«Ես ապացուցում եմ, որ ՔՊ-ն սուտ ու շառ է արել իմ վրա»,- Երեւանի ավագանու նիստի ընդմիջմանը միջանցքում բորբոքվեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։ Նա մոտեցել էր ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանին՝ պահանջելով ներողություն խնդրել իրենից՝ անցած նիստում արած զրպարտող հայտարարության համար։ Արշակ Սարգսյանը պնդում է, որ Միքայել Խաչատրյանին իրեն ընտրակաշառք բաժանող է անվանել։
Նա իր ասածը հաստատող ձայնագրություն էլ միացրեց իրավիճակը հարթելու համար մոտեցած փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանի եւ լրագրողների համար։ Ըստ ձայնագրության, իր ելույթից հետո Խաչատրյանը խոսք է վերցրել ու ասել՝ «Դուք ընտրակաշառք բաժանող եք»։
Միքայել Սարգսյանը հրաժարվեց ներողություն խնդրել։
«Կներեք, Արշակ Սարգսյանը դուք եք, բայց կարող է պարոն Սարգսյանը դուք չեք»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ավագանու անդամները սկսեցին միմյանց վրա գոռգոռալ․ «Կասես։ Դե կտեսնես, որ կասես, իսկ մինչ այդ ես ամեն օր իմ պիտակումները ձեզ կասեմ։ Ասելու եմ՝ ստախոս, բանսարկուներ եք, հանցագործություն թաքցնողներ»։
«Քիչ առաջ ինձ մոտենում է պարոն Խաչատրյանը, ասում է՝ չեմ հիշում, ես ձեզ նման բան չեմ ասել։ Փաստացի ինձ է ասել, ես ապացուցում եմ, որ ՔՊ-ն սուտ ու շառ է արել իմ վրա։ Ես էլ ասում եմ՝ էդ որ ասում եք՝ կոպեկ-կոպեկ հետ եք բերելու, բա բերեք։ Ինձ ասում է՝ «ընտրակաշառք էիք բաժանում»։ Ես էլ հիմա ասում եմ՝ կամ դուք բանսարկու ու զրպարտիչ եք կամ հանցագործություն եք թաքցնում։ Կամ ներողություն խնդրեք կամ պիտակավորվելու եք»,-հայտարարեց Արշակ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ մինչեւ 2018 թվականն ինքը քաղաքականությամբ չի զբաղվել, հետեւաբար, չէր կարող ընտրակաշառք բաժանել։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ