Լրահոս
Օրվա լրահոսը

Տնային կալանք՝ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդուն․ ո՞վ է կասկածվում Գյումրու կենտրոնում կրակոցներ արձակելու մեջ

Հունիս 24,2025 12:51

Տեղեկացրել ենք, որ հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Գյումրու կենտրոնում՝ «Գյումրի Հացատան» դիմաց հնչել են կրակոցներ։ Վիճաբանություն է տեղի ունեցել, ծեծկռտուք, որն ավարտվել է կրակոցներով։ Մասնակիցներից մեկն իր մոտ եղած հրազենով մի քանի կրակոց էր արձակել, ըստ օպերատիվ տվյալների՝ 1 հոգի վիրավորում է ստացել կրակոցից, 2 հոգի էլ՝ ծեծկռտուքի հետևանքով:

Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզել էին, որ ոչ մի վիրավոր չի տեղափոխվել հիվանդանոց․ բուժումներ են ստանում տնային պայմաններում:

Shamshyan.com-ին հայտնի էր դարձել, որ կրակոցներ արձակողը Գյումրիում հայտնի քրեական պատմությունների մեջ բազմիցս ներգրավված է եղել:

Aravot.am-ին էլ հայտնի էր դարձել, որ «Գյումրի Հացատան» դիմաց տեղի ունեցած միջադեպը կապված է Գյումրու ՏԻՄ ընտրությունների հետ․ կրակոցներ արձակելու մեծ կասկածվող անձը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի մտերիմ, սպանված Արտյոմ Կարապետյանի՝ Շեկոյի որդին է՝ Վ․ Կարապետյանը։

Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, «Գյումրի հացատան» դիմաց վիճաբանության մեջ է մտել ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդիների հետ՝ ասելով, թե ինչո՞ւ ձեր հայրը ձայն տվեց Վարդան Ղուկասյանին՝ նրան օգնելով քաղաքապետ դառնալ։ Շեկոյի որդին պատգամավորի որդիներին հիշեցրել է, որ արյուն է թափվել․ իր հորը սպանել է Վարդան Ղուկասյանի եղբոր որդին՝ Վահե Ղուկասյանը, որը դեռ իր պատիժն է կրում քրեակատարողական հիմնարկում։

Հիշեցնենք, որ Շեկոն սպանվել էր 2013 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 13․00-ի սահմաններում Գյումրու Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում, որի ժամանակ Մարտուն Գրիգորյանի ընտանիքի մտերիմ Հարություն Խաչատրյանը՝ քավոր Հարութը, հրազենային վիրավորում էր ստացել, իսկ Շեկո մականունով Արտյոմ Խաչատրյանը մահացել էր։ Սպանության մեջ մեղադրվող Վահե Ղուկասյանը՝ Վարդան Ղուկասյանի եղբորորդին, դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման։

Նշենք, որ «Գյումրի հացատունը» պատկանում է Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդուն՝ Գ․ Գրիգորյանին։

Երեկ գիշերը ժամը 12․00-ի սահմաններում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտյոմ Ավետիսյանը երկամսյա տնային կալանքի է ենթարկել նրա եղբորը՝ Ա․ Գրիգորյանին։

Պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդին՝ Ա․ Գրիգորյանը, սակայն, ըստ մեզ հասած տեղեկությունների, կապ չունի այս կրակոցների հետ։ Հնչած կրակոցներից հետո, երբ «Գյումրի հացատան» դիմաց քրեական ոստիկանները օպերատիվ-քննչական գործողություններ են կատարել, Ա․ Գրիգորյանը, որը լահմաջո է կերել այդ պահին հացատանը, տեսնելով Շիրակի մարզային քրեական ոստիկանության պետին, դուրս է եկել ու ոչ կոռեկտ պահվածք ցուցաբերելով՝ հարցրել, թե ի՞նչ են անում այնտեղ։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ Գյումրիում հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30