«Ամեն ինչ սկսվեց մտքի տեռորից, որի պարագլուխն է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը», – դատարանի առջեւ, որտեղ քննվում է Բագրատ Սրբազանին եւ մյուսներին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը, հայտարարել է լրագրող, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը։
Գասպարյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի առաջնորդ է պահում ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը, այլ Թուրքիան։
«Ես բազմիցս եմ ասել, որ միակ արտաքին լեգիտիմությունը, որն այս իշխանությունն ունի, գալիս է պաշտոնական Անկարայից, եւ եթե Իրան-Իսրայել այս հակամարտությունը մեջ կընկներ, Սրբազան Հոր ձերբակալությունը գուցե շատ ավելի շուտ տեղի ունենար», – լրագրողներին փոխանցել է Աբրահամ Գասպարյանը։
«Աշխարհում չկա որեւէ պետություն, որ շահագրգռված լինի Հայաստանի դիրքերի թուլացմամբ․․․ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Չինաստանը, ո՛չ Հնդկաստանը, Իրանն առավել եւս, որովհետեւ կա ռազմավարական բալանսավորումների հարց», – մեկնաբանում է քաղաքական գիտությունների թեկնածուն՝ վստահություն հայտնելով, որ Թուրքիան Հայաստանին օգտագործում է Մեծ Թուրանի ճանապարհը հարթելու համար։
Կարդացեք նաև
Նախապատմություն
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել։ Նա մեղադրվում է ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ եւ իշխանության բռնազավթում նախապատրաստելու համար։ Քննչական կոմիտեն Հայաստանյայց եկեղեցու արքեպիսկոպոսին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ ՔԿ-ի հրապարակած ապացույցները՝ ձայնագրությունը, գործողությունների ծրագիրը, տարբեր թղթեր, շարժման մասնակիցները կեղծիք են որակում։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ