Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառայողական քննություն իրականացնելը մեր կողմից գնահատվում է ոչ իրավաչափ գործողություն. ծեծված Վահե Նավոյանի ներկայացուցիչ

Ապրիլ 04,2024 14:39

Ապրիլի մեկին համացանցում տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես են քաղաքացիական հագուստով անձինք մի երիտասարդի նկատմամբ բռնություն կիրառում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բռնության զոհը Վահե Նավոյանն է, իսկ բռնություն գործադրողները՝ ոստիկաններ:

Վահե Նավոյանի ազգական Սեւադա Ղազարյանն այսօր Մեդիա կենտրոնում պատմեց, որ ոստիկանության ծառայողները բռնության գործադրմամբ բերման են ենթարկել Նավոյանին՝ փորձելով կորզել տեղեկություններ.

«Մինչ օրս Վահեին չեմ տեսել, որովհետեւ նա գտնվում է տնային կալանքի տակ՝ առանց կապի միջոցների եւ տեսակցության իրավունքի»:

Սեւադա Ղազարյանի պատմելով՝ մարտի 14-ին Վահեին իր ծանոթներից մեկը զանգել է, խնդրել դուրս գալ, իբրեւ թե ինչ-որ բան է ուղարկել: Նավոյանն էլ դուրս է եկել ու ենթադրյալ այն մեքենայից, որով իբրեւ թե ծանոթը ինչ-որ բան է ուղարկել, դուրս են եկել մի քանի երիտասարդներ, Վահեի թեւերը ոլորել, ձեռնաշղթաներ հագցրել, «կապիշոնով» գլուխը ծածկել ու ծեծելով տարել անհայտ ուղղությամբ: «Ծեծ, հայհոյանքներ, հարվածներ գլխին, տարել են այն վայրը, որտեղ իբրեւ թե նա պետք է մեքենան թաքցրած լիներ: Այդ ողջ ընթացքում կիրառվել է հոգեկան, ֆիզիկական բռնություն նրա նկատմամբ»:

Ղազարյանի խոսքով, կան դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունները, որոնք հիմնավորում են Վահեի ասածները, որ իրեն ծեծել են:

Բանախոսի պատմելով՝ Նավոյանին մի լավ ծեծելուց հետո՝ նրան տարել են ոստիկանության բաժին, ցուցմունք տալու:

Նավոյանի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հովհաննիսյանն էլ նկատեց, որ բռնության արձագանքը երբեւէ չի կարող լինել անգործությունը կամ լռությունը. «Մի սցենար է, երբ բռնություն է գործադրվում մասնավոր անձի կողմից, բայց լրիվ այլ հանրային վտանգավորության հետ գործ ունենք, երբ բռնություն գործադրողն այն մարմինն է, որի մանդատը բռնություն կանխելն է, մարդու իրավունքների պաշտպանությունն է: Մեր կողմից ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ խոշտանգումների հատկանիշներով: Վարույթի շրջանակում Վահե Նավոյանը տուժողի կարգավիճակ ունի»:

Փաստաբանը նկատեց, որ ուսումնասիրելով խոշտանգումների հատկանիշներով նախաձեռնված վարույթների վիճակագրությունը, ակնհայտ է, որ տուժողների իրավունքների պաշտպանության, պատշաճ քննության հետ կապված խնդիրներ կան ու ոչ բոլոր դեպքերում են նման գործերը հասնում դատարան. «Հաշվի առնելով այդ վիճակագրությունը՝ տուժողների իրավունքների պաշտպանության դիտանկյունից, հուսադրող չէ , լիահույս ենք, որ այս վարույթով պետք է լինի պատշաճ քննություն»:

Նավոյանի մյուս ներկայացուցիչ Մարտիկ Մարտիրոսյանն էլ անդրադառնալով ՆԳՆ տարածած տեղեկությանը. թե ոստիկանության ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել, բայց նրանց լիազորությունները չեն կասեցվել, ասաց. «Ծառայողական քննություն իրականացնելը մեր կողմից գնահատվում է ոչ իրավաչափ գործողություն, որովհետեւ ծառայողական քննությունն իրականացվում է կարգապահական խախտումները վերհանելու, զանցանքները քննարկելու համար, բոլոր այն դեպքերում, երբ գործ ունենք առերեւույթ հանցավոր դեպքի հետ, պետք է քրեական վարույթ նախաձեռնվի, քննություն իրականացվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930