Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգը դնում է կասկածի տակ»․ Ալեն Բերսե

Հունիս 24,2025 19:20

«Իհարկե, բոլոր երկրներում էլ կան խնդիրներ, բայց իմ ընդհանուր տպավորությունն այն է, որ ՀՀ-ն գնում է ճիշտ ուղղությամբ։ Գիտեմ, որ մյուս տարի ՀՀ-ում կարևոր ընտրություններ են լինելու»,-հայկական պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումն ու ՀՀ-ի երկխոսությունը ԵԽ-ի հետ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ժամանակ այսպես պատասխանեց ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։

Նա ասաց․ «Իմ անձնական գնահատականն ու տպավորությունն այն է, որ մենք զգում ենք Հայաստանի՝ դեպի Եվրոպա ձգտումը։ Մեր դերակատարությունն է աշխատել երկրի հետ։ Մենք մեծ գրասենյակ ունենք Հայաստանում, որը մեծ գործ է կատարում տարբեր նախագծերի և բարեփոխումների իրականացման համար»։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ԵԽ գլխավոր քարտուղարին հետևյալ հարցը հղեց․ «Եվրոպայի խորհրդում գրեթե կես դար անդամակցությունից հետո Վրաստանը ենթարկվում է կոշտ քննադատության և պատժամիջոցների, Հայաստանը բախվում է տարածքային ամբողջականության խախտման և հայ ժողովրդի էթնիկ զտումների Ղարաբաղում, իսկ Ադրբեջանն ամբողջությամբ վերածվել է մարդու իրավունքները բացառող պետության: Ի՞նչ հետագա «նշանակալի նվաճումներ» կարող ենք ակնկալել տարածաշրջանում առաջիկա տարիներին՝ Եվրոպայի խորհրդում շարունակվող անդամակցության պայմաններում»:

Ալեն Բերսեն պատասխանեց․ «Ես կարող եմ շեշտել ԵԽ անդամ լինելու կարևորությունը։ Առաջինը, որ այս առիթով ուզում եմ նշել, այն է, որ ԵԽ անդամ լինելը նշանակում է կատարել ստանձնած հանձնառությունները՝ մասնավորապես հավատարիմ մնալ  Եվրոպական կոնվենցիային, գիտակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերակատարությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցում և կատարել ՄԻԵԴ-ի բոլոր վճիռները։ Միայն այս բաղադրիչներն են, որ մեծ կարևորություն ունեն, և հենց սա է պատճառը, որ մենք խստորեն հանձնառու ենք վստահ լինել, որ այս համակարգը՝ անգամ ճգնաժամային իրավիճակներում, մեր դերակատարությունը շարունակում են մնալ կարևոր»։

Ալեն Բերսեն ասաց, որ խստորեն մտահոգված է Հարավային Կովկասում իրավիճակով․ «Մենք մեկ քայլ առաջ ենք գնացել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման առումով։ Ես փորձում եմ աջակցել բոլոր ջանքերին խաղաղության  պայմանագրի ստորագրման առումով։ Երբ Երևանում էի, 2,5 ժամից ավելի խոսել եմ վարչապետ Փաշինյանի հետ հասկանալու՝ ինչ կարող եմ անել։ Նախագահ Ալիևի հետ էլ եմ խոսակցություն ունեցել նույն թեմայով։ Փաշինյանի՝ Անկարա այցը պատմական էր։  Մենք ՀՀ-ի և Ադրբեջանի կողքին ենք, բայց նրանց անունից որևէ բան ստորագրել չենք կարող։ Կարող ենք մեր դրական ազդեցությունն ունենալ գործընթացի վրա»։

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ԵԽ գլխավոր քարտուղարն ասաց․ «Վրաստանում ամեն ինչ գնում է ոչ լավ ուղղությամբ, նկատի ունեմ նաև համագործակցությունը ԵԽ-ի հետ։ Ես անում եմ ամենը, ինչ կարող եմ։ Դեկտեմբերին եմ եղել Վրաստանում և փորձում եմ դրական զարգացումների համար ուղի հարթել, բայց մենք տեսնում ենք, որ այս պահին դժվար է դա ապահովելը»։

ԵԽ գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ շեշտեց՝ լինել Եվրոպայի խորհրդի անդամ, նշանակում է հանձնառու լինել Կոնվենցիայի հարգմանը, ՄԻԵԴ որոշումներին և կատարել դրանք․ «Ադրբեջանի հետ կապված լուրջ մտահոգություն ունենք դատարանի վճիռների կատարման առումով։ Ադրբեջանը մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգը դնում է կասկածի տակ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30