հեռախոսում չափազանց տարբեր բաներ են պեղում եւ, շատ հնարավոր է, ընդհանուր թեմաներ չգտնեն, հետեւաբար, հետագայում ընդհանուր հիշողություններ չունենան:
Կարդացեք նաև
Երկրորդ կարեւորագույն գործոնն է ժամանակաշրջանների տարբերությունը: Ես մեծացել եմ, թեեւ հրեշավոր արատներ ունեցող, բայց կայուն, խաղաղ, անվտանգ երկրում: Այսօրվա 40 տարեկանները ենթարկվել են «ցրտի եւ մթի», իսկ նրանց երեխաները՝ թագավարակի եւ պատերազմում պարտվելու սթրեսներին: Թե՝ «ցուրտն ու մութը» (իրականում առաջին պատերազմում հաղթանակը), թե՛ երկրորդ պատերազմում պարտությունն այսօր պաշտոնապես «անիմաստ» են հայտարարվում եւ այդպես էլ ընկալվում են շատերի կողմից: Դա, մեծ հաշվով, մոլորվածության զգացում է առաջացնում երիտասարդների մոտ:
Եվ այստեղից նաեւ՝ իմ սերնդի առաքելությունը՝ փոխանցել մեր «սթրեսավորված» հետնորդներին ոչ միայն գիտելիքները, այլեւ համերաշխության, ընկերության, ներդաշնակության արժեքները:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ