Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունները նույնիսկ գործ սարքել չգիտեն»․ Գագիկ Համբարյան

Հունիս 25,2025 21:45

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանության կողմից հրապարակված հեղաշրջման պլանին, որը, ըստ իշխանավորների, պատրաստվում էին իրականացնել ընդդիմադիրները, ասաց․ «Շատ զարմանալի մի փաստի ենք առնչում․ իշխանության կողմից հրապարակված A4 ֆորմատի թղթի վրա կոնկրետ նշվում է գործողության ժամանակահատվածը՝ 2024 թվականի հուլիսի 23-ից մինչև սեպտեմբերի 30-ը։ Եվ հետո արդեն նպատակն է, պլանի կառուցվածքն է, փուլ 0, 1, 2, 3, այսպես գնում են առաջ։

Հիմա հարց՝ եթե հեղաշրջումը պլանավորվել է անցյալ տարի, ապա ինչ է նշանակում հիմա այդ ամենում մեղադրել ասենք Սամվել Կարապետյանին, կաթողիկոսին, թեկուզ և երկրորդ և երրորդ նախագահներին։ Բացի այդ, եթե մեկ տարի առաջ այդ ծրագիրը եղել է, հիմա ի՞նչ կապ ունի ներկայիս իրավիճակի հետ։ Կոնկրետ ժամանակահատված է նշված, կրկնում եմ՝ 2024 թվականի հուլիսի 23-ից մինչև սեպտեմբերի 30-ը։

Այսօր ինչ-որ թղթի կտորի վրա ներկայացրել են, թե ապագա նախարարների անուններ են գրված։ Գիտեք, սա սարսափելի անլուրջ է, երբ որ այդ ամենը կարող է անել ցանկացած ոք։

Ներկայացված ձայնագրություններից էլ ակնհայտ երևում է, որ մոնտաժված են, խոսքերը կտրտվում են, դադար է առաջանում և հետո շարունակվում են։ Դա նշանակում է, որ այդ նույն մոնտաժողներն անգրագետ են։ Բացի այդ 21-րդ դարում, նույնիսկ դպրոցահասակ երեխաները կարող են օգտագործել արհեստական բանականության անվճար ծրագրերը՝ բարձր որակով ցանկացած մարդու ձայնով կարող են տեքստ ստեղծել, ո՞վ է ասել, որ ձայնագրություններում հենց էդ մարդիկ են խոսել։

Իսկ այն, որ Հայաստանի իրավապահ համակարգը խայտառակություն է, այն, որ այդ իրավապահ համակարգն ամբողջությամբ ծառայում է Նիկոլ Փաշինյանին, ինձ թվում է՝ ավելորդ է անդրադառնալ։

ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հրապարակել է ևս մեկ հետաքրքիր լուսանկար, որքան հասկացա ԱԱԾ-ն է տարածել այդ լուսանկարը, ինչ-որ զենքերի կողքին շատ զարմանալիորեն ԱԱԾ-ականները հրապարակել են այդ զենքերի օրինական ձեռք բերման մասին փաստաթղթերը։ Այսինքն ԱԱԾ-ի առգրավված զենքերը օրինական ձեռք բերված են, լիցենզիաներ ունեն։ Հետաքրքիր է, դա ինչի՞ համար են արել, մարդը օրինական զենք է ձեռք բերել, իշխանությունները թույլատրել են, որ զենք ձեռք բերի, հիմա այդ զենքն առգրավել են, որ ի՞նչ անեն, ներկայացնեն, որ դա ապօրինի զե՞նք է կամ օրինական ձեռք բերված զենքով պետք է պետական հեղաշրջում անեի՞ն։

Կամ այնտեղ պարկուճներ են լուսանկարված՝ տարբեր տրամաչափերի, պարզվում է, դրանք բոլորն օգտագործված են, մարդը գնացել է որսի, այդ ամենը օգտագործել է, հավաքել, բերել է, որ հետագայում այդ ամենը ներկայացնի իրավապահ համակարգին կամ չգիտեմ ինչի համար է պահել։ Հիմա պետական հեղաշրջում եղե՞լ է, որ այդ պարկուճներն օգտագործվել են, ինչի՞ համար է այս դիլետանտությունը, խայտառակությունն իրականացվում իշխանությունների կողմից»։

Ըստ Գագիկ Համբարյանի, այս իշխանությունները նույնիսկ գործ սարքել չգիտեն։

«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանն այնքան վստահ է, որ ինչ ուզի ներկայացնի իրեն հավատացող, երկրպագող զանգվածին, նրանք կհավատան, կհավատան ամեն տգիտության, ամեն կեղծիքի, և մենք հենց հիմա գործ ունենք այս նույն պատմության հետ։ Պետական հեղաշրջումը, ըստ իշխանությունների, կազմակերպվել էր անցած տարի, անցել է գրեթե մեկ տարի ու հիմա նոր է բացահայտվում, չգիտես ինչու, դրա մեջ Սամվել Կարապետյանի անունն են խցկում։ Օրեցօր էլ զուգարանի թղթի վրա անուն-ազգանուններ կգրեն ու այդ մարդկանց կձերբակալեն որպես վերջնական ապացույց, որ նրանք բոլորը պետական հեղաշրջման մասնակիցներ են և փորձ են կատարել գրավել իշխանությունը»,-ասում է Գագիկ Համբարյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30