Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազանը կալանավորվեց երկու ամսով

Հունիս 26,2025 02:59

Երեւանում գիշերը ժամը 02:59-ին դատավոր Մասիս Մելքոնյանը բավարարեց Քննչական կոմիտեի՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը։

Նիստն անցկացվում էր դռնփակ ռեժիմով, սակայն դատարանի շենքի բակում հավաքված էին քաղաքացիներ, հասարակական եւ քաղաքական տարբեր գործիչներ, որոնք աջակցություն էին հայտնում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանին եւ մյուս ձերբակալվածներին։

Ներկա էին ինչպես ընդդիմադիր պատգամավորներ, օրինակ՝ «Հայաստան» խմբակցությունից Գառնիկ Դանիելյանը, Իշխան Սաղաթելյանը եւ Էլինար Վարդանյանը, այնպես էլ այլ հանրային դեմքեր, որպիսիք էին հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանը, «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը, նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը, քաղաքագետ Էդգար Էլբակյանը, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Ցոլակ Ակոպյանը, լրագրող եւ քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը, դիվանագետ Վահագն Մելիքյանը եւ այլք։

 

ԶԼՄ-ների հետ ճեպազրույցներում փաստաբան Հովհաննես Խուդոյանը նախքան դատական նիստի մեկնարկը լավատես չէր։ Նա կանխատեսել էր, որ դատարանը կբավարարի Քննչական կոմիտեի միջնորդությունը։

«Ինձ թվում է՝ մեր հասարակության մեջ որեւէ մեկի մոտ կասկած չի մնացել, որ եթե գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին, ապա ելքը կանխորոշված է», – համոզմունք էր հայտնել Խուդոյանը։

Ըստ Հովհաննես Խուդոյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների սոցցանցային գրառումները ապացուցում են, որ Բագրատ Սրբազանի եւ մյուսների քրեական հետապնդումները «նախապես պատրաստված քաղաքական օպերացիա է»։

 

Նախապատմություն

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել։ Նա մեղադրվում է ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ եւ իշխանության բռնազավթում նախապատրաստելու համար։ Քննչական կոմիտեն Հայաստանյայց եկեղեցու արքեպիսկոպոսին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ ՔԿ-ի հրապարակած ապացույցները՝ ձայնագրությունը, գործողությունների ծրագիրը, տարբեր թղթեր, շարժման մասնակիցները կեղծիք են որակում։

Կալանավորվել են շարժման այլ մասնակիցներ եւս․ Լիդյա Մանթաշյան, Միհրան Մախսուդյան, Արմեն Ալեքսանյան, Մովսես Շարբաթյան, Դավիթ Գալստյան, Արա Ռոստոմյան… Մի քանի ձերբակալվածների կալանավորման որոշումը հայտնի կդառնա միայն առավոտյան։

Բագրատ արքեպիսկոպոսի եւ իր համակիրների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների եւ նրանց մեղսագրվող ծանր հանցագործությունների առնչությամբ խոր մտահոգություն է հայտնել նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Գերագույն հոգեւոր խորհուրդը հայտարարությամբ էր հանդես եկել։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30