Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդհանուր կամքը» նույն Վիշա՞պն է

Հունիս 25,2025 13:30

Ազատությունն էլ նրա ուզա՞ծն է

Քաղաքապետ. «Լսեք իմ հրամանը: Աչքի հիվանդություններից խուսափելու համար, արգելվում է նայել երկնքին: Այն, ինչ տեղի է ունենում երկնքում, դուք կիմանաք հաղորդագրությունից, որոնք անհրաժեշտության դեպքում հրապարակելու է պարոն Վիշապի անձնական քարտուղարը»:

Հատվածը, հասկանալի է, Եվգենի Շվարցի «Վիշապը» պիեսից է: Այսինքն՝ եթե տեղափոխենք այդ հրամանը 21-րդ դարի հայկական իրականություն, կարելի է վերաձեւակերպել այսպես. դուրս մի եկեք տնից, մի նայեք՝ երկինքը կապույտ է, թե մոխրագույն՝ Ֆեյսբուքում արդեն իսկ ամեն ինչ ասված է:

Իսկ ո՞վ է Ֆեյսբուքում օրակարգ թելադրում: Բնականաբար՝ Վիշապը: Եվ նրան նույնիսկ անձնական քարտուղար պետք չէ՝ նա անձամբ է գրում:

Ինչպես են դառնում Վիշապ՝ սա է խնդիրը: Ընդ որում, այսօրվա վիշապները խոսում են ոչ թե Աստծո, այլ «ժողովրդի» անունից: Այդպես է արդեն առնվազն 2,5 դար: Ակունքներին հասնելու համար արժե հիշել Ժան-Ժակ Ռուսոյին. «Եթե որեւէ մեկը հրաժարվի ենթարկվել ընդհանուր կամքին, նրան կպարտադրեն, իսկ դա նշանակում է ոչ այլ ինչ, քան ուժով ստիպել նրան՝ ազատ լինել»:

Ի՞նչ է ստացվում: Կա ինչ-որ մի տեղից հայտնված «ընդհանուր կամք» (այսինքն՝ Վիշապ), որն ինչ-որ պատկերացումներ ունի ազատության մասին, եւ այդ պատկերացումներին համապատասխան նա ստիպում է, պարտադրում է, որ մարդիկ ազատ լինեն:

Բնականաբար, հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ձեւավորվում «ընդհանուր կամքը»: Գուցե ասեք՝ ընտրությունների միջոցո՞վ: Բայց մենք բազմիցս համոզվել ենք, թե որքան խախուտ է ընտրությունների գործիքը՝ այդ «ընդհանուր կամքը» ձեւավորելու համար: Ընտրությունների միջոցով կարող են ընտրել մի մարդու, որը բացի իր սեփական կամքից, ոչ մի ուրիշ կամք չի ճանաչում: Ընտրությունների վրա ազդում են գործոններ՝ օրինակ, տեղեկատվական կամ քաղաքական տեխնոլոգիաները, որոնք ի սկզբանե, ի բնե այդ «կամքի» հետ կապ չունեն: Ենթադրենք, ընտրությունների արդյունքում ձեւավորվում է «ընդհանուր կամք»՝ նրանք, ովքեր համաձայն չեն մեծամասնության հետ, այդ «կամքի» մեջ չե՞ն մտնում:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է «ազատությունը», որը Վիշապը պետք է մեզ բոլորիս պարտադրի: Ի՞նչ անել, եթե Վիշապի պարտադրած «ազատությունը» երկնքին չնայելն է եւ նրա՝ Վիշապի գրառումներին հետեւելը: Ազատությունն, իմ կարծիքով, ճիշտ հակառակն է՝ ցանկացած երեւույթ քո աշխարհայացքից ելնելով մեկնաբանելն է: Եթե Վիշապը գրում է՝ «ցանկացած մարդ, որն ինձ հետ համաձայն չէ, այլ երկրի գործակալ է», ես ազա՞տ եմ «ընդհանուր կամքին» դեմ գնալ: Թե՞ «ընդհանուր կամքն» այդ դեպքում ինձ նույնպես կկպցնի «գործակալի» պիտակը: Ստիպելով, այդպիսով, որ ես ազատ լինեմ:

Եվս մի դրվագ արդեն հիշատակած պիեսի կինովարկածից: Նույն քաղաքապետը փորձում է Լանցելոտին համոզել, որ պետք է լքել քաղաքը: «Դա ես չէ, դա ժողովուրդն է ուզում», – հիմնավորում է քաղաքապետը: «Ի՞նչ ժողովուրդ», – զարմանում է Լանցելոտը: Եվ քաղաքապետը ցույց է տալիս մարդկանց մի հսկայական հերթ, որոնք իբր ցանկանում են հաղորդել «ընդհանուր կամքը»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30