«Վաղ առավոտից «հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են տարբեր ընդդիմադիրների տները»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
«Սրբազան պայքար» շարժման տելեգրամյան ալիքներն էլ հայտնում են. «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ իրավապահները շարունակում են հետապնդել Սրբազան Պայքարի կողմնակիցներին։ Այսօր վաղ առավոտյան նրանք խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։
Իրավապահները գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում»:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» լրատվամիջոցը՝ Civic.am-ը երեկ հրապարակել էր մի գրություն, որը ներկայացրել է որպես հեղաշրջման պլան: Civic.am-ը պնդել է, թե այդ փաստաթուղթը ընդդիմության ներսում իրենց վստահելի աղբյուրներն են փոխանցել:
Կարդացեք նաև
Մասնավորապես, համաձայն հրապարակված «պլանի», Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ծրագիրը բաղկացած է 8 փուլից, այն ներառում է գաղտնի շրջան, ապա ներսից քայքայման, լուռ ճնշման, տագնապի ազդանշանի, շարժման, որոշիչ, նոր ուժի ձևավորման փուլեր: Ընդ որում, որոշիչ փուլը, այսինքն՝ շարժման գագաթնակետը, ըստ հրապարակված լուսանկարի, պետք է մեկնարկի սեպտեմբերի 20-ին և 21-ին՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Ըստ հրապարակված փաստաթղթի՝ իշխանափոխության կարգախոսն է՝ «Հեռացիր, որ ապրենք»:
Պլանում նաև նշվում է, թե անհրաժեշտ է համոզել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հասնել հաշտության և միասնական աջակցություն ապահովել:
Իշխանական լրատվամիջոցի կողմից այսօր հրապարակված պլանում նաև կա առանձին բաժին՝ «Մարդկային ռեսուրս» բաժնով, որտեղ հրապարակված են անուններ՝ դիմացը կոնկրետ մարդկանց թվաքանակով: Այսպես՝ Գագիկ Ծառուկյան՝ 15-20 հազար մարդ, Սամվել Կարապետյան՝ 5-8 հազար մարդ, Սամվել Ալեքսանյան՝ 5 հազար մարդ, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Դաշնակցության, արցախցիների, «Գազպրոմ»-ի և այլ կառույցների անվան դիմաց ոչ մի թիվ չկա:
Civic.am-ի հրապարակած այս պլանը րոպեներ անց հայտնվեց իշխանության տարբեր ներկայացուցիչների ֆեյսբուքյան էջերում: Այն տարածեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրելով. «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:
Նրա տիկինը՝ Աննա Հակոբյանն էլ ֆեյսբուքյան էջում գրել էր. «Եթե որևէ մեկը իրեն գտավ այս պետական դավաճանության պլանում, նախ ցավակցում եմ, բայց նաև հորդորում եմ ապաշխարել: Ողորմելի եք։ Ցածր եք։ Պետական դավաճան եք։ Անհայրենիք եք։ Երկիր ծախող եք։ Օտարի ստրուկ եք։ Անբարոյական եք։ Պիղծ եք։ Արյուն ուրացող եք»:
Գլխավոր դատախազությունը Civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումն ուղարկել է Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու: